2003թ. ընտրությունները կեղծվել են

22/04/2006

Գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթը երեկ հրապարակել է հարցազրույց ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Հարցազրույցում ԱԺ խոսնակն ընդգծել է 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունների կարեւորությունը Հայաստանի համար: Հարցին, թե 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ կհետեւի՞ արդյոք Միխայիլ Սահակաշվիլիի եւ Վիկտոր Յուշչենկոյի օրինակին, ովքեր նախկինում կառավարության մաս էին կազմում, բայց երբ տեսան, որ իշխող ուժերը չեն կարողանում բարեփոխումներ իրականացնել, թողեցին կառավարությունն ու գունավոր հեղափոխությունների առաջնորդներ դարձան, Արթուր Բաղդասարյանը պատասխանել է. «Ես կողմ եմ բարեփոխումներին: Բոլոր նրանք, ովքեր դեմ են խաղաղ ճանապարհով դրանց անցկացմանը, նպաստում են հեղափոխությունների իրականացմանը, սակայն հեղափոխությունը 21-րդ դարում ճիշտ ճանապարհ չէ»: «Մենք պայքարում ենք բարեփոխումների շարունակականության համար, եւ դրա համար մեզ պետք են արդար ընտրություններ»,- շարունակել է ՀՀ ԱԺ նախագահը: Ըստ Ա. Բաղդասարյանի, նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կեղծել ընտրությունները, պետք է հասկանան` Հայաստանում այդ ժամանակներն անցել են, եւ «եթե առաջիկա նախագահական ընտրությունները կեղծվեն այնպես, ինչպես 2003-ին, դա կարող է լուրջ փոփոխությունների բերել»: «Դրա հետ չեն համակերպվի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ուժերը»,- եզրափակել է Ա. Բաղդասարյանը: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ ԱԺ խոսնակն անուղղակի ձեւով հայտարարել է, որ 2003-ի նախագահական ընտրությունները կեղծվել էին: