Թվում էր` դեռ ոչ ոք չի մոռացել 2003թ. նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, որով ընդդիմության եւ իշխանությունների համար որպես միջանկյալ տարբերակ ընտրվեց վստահության հանրաքվեի անցկացումը, որն այդպես էլ տեղի չունեցավ: Սակայն, պարզվեց, դրանք ընդամենը ենթադրություններ էին:
Իհարկե, շատերը, նաեւ ընդդիմությունից, բավական ուշ գլխի ընկան, որ ՍԴ-ն համանման որոշում կայացնելով իրականում նպատակ ուներ կասեցնել ընդդիմության հանրահավաքների ալիքը, որն այն ժամանակ սպառնում էր վերաճել լուրջ շարժման, ու մտածում էին, թե ՍԴ-ն «համարձակ» որոշում էր կայացրել գործող իշխանություններին վստահության հանրաքվեի պահանջ ներկայացնելով: Սակայն, ինչպես տեսաք, վստահության կամ անվստահության որեւէ հանրաքվե տեղի չունեցավ, ու նույնիսկ ՍԴ-ն, որը պարտավոր է հետեւել իր որոշումների իրականացմանը, մոռացավ, թե նման բան ասել էր:
Երեքշաբթի օրը ՍԴ-ն համանման հաջորդ որոշումը կայացրեց Բուզանդի բնակիչներին իրենց սեփական տարածքից ապօրինաբար վտարելու վերաբերյալ: Սակայն` դատելով դահլիճում հնչող չդադարող ծափահարություններից, հասկանալի դարձավ, որ ոչ ոք չի հասկացել, որ ՍԴ որոշումն իրականում ոչ թե ժողովրդի օգտին էր, այլ իշխանությունների, որոնց ՍԴ-ն հերթական անգամ հնարավորություն տվեց օրինականացնել իրենց կողմից կայացված անօրինական որոշումները: ՍԴ կայացրած վերոնշյալ երկու որոշումների դեպքում էլ, ըստ գնահատականների, մոտեցումը նույնն է` «ցրողական»: Այսինքն` ՍԴ-ն` ի դեմս իշխանությունների, ամեն ինչ արեց, որպեսզի այս անգամ էլ կասեցվեն Բուզանդի բնակիչների բողոքները, որոնք սպառնում էին հասցնել Եվրոդատարան:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը վստահ է, որ այս հարցում հաղթողներ կամ պարտվողներ չեն եղել: Այսինքն` ոչ կառավարությունն է հաղթել, ոչ օմբուդսմենը, ոչ էլ ժողովուրդը: Պարզապես, ինչպես նշեց Գ. Սահակյանը, նոր ընդունված սահմանադրության մեջ «իմպերատիվ պահանջ կա, որ նախ անհրաժեշտ է օրենք ունենալ, օրենքով պարզել սցենարի դրսեւորումները, հետո անցնել գործողություններին: Հենց դա էր պատճառը, որ նաեւ ՍԴ-ն հորդորեց, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը համապատասխան օրենսդրություն լինի` անկախ նրանից, թե ինչպիսի լուծումներ կունենանք բողոքարկող կողմին բավարարելու համար, որպեսզի այսուհետեւ ոչ տարընթերցումների տեղ լինի, ոչ էլ վեճեր լինեն»:
Սակայն քիչ անց հաղթողներ-պարտվողներ չտեսնող ու չորոնող Գալուստ Սահակյանը խոստովանեց, որ ՍԴ որոշումը բոլորի հաղթանակն է, որը կայացվել է «համատեղ գործունեության» արդյունքում: «Այստեղ ես տեսնում եմ նաեւ օմբուդսմենի ինստիտուտի մոտեցումները, որն ինչ-որ տեղ նաեւ հավատ կվերականգնի ժողովրդի մեջ: Իսկ ամբողջական գործունեության մեջ տեսնում եմ կառավարության, նախագահի եւ ՍԴ մասնակցությունը»,- հայտարարեց նա` կոչ անելով «նորովի նայել նման հարցերին եւ երբեք պարտվողներ ու հաղթողներ չտեսնել»:
ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք` արդյոք պատասխանատվություն չի՞ ենթադրում ՍԴ որոշումը, որտեղ արձասնագրվել է, թե տեղի են ունեցել անօրինականություններ: Պարզվում է` ոչ: Համենայնդեպս, Գ. Սահակյանը գտնում է, որ այն, ինչ արվել է, արվել է երկրի «պատմության շինարարության» համար եւ ունեցել է համապետական բնույթ: «Իհարկե, նման դրսեւորումներ (խոսքն անօրինականությունների մասին է.-Լ.Ս.) կան նաեւ ՍԴ որոշման մեջ, բայց այդտեղ խնդիրը վերաբերում էր ոչ թե նրան, որ կառավարությունն ինքն է հակասահմանադրական գործողություններ իրականացրել, այլ նրան, որ եւ գործադիրը, եւ օրենսդիրը Սահմանադրությունից բխող օրենսդրություն պետք է մշակեն, որպեսզի նման երեւույթները հակասահմանադրական չճանաչվեն: Չենք ունեցել այդ օրենքները, բայց ունեցել ենք պատմական նախագծեր, որոնց կիրարկման հնարավորությունը դատարանը չի ունեցել դատական նիստում համապատասխան որոշում կայացնելու ժամանակ»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:
Մեր հիշեցմանը, թե Հայաստանը նման հարցերը կարգավորող օրենսդրություն ունի, եւ ՍԴ պահանջը վերաբերում էր նրան, որ Կառավարությունը պետք է իր կայացրած անօրինական որոշումները համապատասխանեցնի սահմանադրության համապատասխան հոդվածներին, Գ. Սահակյանն ասաց. «Իհարկե, ՍԴ-ն սահմանադրության հետ հակասություններ տեսավ ու դրա համար էլ ոչ միայն այդ գործառույթները վերանայելու ու համապատասխան որոշումներ կայացնելու խնդիր դրեց, այլեւ օրենսդրական դաշտ ստեղծելու»:
Իսկ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավոր Աղասի Արշակյանի հավաստմամբ, եթե ՍԴ որոշումը հետեւանքներ չունենա, ապա այն ընդամենը «ինչ-որ թղթի կտորի ուժ կունենա»: «Հուսանք, որ կլինեն հետեւություններ: Իսկ եթե դա լինելու է 2003թ. ՍԴ-ում նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկմանը հետեւած որոշման նման մի թուղթ, ուրեմն դա ոչ մի բանի պետք չի գա, եւ ակնհայտ կդառնա, որ այն ընդամենը մարդկանց կրքերը հանդարտացնելու նպատակ հետապնդող որոշում է: Եթե հետեւանքներ չի ունենալու նաեւ այս որոշումը, ուրեմն կարող եմ այն համարել այն որոշման երկվորյակ եղբայրը»,- ասաց Աղասի Արշակյանը:
Իսկ հետեւանքը, ըստ «ԱՄ» պատգամավորի, մեղավորներին պատասխանատվության ենթարկելն է: «Պետք է լուծվի այն չինովնիկների հարցը, ովքեր այդ մարդկանց նկատմամբ բռնություններ իրականացրեցին եւ տները խլեցին` չտալով համապատասխան փոխհատուցում: Եթե դրանք չեն լուծվելու, ուրեմն պետք է խոսվի այն մասին, որ ՍԴ-ն մեր հասարակական կյանքում ոչ մի բովանդակային դերակատարություն չունի: Իսկ այդ դեպքում արդեն պետք է բարձրացվի մեկ այլ հարց` մեզ պե՞տք է Սահմանադրական դատարան, թե՞ ոչ»,- գտնում է նա: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի պոռթկումներին, թե ՍԴ-ն ու օմբուդսմեն Արմեն Հարությունյանն «աջակցեցին» իրենց հարցի կարգավորմանը, ապա Ա. Արշակյանը նշեց. «Ցավոք, մեր ժողովուրդն ամեն անգամ հույս է կապում այս իշխանությունների հետ, ու ամեն անգամ հուսախաբվում է: Քանի որ մեր տառապանքը փորձ ունի, ուստի պետք է սպասել, թե ինչ կլինի»: Ա. Արշակյանը, որը սպասում է որոշման հետեւանքներին, նաեւ խոստովանեց, որ ինքն այս իշխանությունների հետ այլեւս որեւէ հույս չի կապում, եւ որ ինքն իր բոլոր սպասելիքները վաղուց տեղափոխել է հետիշխանափոխության շրջան: