Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ տեղեկացնում են այն մասին, որ վրացական հանքային ջրերը Ռուսաստանում կարող են արժանանալ գինիների ճակատագրին: Հնարավոր է, որ ՌԴ-ն արգելի նաեւ դրանց ներմուծումը, ինչը Վրաստանի վարչապետը համարում է «բացառապես քաղաքական քայլ»: Ռուսաստանի շուկայում մեծ տեղ ունեցող «Բորժոմի» ապրանքատեսակի ներմուծման արգելմամբ, ՌԴ-ն այլ երկրների հանքային ջրերի նկատմամբ մեծ պահանջարկ կունենա: Այս փաստի առնչությամբ ոգեւորված են նաեւ հայաստանյան արտադրողները: Նրանցից շատերը հույս ունեն մեծ ծավալներով մտնել ռուսական շուկա: Իսկ Հայաստանի հանքային ջրերի շուկայում ամենամեծ չափաբաժինն ունեցող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը նման որոշումն ընդունելու դեպքում մեծ ակնկալիքներ ունի: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ընկերության նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանը: Նա, սակայն, գտնում է, որ «Բորժոմին» Ռուսաստանում հեշտությամբ կեղծվող ապրանքատեսակներից է, եւ դրա ներմուծման արգելումն «ավելի շուտ օրինական արտահանողների ճանապարհը կփակի, քան` կեղծողների»: Այնպես որ, դեռ վաղ է հայկական արտադրողների ուրախությունը, հատկապես, երբ պարզ չէ, թե որ երկրի հանքային ջրերը կզբաղեցնեն «Բորժոմիի» տեղը: