Երեւանյան ապրիլը ջազի ամիս է: Արդեն հինգերորդ անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը «Ջազի օրեր» փառատոն է կազմակերպում: Նախորդ տարիներին անցկացված փառատոներն ավելի շատ մասնակիցներ ու միջոցառումներ էին ներառում, եւ ոչ հաճախ` բարձրակարգ մասնակիցներ ընդգրկում: Այս տարվա համերգներն ու միջոցառումներն ավելի սակավաթիվ ու ավելի ուշագրավ են երեւում: Փառատոնը սկսվելու է ապրիլի 26-ին «Ջազի գույներ» երիտասարդ նկարիչների ջազային գունանկար-իմպրովիզացիաներով: Ջազը մշակութային այն շերտն է, որը եւ նկարչությունում, եւ կինոյում, եւ պարարվեստում թողել է իր հետքը: Դրա ապացույցը կդառնան փառատոնի օրերին Ազգային պատկերասրահի կինոդահլիճում ցուցադրվող Քեւին Բերնսի «Ջազ» բազմասերիանոց վավերագրական ֆիլմն ու Պարոնյանի անվան թատրոնում ներկայացվող «Ամերիկյան սյուիտ» պարային ներկայացումը: Իսկ ջազի հին ու նոր շունչը հայ հանդիսատեսը կարող է զգալ Նյու Յորքից ժամանող երգչուհի Ջուդի Բեյդի եւ նրա քառյակի եւ հայ ջազի վարպետների շնորհիվ: