«Թալան-սեփականաշնորհման» փաստերը` Դատախազությունում

22/04/2006

Պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 2001-2003թթ. նախապատրաստել եւ կառավարության որոշումներով օտարել է 206 անվանում պետական սեփականություն հանդիսացող գույք: Կառավարության 1994թ. թիվ 92 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները պետք է վաճառվեն միայն աճուրդային եղանակով: Բայց 206 անվանում գույքից միայն 85-ն է վաճառվել աճուրդով, մնացած 121 անվանում գույքից 109-ը օտարվել է ուղղակի վաճառքի ձեւով, իսկ 12-ը` մրցույթով: Որպես կանոն, վաճառվող գույքը ներկայացվել է գնահատման «Ընկերությունների աջակցման եւ պետական գույքի գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին: Վերջինս, խախտելով ՀՀ կառավարության 1994թ. թիվ 92 որոշումը, սահմանել է ոչ թե գույքի մեկնարկային գինը, այլ իրականացրել է գնահատում «հաշվեկշռային մեթոդով»: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնահատումը կրել է ձեւական բնույթ: Օտարումները կատարվել են այլ՝ շատ անգամ ավելի ցածր գներով: Դատախազությունն իր պատասխանի մեջ նշել է, որ Պետգույքի կառավարման վարչության նման մոտեցումը պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործընթացում ՀՀ պետբյուջեին զգալի վնաս է պատճառել, քանի որ անշարժ գույքը գնահատվել եւ օտարվել է իրական (միջին շուկայական) արժեքից ակնհայտ պակաս արժեքով: Օրինակ, «Սապֆիր» ՓԲԸ-ին պատկանող «Ծաղկաձորի» հանգստյան գոտին»` 814, 92քմ մակերեսով շինությունը եւ 0,22 հա զբաղեցրած հողատարածքը կառավարության 2002թ. հուլիսի 25-ի թիվ 1699-Ն որոշմամբ ընդամենը 3 մլն դրամով վաճառվել է քաղ. Տիգրան Պետիկյանին` 2 տարում 1,5 մլն դրամ ներդնելու պայմանով: Գույքի գնահատված արժեքը (հաշվեկշռային մեթոդով) եղել է 0,908 մլն դրամ, այն դեպքում, երբ կառավարության 2001թ. հուլիսի 31-ի թիվ 695 որոշմամբ հաստատված կարգի համաձայն, դրա նվազագույն արժեքը կկազմեր 8149,2 ԱՄՆ դոլար (1մք-10 դոլար): Նույն ՓԲԸ-ին պատկանող Երեւան քաղաքում գտնվող 3000 քմ մակերեսով պահեստային շենքը նույն որոշմամբ 6 մլն դրամով օտարվել է Լիդա Մարգարյանին` 3 տարում 5 մլն դրամ ներդրում կատարելու պայմանով: Ընդ որում, պահեստի գնահատված արժեքը եղել է 35,595 մլն դրամ, սակայն գնորդը վճարել է գնահատված արժեքի ընդամենը 16,8 տոկոսը: Մեկ այլ դեպքում կառավարության 2003թ. 1058- Ն որոշմամբ 100.000 դոլարով, ուղղակի վաճառքով, «Սպեյշլթի» այ քեըր» բժշկական կենտրոնին է օտարվել Մոսկովյան 15 հասցեում գտնվող 1134,3 քմ մակերեսով եւ 109.495,2 հազ.դրամ արժեքով «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ- ի շենքը` 5 տարում 50.000 ԱՄՆ դոլար ներդնելու եւ 5 տարի ժամկետով գործակալությանը տարածք տրամադրելու պայմանով:

Դատախազության պատասխանի մեջ նշված է, որ Պետգույքի կառավարման վարչության նման մոտեցումը պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործընթացում ՀՀ պետբյուջեին զգալի վնաս է պատճառել, քանի որ անշարժ գույքը գնահատվել եւ օտարվել է իրական արժեքից ակնհայտ պակաս արժեքով: Այն դեպքում, երբ պետական կազմակերպությունների կարիքների համար շենքեր չեն տրամադրվում, իսկ մեկ այլ դեպքում` պետական շենքերը ցածր եւ արտոնյալ գներով`օտարվում են մասնավոր անձանց: Փաստերի առթիվ բացատրություններ են վերցվել Պետգույքի կառավարման վարչության աշխատակիցներից, ովքեր չեն կարողացել հստակ ներկայացնել, թե ինչ կարգով է կատարվել գույքի օտարումը: Ընդ որում, ուղղակի վաճառքի կամ մրցույթի ձեւով իրականացված գույքի գնահատումը եւ օտարումը կատարվել է կամայականորեն, առանց որեւէ կարգի պահպանման: Ավելին՝ գույքի օտարման վերաբերյալ Կառավարության հաստատմանը ներկայացվող որոշումների նախագծերը, որպես կանոն, կրել են անձնավորված բնույթ, արտահայտելով առանձին անհատների շահերը: Մասնավորապես, հիշատակված աշխատակիցները գույքը գնահատել են ոչ թե գործող օրենքներին համապատասխան, այլ օտարվող գույքի արժեքը հարմարեցրել են գնորդի կողմից առաջարկվող գումարի չափին: Բացահայտված խախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու, այդպիսիք հետագայում բացառելու նպատակով միջնորդագիր է ներկայացվել այդ վարչություն: Ի դեպ, ուսումնասիրության արդյունքը ներկայացվել է նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին:

Դատախազության այս պատասխանի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԺ փոխոսնակ, հանրապետական Տիգրան Թորոսյանից: Պարոն Թորոսյանը նախ ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ փաստաթղթից եւ հետո՝ Դատախազությունը եթե փաստեր է հայտնաբերել, թող գործ հարուցի:

«Կարծում եմ, այդ փաստաթուղթն իրենից ոչինչ չի ներկայացնում,- 2001-2003թթ սեփականաշնորհման ծրագրի մասին այսպես արտահայտվեց ԱԺ հանրապետական փոխխոսնակը: -Դա ընդամենը թվային տվյալներ է ներկայացնում: Եթե անօրինական գործարքներ կային, պետք է շատ ավելի շուտ ներկայացվեին: Ցավալի է, որ այդ ամբողջ քննարկումն աղմուկ է եւ չի համապատասխանում հարցի էությանը»:

Քանի որ Դատախազության պատասխանը բավական ուշ՝ օրվա վերջում է ստացվել, կառավարության կամ Պետգույքի կառավարման վարչության պատասխանը դեռ չի հնչել: Այն կստանանք հավանաբար վաղը:

Ա.Ա.