Մատենադարանի նոր ձեռագրերը

24/04/2006

Հաճախակի աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերն իրենց մոտ գտնվող հնագույն ձեռագրերը, կորստից փրկված մշակութային նմուշներն ու մասունքները Երեւանի հնագույն ձեռագրերի կենտրոնին` Մատենադարանին են նվիրաբերում: Մատենադարանը միշտ իր բարեկամներն ու մեկենասներն է ունեցել: Մասնավոր անձանց մոտ գտնվող մեր պատմության ու մշակույթի բեկորները` Մատենադարանում իրենց տեղը գտնելով, առավել ամբողջական են դարձնում մեր ժառանգությունը: Օրերս Մատենադարանում վերջին տարիների ընթացքում ստացված նվիրաբերություններից կազմված «Նոր ձեռագրեր» խորագիրը կրող սրահ է բացվել, որտեղ ներկայացված են 25 ամենաարժեքավոր ձեռագրերը. ավետարանները, շարակնոցները, տաղարանները, ժողովածուները եւ հմայիլները: Նոր ցուցանմուշների շարքերում կա նաեւ հնդկերեն լեզվով արմավենու տերեւների վրա արված ձեռագիր, եթովպերեն լեզվով գրված մագաղաթ: Իսկ ամենահիշարժան նմուշներից է 1282թ. Վասպուրականի «Նոր Կտակարանը»: Բացման արարողության ժամանակ Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանն իր շնորհակալությունը հայտնեց բոլոր բարերարներին, որոնց շնորհագրեր հանձնվեցին: Ձեռագրատունն այսօր իր մեկենասները, պատվո անդամները, բարեգործներն ու բարերարներն ունի: Վերջին 2 տարիների ընթացքում Մատենադարանը նոր բարեկամներ է ունեցել, որոնց շարքերում են Շառլ Ազնավուրը, Միխայիլ Բաղդասարովը, Մարատ Ջանվելյանը եւ շատ ու շատ այլ հայեր: «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի ստեղծման գաղափարը եղել է դեռեւս 1960-ական թվականներին, որը միայն 2001-ին է իրագործվել: Հիմնադրամի Պատվո նախագահ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը բացման կապակցությամբ օրհնության խոսք ասաց եւ նշեց, որ հին ձեռագրերը սեփական ինքնությունը հասկանալու ամենալավ միջոցն են: