Կոռումպացված երկիր եք

22/04/2006

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկօրյա նիստի արդյունքում ընդունված առաջարկությունների փաթեթում ՀՀ-ի համար մի քանի տհաճ դիտողություններ են արձանագրվել:

Մասնավորապես, ԵՄ ներկայացուցիչները փաստել են, որ ՀՀ-ն այսօր կոռումպացված է, եւ այդ կոռուպցիան խոչընդոտում է երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը: Նրանք կոչ են արել ՀՀ իշխանություններին առավել լիարժեք պայքարել այս արատավոր երեւույթի դեմ: «Սա պետք է հրատապ խնդիր դիտվի եւ իրականացվի»,- ասել են նրանք: Բացի այդ, ԵՄ ներկայացուցիչները շատ են կարեւորում ՀՀ-ում «բոլորին հայտնի եվրոպական չափանիշներին հարիր» ընտրությունների անցկացումը: Առաջիկա ընտրություններին ԵՄ ներկայացուցիչները պատրաստվում են մասնակցել դիտորդի կարգավիճակով` ստուգելու համար, թե որքանով է ՀՀ-ում գործում քաղաքական կամքը: Սակայն որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ՀՀ-ին լրիվ անտեսել են, նրանք ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրում մի քանի հայանպաստ առաջարկներ են արել: Մասնավորապես, միաձայն ընդունվել է, որ ԼՂՀ հարցում պետք է կիրառվեն ազգերի ինքնորոշման եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները, պետք է բացառվի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին սպառնալիքներն ու խոսակցությունն անգամ, բացի այդ, ԼՂ հանրապետության` միջազգայնորեն չճանաչված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որ չհարգվեն այնտեղ բնակվող մարդկանց իրավունքներն ու ազատությունները, անվտանգության հստակ երաշխիքներ պետք է լինեն եւ այլն: Սակայն, այս ձեւակերպումները վերջնական չեն եւ եվրոպացիները նույն հարցերը քննարկելու են նաեւ ադրբեջանցիների հետ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, դաշնակցական Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ադրբեջանցիներն անպայման փորձելու են եթե ոչ բացառել, ապա նվազեցնել հայանպաստ ձեւակերպումները: Սակայն ըստ նրա, դա այնքան էլ հեշտ չի լինի: «Այս փաստաթուղթը ադրբեջանցիներն էլ են մշակելու, եւ փորձելու են շտկել հարցադրումները, բարենպաստ դարձնել իրենց համար: Այդ հնարքն օգտագործվելու է: Բայց հանձնաժողովի եվրոպական մասը, որ ստորագրել է այս փաստաթղթի տակ, պաշտպան է դառնալու տեքստին, եւ ադրբեջանցիների համար շատ դժվար է լինելու «շտկումներ» անելը»,- նկատեց Ա. Ռուստամյանը: Իսկ նիստից հետո հրավիրած ասուլիսի ժամանակ նա ասաց, թե հանձնաժողովի նախագահ Մարի Անն Իզլեր Բեգենն էլ այս կապակցությամբ հատուկ շեշտեց. «Հուսով եմ՝ Ադրբեջանը կընդունի ազգերի ինքնորոշման սկզբունքը»: Նրա խոսքերով, ՀՀ-ի եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է իրենց երկրների հասարակություններին նախապատրաստեն ԼՂ հակամարտության կարգավորմանը, եւ սովորեն ապրել հարեւանների հետ կողք կողքի հաշտ ու համերաշխ: «Այս հակամարտությունը խաղաղությունից բացի` այլ լուծում չպետք է ունենա»,- ասաց Մարի Անն Իզլեր Բեգենը:

Ա. Գ.