Դա վերաբերում է մասնավորապես «Օրինաց երկիր» կուսակցությանը, որի անդամ Մելիք Մանուկյանը («Բութուլ Մելո» մականունով, որին ՀՀ ԱԺ-ում ասում են՝ «Շշերի Մելիք»), պատգամավոր դառնալու համար Գառնիի բնակիչներին ոսկե սարեր էր խոստանում: Վերջինս, ունենալով շշերի գործարան, իր եկամուտները բազմապատկելուց բացի, երբեւէ չի հետաքրքրվում ընտրազանգվածով: Ասում են՝ ընտրությունների ժամանակ պաշտոնյաները գյուղացիների փրկչի դերը ստանձնած այցելությունների ու հանդիպումների հարցում շատ ուշադիր են, բայց ընտրվելուց հետո պատգամավորական մանդատը միայն սեփական գրպանին են ծառայեցնում: «ՕԵԿ»-ը խոցելի խմբի վրա է աշխատում՝ գյուղացիներ, հաշմանդամներ… «Դե՛ երեւի Բութուլը կախարդական գավազան չունի, որ մեր հարցերը լուծի…»,- ասում են նրանք:
Գառնիի բնակիչներն իրենց գյուղական կյանքը ծայրահեղ վատ են նկարագրում՝ ասելով, որ իրենց երեխաների ապագայի հարցում ծնողներն անկարող ու անօգնական են: Եթե, Աստված մի արասցե, մեկը հիվանդացավ, ուրեմն՝ պատշաճ բուժօգնության փոխարեն իրենք տնային պայմաններում են փորձում հարցերը լուծել: Օրինակ՝ Հովիկ Հովհաննիսյանն` ինքն իրեն հեգնելով, ասում է, որ ինքը մենինգիտ տարած մարդ է եւ 1990-ից մինչեւ հիմա միս չի կերել, թե ինչպես է օրգանիզմը գոյատեւում` ինքն էլ է զարմանում: Երեխաներն ամեն օր վերմիշել են ուտում, որովհետեւ ամենաէժանը դա է, որը ոչ թե գնում են, այլ պարտքով խանութից են վերցնում. «Ես ջհանդամ, իմ ոսկորը պինդ ա, որովհետեւ ժամանակին լավ եմ սնվել, բայց երեխեքի ոսկորները հիմա ջուր են, սրանք ծնված օրից մի քանի անգամ հազիվ միս կերած լինեն»,- պատմում է նա՝ ասելով, որ վերջերս 5-րդ դասարանցի իր աղջիկը՝ Լիդան, դասի ժամանակ սովածությունից ուշաթափվել է: Հասցրել են Գառնիի հիվանդանոց, ու պարզվել է` երեխայի ճնշումն ահավոր իջել է: Լիդայի մայրն այդ օրը հիշելուն պես սկսում է դողացնել. «Երեխուն անգիտակից վիճակում հասցրել ենք հիվանդանոց, մահանում էր, սիստեմա պիտի միացնեին, փող ուզեցին, բայց չունեինք: Սիստեման ձեռքիս` շվարել եմ, չեն մոտենում, որ միացնեն, քույրն ասում ա՝ փող տուր, միացնենք: Նենց էի ջղայնացել ու վիրավորվել, որ ասեցի` տանում եմ երեխուս, գնում եմ Առողջապահության նախարարություն, տեղեկանք տվեք, որ երեխեն մեռնի, պատասխանատու եք: Ստիպված միացրին, երեւի վախեցան»,- նեղսրտած պատմում է տիկին Եվան, ով 6 երեխաների մայր է: «Փարոսի» նպաստառու չեն, որովհետեւ Աբովյանի «Փարոսի» գրասենյակի պետը Եվային հոգսը թեթեւացնելու ձեռնտու տարբերակ է առաջարկում: Երբ 6 երեխաների մայրը նպաստ ստանալու խնդրանքով դիմել է նրանց, գրասենյակի պետը խորհուրդ է տվել 20 եւ 21 տարեկան աղջիկներին շուտափույթ ամուսնացնել, որպեսզի ընտանիքի հոգսը թեթեւանա: «Բայց ախր երեխեքի ճակատագրի հետ ո՞նց խաղամ, բախտի հարց ա, մեր հոգսը թեթեւացնելու համար ես երեխեքիս ո՞ւմ տուն բրախեմ: Ամուսնություն ա, հո խաղ ու պար չի՞: Կամիսիան եկավ` տունը նայեց, տեսավ երեխեքի կռավաթներն էլ չի հերիքում, ասեցին՝ ձեզ պարտադիր հասնում ա նպաստ: Հետո գնացի մոտներն, ասեցին` տղեդ չափահաս ա, չի հասնում»: 2-3 երեխա ունեցողները նպաստառու են, որովհետեւ 2-3 ամսվա նպաստը թողնում են աշխատողին, շահույթ ունեն: Պետության տրամադրած օգնություններից այս մեծ ընտանիքին բաժին չի հասնում, որովհետեւ, երբ դիմում են, ստանում են «վերջացել է» պատասխանը: Գյուղապետ Աշոտ Գաբրիելյանից գոհանալու կամ դժգոհելու խնդիր չունեն, որովհետեւ ղեկավարից ոչ մի հարցում կախում չունեն: 6 երեխաներից միակ տղան Համազասպն է, որը, 6 ամիս է, ծառայում է Մեղրիում, հիմա էլ հոսպիտալում կարմրուկով պառկած է: Նման պայմաններում մեծացած տղայի մարտունակությունը խիստ կասկածելի է: Ծնողները մղկտալով ասում են, որ զորակոչվելիս նույնիսկ տղայի երդման արարողությանը չեն մասնակցել ու մինչ օրս նրանից տեղեկություն չունեն, երբեւէ չեն այցելել: Ամուսինները երկուսն էլ հիվանդ են. Եվան շաքարախտով է տառապում, իսկ ամուսնու՝ Հովիկի տարած մենինգիտի հետեւանքները տանջում են նրան: Բնականաբար, երկուսն էլ աշխատանք չունեն: Ծնողներին օգնելու համար երկու դուստրերն աշխատում են լավաշի գործարանում: «Պատկերացրեք, որ բարեխիղճ մարդիկ դեռ կան: Գործարանի տնօրենը՝ Անդրանիկ Հակոբյանը շատ հոգատար ա, աշխատողներին պերերիվով, տրանսպորտի հարցով օգնում ա: Շատ խղճով մարդ ա, խեղճերին օգնում ա, շատ մարդկանց անշահախնդիր օգնել ա»,- ասում է տիկին Եվան՝ վստահեցնելով, որ, եթե աղջիկները լավաշի գործարանում չաշխատեին, ապա իր ընտանիքը սովից կմեռներ, որովհետեւ խանութում հացի պարտքի իր ցուցակը 100.000 դրամից ավելի է, իսկ աշխատողն այլեւս պարտքով հաց չի տալիս: Ասում է, որ իրենք արդեն մոռացել են գնումներ կատարելը, որովհետեւ ամեն ինչ վերցնում են պարտքով կամ կարմիր լոբու հետ փոխանակելով: «Մեր ունեցած փողը կարմիր լոբին ա, դրանով ենք առեւտուր անում»: 6 երեխաների հագուստը հարեւաններն են տալիս: Եվան կանչեց հարեւաններին ու մեզ խորհուրդ տվեց իրենցից հարցնել, թե ով ինչով է օգնում իրենց: Հոսանքը տնտեսելու համար ամեն օր խարույկ է վառում, որ ճաշ պատրաստի. «Արդեն զզվել եմ, գիտե՞ս, օջախ վառելուց, իսկականից զզվել եմ: Երեւի էս օջախն էլ ա հոգնել վերմիշելի սուպ եփելուց»: Շաքարային դիաբետով հիվանդ այս կինը ճանապարհածախսի գումար չունենալու պատճառով չի կարողանում գնալ Աբովյանից դեղորայք ստանալու: Գառնիում մասնագետ չկա, որպեսզի հիվանդին զննի ու համապատասխան դեղամիջոցը նշանակի: «Պիտի ամիսը 1 անգամ գնամ Աբովյան, անալիզ տամ, որ ստուգվեմ` նոր դեղ տան, բայց փող չկա: Էնքան եմ վատանում, կոմայի մեջ եմ ընկնում, հասցնում են հիվանդանոց: Կանչ էլ տալիս ես, պիտի համ 2000 դրամ բժշկուհուն տաս, համ էլ բենզինի փողը տաս»: Ի դեպ, գյուղացիների հավաստմամբ՝ Գառնիի պոլիկլինիկայում բոլոր ծառայությունները վճարովի են, հետեւաբար` անվճար բուժօգնությունն այս գյուղի վրա չի տարածվում: Իսկ շաքարախտով հիվանդին կարգ չեն նշանակում. «Ասում եմ՝ ինձ հասնում ա, ասում են՝ սրան 10 դոլար տուր, նրան 20 դոլար տուր, նրան էսքան տուր, որ կարգ տանք: Զզված էլ չենք դիմում: Գյուղացու վիճակը շատ դժվար ա, նենց չի, որ ասենք` դժվար ա, ու վերջ, ահավոր ծանր ա…»: Մտավախություն ունեն, որ այս տարի ամռանը բերք չեն ստանա, որովհետեւ չեն կարող ոռոգել հողամասերը, փոստում պարտքերի մեծ ցուցակ կա: Խմելու ջուրն էլ 1 ժամով են տալիս, տարաներով հավաքում են, որ ողջ օրն օգտագործեն: Գյուղացիներն ասում են, որ Գառնին Հայաստանի համար «բուտաֆորիա» է դարձել: Գեղեցիկ բնություն, մաքուր օդ, քաղաքի մեծահարուստներն ամառանոցներ են կառուցում գյուղում. «Դաչեն սարքում են, ամառը գալիս, հանգստանում են, խորովածի հոտն էլ գցում են քթներս ու ջիջիլ գցելով` հեռանում են»,- ծիծաղելով ասում են նրանք:
Կոլխոզ, սովխոզ, ռուբլի…
Առաքելյան Գայանեն վախենում է 2 երիտասարդ տղաների համար, որովհետեւ անգործությունից ամբողջ օրը փողոցներում թափառում են: Ասում է՝ մի որդին 10-րդ դասարանում է, իսկ մյուսը զինվորական ծառայությունը վերջերս է ավարտել: «Իրան ծեփում ա պատեպատ, ուզում ա աշխատի ու նեղվածությունից սաղ օրն իրան դուրս ա գցում: Ջահել տղա ա, վախենում եմ մի պատմության մեջ ընկնի»,- ասում է մայրը՝ պատմելով, որ տղան Ջրվեժում աշխատանք էր գտել, բայց ճանապարհածախսն աշխատավարձից շատ էր կազմում, դրա համար էլ հրաժարվեց աշխատանքից: Ասում է, որ բոլոր խանութներում ու կրպակներում հացի ու ծխախոտի պարտքեր ունի կուտակած: Տղան արդեն ամաչում է խանութից պարտքով ծխախոտ վերցնել եւ մորն է ստիպում, որ խանութպանից խնդրի. «Ես էլ ներվայնանում եմ, լաց եմ լինում, ես էլ եմ ամաչում, էլ երես չունեմ»,- ասում է տիկին Գայանեն: Ընտանիքում սոցիալական վիճակի պատճառով հաճախ վիճաբանություններ են լինում, 3 երեխաները, ամուսինները եւ սկեսուրն իրար են մեղադրում բոլոր չլուծված հարցերի համար: Գայանեի ամուսինն ինֆարկտ է տարել, չի դիմանում այդ մթնոլորտում: 80-անց սկեսուրն էլ ընկնում է հիշողությունների գիրկը, վերհիշելով այն տարիները, երբ կոլխոզ, սովխոզ կար, ու ինքը կարգին գումար էր աշխատում: Չքավորությանը չի համակերպվում ու փողի մասին խոսելիս դեռեւս ռուբլիով է հաշվարկներ անում. «Հիմա չենք ապրում, իլայի էլի…»,- ասում է Թամար տատը, ով առողջության մասին այլեւս հոգ չի տանում, որովհետեւ գիտի, որ հիվանդանոցում «կլպում են»: Հարեւանի հարսը օրերս ծննդաբերել է ու գրպանները դատարկելով տուն է գնացել:
Չենք կարում գյուղից կտրվենք
Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչներն ասում են, որ իրենք ծերանոցում են ապրում, որովհետեւ երիտասարդները գյուղից փախչում են: Բանն այն է, որ գյուղի բոլոր տները երկրաշարժից հետո տեղահան են լինում: Գյուղի հողի տակով ջուրը հոսում- գնում է մինչեւ Նուբարաշեն, որի պատճառով տան` երկրաշարժի ժամանակ առաջացած ճաքերը մեծանում են, ու տները փուլ են գալիս: 1977-ից Ողջաբերդում ապրող Պապայան Ջուլիետայենց տունն ավերվել է սողանքների պատճառով: Տարիներ առաջ պետությունը վնասը փոխհատուցել է, բնակարան են գնել, տղան ու հարսը երեխաների հետ տեղափոխվել են Երեւան, իսկ ամուսինները չեն կարողանում իրենց տնից հրաժարվել ու հեռանալ: Տիկին Ջուլիետայի տան մեջ կանգնելիս գլուխդ պտտվում է ու քեզ թվում է՝ ընկնում ես, որովհետեւ տունն ամբողջությամբ թեքվել է: Ստիպված ամուսիններով երկաթե վագոն են գնել, բակում տեղադրել են եւ այնտեղ են ապրում. «Սիրտս կտոր-կտոր ա լինում, ամբողջ կյանքդ տանջվես, տուն ու տեղ դնես ու ո՞նց հողն ու ջուրը թողես, հեռանաս: Մենք մեծ ենք, գյուղից չենք կարում կտրվենք»,- ասում է նա՝ միեւնույն ժամանակ նշելով, որ իրենք հաջողակ են, որովհետեւ 1998-ին իրենց տրամադրված 5 մլն դրամով կարողացել են տուն գնել, իսկ ներկայումս շատերը մնացել են պետության հույսին: Ողջաբերդ գյուղի շուրջ 150 ընտանիքների կյանքը վտանգված է, քանի որ նրանք ապրում են 2-րդ, 3-րդ, 4-րդ կարգի վթարային տներում: Ասում են, որ փոխհատուցման գումարի չափն այնքան քիչ է, որ չեն կարող բնակարան գնել: Շատերն իրենց բնակարանները թողած` երկաթե տնակներ են բերել ու այնտեղ են ապրում: