Նախագահը ոչ միայն կարդում է, այլեւ ընդգծում

22/04/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ Գառնիկ Իսագուլյանին հաջողվել է ստեղծել Քաղաքական հետազոտությունների պետական ինստիտուտ, որն, ի դեպ, գործելու է նախագահական նստավայրին կից եւ ֆինանսավորվելու է պետական բյուջեից: Գ. Իսագուլյանն այդ ինստիտուտի խորհրդի նախագահն է, իսկ տնօրեն էլ նշանակվել է ոմն Հովիկ Ասրյան: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ ինստիտուտը ստեղծվել է դեռեւս երկու տարի առաջ, ընդ որում, ՀՀ Կառավարությունը 2004թ. հունիսի 10-ին այդ մասին հատուկ որոշում է կայացրել, սակայն այդ մասին Գ. Իսագուլյանն այսօր է բարձրաձայնում: «Երկու տարի առաջ եղել է ինստիտուտի ստեղծման որոշում, բայց մինչեւ այն իրականություն դարձավ, բավական երկար ժամանակ տեւեց»,- բացահայտեց Գ. Իսագուլյանը: «Ես ասում եմ, եթե չլիներ հանրապետության նախագահի անմիջական ու ամենամեծ աջակցությունը, ապա դժվար է ասել, թե այդ որոշումն ինչ ընթացք կունենար»,- ասաց նա: Բացի ինստիտուտի ստեղծումից, պետական բյուջեից գումարներ հատկացնելուց, ՀՀ Կառավարության որոշմամբ Իսագուլյանի ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով բավական մեծ տարածք է հատկացվել՝ Արշակունյաց 44 հասցեում գտնվող 5 հարկանի մի շենք, որը մոտ 6 ամսից արդեն պատրաստ կլինի:

Իսկ ինչո՞վ է զբաղվելու այդ ինստիտուտը: Վերջինիս հիմնական խնդիրը ՀՀ նախագահին վերլուծական նյութեր տրամադրելն է: Նրանք փորձագետների միջոցով ուսումնասիրելու են ամենատարբեր քաղաքական թեմաներ: Բայց, օրինակ, Ղարաբաղի հարցը կամ մեր չորս հարեւան երկրների հետ կապված զարգացումները լինելու են Իսագուլյանի անընդհատ ուշադրության կենտրոնում: Հետո այդ թեմաների վերաբերյալ զեկուցագրերն ու վերլուծություններն ամեն շաբաթ դրվելու են նախագահի սեղանին: Բացի ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանից, ինստիտուտն անվճար կարգով հետազոտություններ ու վերլուծություններ է անելու նաեւ ՀՀ Կառավարության, ՊՆ-ի եւ ԱԳՆ-ի համար: Իսկ մնացած բոլոր դեպքերում այդ ուսումնասիրությունների համար պատվիրատուները վճարելու են: Երեկ Գ. Իսագուլյանն ամեն կերպ հավաստիացնում էր, որ իրենք պատրաստ են համապատասխան ուսումնասիրություններ ու վերլուծություններ կատարել ոչ միայն հայրենի ընդդիմության պատվերով, այլ անգամ եթե այդպիսի վերլուծություն ուզենա ունենալ Կոնդոլիզա Ռայսը, միայն թե նրանք համապատասխան աշխատանքի համար պետք է վճարեն: Իսկ մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանի համար արվող հետազոտությունները 2006թ. հարկատուներին արժենալու են 107 միլիոն դրամ (մեր տվյալներով` եւս 60 մլն էլ տրամադրվել է նախագահի ֆոնդից): Իսագուլյանը ծրագրում է նաեւ ինստիտուտի ներկայիս 43 հոգանոց կազմը հասցնել 72-ի, աշխատավարձի նվազագույն բազան էլ` 150 հազար դրամի: Իսկ թե ովքեր են այդ ինստիտուտի վերլուծաբանները, երեկ Գ. Իսագուլյանն ամեն կերպ թաքցնում էր` խոստանալով բացահայտել առաջիկայում: Նա բավարարվեց միայն հայտարարելով, թե այդ ինստիտուտի կազմում կան նաեւ ընդդիմադիր կեցվածք ունեցող վերլուծաբաններ:

Ի դեպ, երեկ, իրենց զեկուցագրերի հետ կապված, Գ. Իսագուլյանը մեկ թերություն մատնանշեց. «դրանք երբեմն շատ ծավալուն են ստացվում, քանի որ նյութն ինքն էլ է մեծ ծավալ պարունակում»: Ու քանի որ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Ռ. Քոչարյանը հպարտությամբ հայտարարել էր, թե ինքը կարդալ չի սիրում, երեկ ասուլիսից հետո Գ. Իսագուլյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Քոչարյանն այդ վերլուծությունները կարդալո՞ւ է: «Մեր մինչեւ 100 էջանոց վերլուծությունները հանրապետության նախագահը ոչ միայն մանրամասն կարդում է, այլեւ ընդգծումներ, դուրսգրումներ է անում: Այնպես որ, դուք պետք է ճիշտ հասկանայիք, թե նախագահն ինչ է սիրում կարդալ եւ ինչ չի սիրում կարդալ: Եվ հետո, նա ընդհանրապես շատ է կարդում»,- ասաց Իսագուլյանը: