ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ «Հայաստան ծառատունկ» ծրագրի՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղում կազմակերպած սիմվոլիկ ծառատունկին երեկ մասնակցում էր նաեւ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նա գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի օգնությամբ երկու ծառ տնկեց:
Ի դեպ, նման միջոցառումների ժամանակ, մանավանդ` պաշտոնյաների համար, ծառ տնկելը շատ հեշտ է: Կամ փոսերը նախօրոք փորված են լինում, կամ էլ ավելի ցածրաստիճան մի պաշտոնյա նրանց համար փոս է փորում: Այդպես ով ասես ծառ կտնկի: Բայց եթե ծառ տնկող մեր մյուս պաշտոնյաները՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կամ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը հիշում են իրենց տնկած ծառերի մոտավոր քանակը, ապա Վ. Այվազյանը չէր հիշում, որովհետեւ իր ասելով` շատ-շատ է տնկել: Երկու ծառ տնկեցին նաեւ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ու իր տիկինը:
Վ. Այվազյանն այդ ընթացքում պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Մեր այն դիտարկմանը, թե Ռուսաստանի կողմից գազի սակագնի կրկնակի թանկացման եւ մեր էներգետիկ համակարգի գերակշիռ մասը նույն երկրին հանձնելու պատճառով` հնարավոր է, որ առաջիկա տարիներին Հայաստանում նորից էներգետիկ ճգնաժամ առաջանա, որն էլ իր հերթին բացասաբար կանդրադառնա մեր անտառային տնտեսության վրա (չէ՞ որ վառելափայտի համար անտառները նորից կոչնչացվեն, ինչպես 1990-ական թվականներին էր), բնապահպանության նախարարը համաձայն չէ:
«Դուք ինչի՞ համոզված չեք, որ մենք կարող ենք տակից դուրս գալ,- ասաց Վ. Այվազյանը: -Ես այն կարծիքին չեմ, որ մեզ էներգետիկ ճգնաժամեր են սպասվում: Գազի սակագնի բարձրացմանը զուգընթաց` կառավարության կիրառվող քայլերը սակագնի մեղմացման ուղղությամբ դուք արդեն տեսնում եք: Երկրորդ, այլընտրանքային էներգիայի աղբյուրների առումով այսօրվա դրությամբ կարող եմ ասել` տրամադրված է մոտ 60-ի կարգի փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվություն: Այսօրվա դրությամբ` մենք ունենք էներգիայի կամ էներգակիրների որոշակի առումով ավելցուկ»:
Պարոն Այվազյանը չէր հիշում՝ իր կուսակից պատգամավոր Հերմինե Նաղդալյանին Վայոց ձորի մարզում ՀԷԿ կառուցելու ջրօգտագործման թույլտվություն տվե՞լ է, թե՞ ոչ. «Ես չեմ կարծում, թե Հերմինե Նաղդալյանը ՀԷԿ կառուցելու իրավունք չպետք է ունենա, կամ ինչ-որ մեկին առանձնացնեմ,- ասաց նախարարը: -Ով կարող է կառուցել, բարի երթ»: