Ամոթանքն իրավական կատեգորիա չէ

22/04/2006

Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, որով արձանագրվեց, որ Երեւանի կենտրոնում իրենց տներից մարդկանց վտարելու` կառավարության որոշումները հակասահմանադրական են, ըստ էության, ոչինչ չտվեց։ Համենայն դեպս` քաղաքացիների կրած վնասները փոխհատուցելու մասին ՍԴ որոշման մեջ ոչ մի բառ չկար։ Այլ կերպ ասած, տուժածներն ընդամենը բարոյական հաղթանակ տարան։

Իսկ հիմա պատկերացրեք` շուկայում ոստիկանը հենց «հանցանքի վայրում» բռնում է գրպանահատին, տուժողի ներկայությամբ նրան մի լավ ամոթանք տալիս («բա չես ամաչո՞ւմ, էլ այդպիսի բան չանես») ու բաց թողնում` մոռանալով ստիպել վերադարձնել գողացածը (պատժի մասին ընդհանրապես չենք խոսում)։ Չգիտենք` կարելի՞ է սա արդարադատություն անվանել, թե՞ ոչ, բայց որ տուժողներին ոստիկանի տված ամոթանքը չի գոհացնի` դա հաստատ։ Չէ՞ որ նրանց ունեցվածքը ոչ թե «բարոյապես» է խլվել, այլ ուղղակի իմաստով։