Մոռանալ Հերոստրատին

22/04/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Քրիստոսի ծննդից առաջ, 356 թվականին Հերոստրատն այրեց Արտեմիսի տաճարը, որպեսզի տիրանա փառքի եւ մարդկության հիշողության մեջ հավերժացնի իր անունը։ Դա նրան, կարծես թե, հաջողվեց։

Քրիստոսի ծննդից հետո 1980 թվականին ամերիկացի Մարկ Չափմանը սպանեց հանրահայտ բիթլ Ջոն Լենոնին։ Հանցավոր իր այդ քայլը Չափմանը բացատրել էր Լենոնի փառքը խլելու, այսինքն՝ Լենոնից ավելի հանրահայտ դառնալու մոլուցքով։ Իմանալով սպանության այս դրդապատճառը, լրատվամիջոցները միահամուռ կերպով որոշեցին չգրել եւ չխոսել Չափմանի մասին։ Նա շատ արագ մատնվեց մոռացության։ Ավելի ուշ «փառասեր» ոճրագործը խոստովանել էր. «Ես դարձա ավելի մեծ ոչնչություն, քան առաջ էի»։

Տեղեկատվություն ստանալու իրավունքը բրազիլական սերիալի եւ խոսքի ազատությունն ամեն ինչ ասելու հետ շփոթող մի շարք լրագրողուհիներ ժամանակին փորձում էին լուրջ-լուրջ հարցազրույցներ վարել Նաիրի եւ Կարեն Հունանյանների հոր հետ, չկասկածելով անգամ, որ Հայաստանի ուղղիչ հաստատություններում կան նմանատիպ բազմաթիվ գլխակերներ, ում հոր, հորեղբոր կամ քեռու կարծիքը ոչ ոք չի հարցնում։

Տեղեկատվություն ստանալու մեր իրավունքն, անշուշտ, խախտված կլինի, եթե ինչ-որ բան պակաս իմանանք, բայց երբեմն այդ իրավունքը խախտվում է ինչ-որ բան ավելի իմանալուց։ Հեռուստացույցի էկրաններին ու լրագրերի էջերում ժամանակ առ ժամանակ մի մարքսիստ է հայտնվում, ում մտքերն առաջին ու միակ անգամ գուցե հետաքրքրությամբ լսվեին, բայց մարքսիստի հայտնության հաճախականությունը երբեմն գերազանցում է պատկերն ու ձայնն ընկալելու մեր հնարավորությունը։ Ի՞նչ դեր ունի այդ մարդը հայկական քաղաքականության մեջ, պարզ չէ։ Ի՞նչ ազդեցություն ունի եւ ո՞ր շրջանակների վրա, դա էլ պարզ չէ։ Պարզ է միայն, որ լրագրողների ու լրատվամիջոցների ղեկավարների կարծիքով սույն մարքսիստը «խոխմա դեմք» է, եւ, ամենակարեւորը, երբեք չի ասում մի բան, որը կարող է դուր չգալ իշխանություններին։

Այսպիսի մարդկանց համար ժամանակին կար Կոմայգին, մասնավորապես` Պեպոյի արձանի շրջակայքը, ուր հասարակության վրա որեւէ ազդեցություն չունեցող մարդիկ առավոտից իրիկուն հավաքվում ու խոսում էին (չշփոթել ֆուտբոլասերների հետ) ամեն ինչի մասին՝ սկսած Գրիգոր Լուսավորչի հայ չլինելուց` մինչեւ Ստաս Նամինի հայ լինելը։ Մարգինալ այս աղմուկի մեջ ինչ-որ հմայիչ բան կար։ Ես էլ շատ հաճախ գործից տուն գնալու ճանապարհին կանգնում ու լսում էի` «Անդրանիկը Դրոյին ասեց, արա…» ականատեսի վկայությունը կամ էլ Դրոյի «փաստաբանի» առարկությունը, թե Անդրանիկը Դրոյին չէր կարա ասեր՝ արա։

Այն ժամանակ հնարավոր չէր Կոմայգում հավաքված այդ մարդկանց հետ հարցազրույց անել կամ հոդված գրել նրանց մասին։ Դա, անշուշտ, վատ էր։ Լրագրողը պետք է ունենա ամեն ինչի մասին գրելու իրավունք, բայց լրագրողը իրավունքի պես պետք է նաեւ պարտականություն ունենա ընտրելու իր ասելիքն ու գրելիքը։ Հակառակ դեպքում լրագրությունը դառնում է քաղաքական հավակնություններ ունեցող այս կամ այն մարդու PR-ի՝ հանրայնացման, գործիքը։

Լրագրողների այս հակումը շատ լավ գիտեն քաղաքական զբաղմունքն ընտրած մարդիկ։ Նրանք գիտեն, որ իրենց մուտքը քաղաքականություն ապահովված է։ Բավական է գալ ասպարեզ, հայտնել նորաստեղծ կուսակցության անունը եւ լրատվամիջոցների դռները կբացվեն նորահայտ «առաքյալի» առջեւ։

Իրեն առաջադիմական համարող մի տղա՝ արդեն որոշած, որ գործող իշխանությանը, ավելի ստույգ՝ նախագահին, իրենից լավ ոչ ոք չի կարող քծնել, մտնում է քաղաքականություն եւ սկսում իր «ստեղծագործ» աշխատանքը։ Եթե նա քաղաքականություն մտնելու փոխարեն որոշեր, ասենք, լիմոնադ արտադրել, այսինքն՝ զբաղվեր իսկապես ստեղծագործ աշխատանքով, հաստատ չէր կարող հույս ունենալ, որ այս կամ այն լրատվամիջոցն անվճար կգովազդեր իր ապրանքը։ Նա ստիպված կլիներ ունենալ հանրային կապերի բաժին, գովազդի համար նախատեսված բյուջե եւ, իհարկե, մարքեթինգի մշակված քաղաքականություն, ինչին մեզանում ընդունված է ասել՝ ապրանք ցրել։

Այս երիտասարդի արտադրանքը քծնանքն է, որը նա ուզում է վաճառել իշխանություններին։ Երբ Րաֆֆի Հովվհաննիսյանը քսանմեկ հարց է ուղղում հանրապետության նախագահին, նա անմիջապես՝ հիշելով հայազգի հերոս Հունան Ավետիսյանին, նետվում է շեֆին կրծքով պաշտպանելու։ Այս ապրանքը բավական ներկայանալի տեսքով վաճառում են լրատվամիջոցները՝ միաժամանակ իրականացնելով մարքեթինգի եւ PR-ի գործառույթներ։

Բայց մեկը նախագահին տալով` երիտասարդ եւ խոստումնալից ապագա պատգամավորն ուզում է մեկն էլ իրեն պահել։ Նա պարգեւ է խոստանում այն մարդուն, ով կսպանի Ռամիլ Սաֆարովին։ (Պոպուլիզմն էլ պետք է լինի բարոյականության ու բանականության շրջանակում) «Պարգեւ սպանության դիմաց» խոստումը անմիջապես տարածում են մեր լրատվամիջոցները՝ չկասկածելով անգամ, որ սպանության ուղղակի կամ անուղղակի պատվերն ինքնին հանցագործություն է եւ իրենք էլ ուրեմն մաս են կազմում այդ հանցագործության։

Զարմանք չի առաջացնում, երբ այսօրինակ հերոստրատիկներին բուծում են նախագահի աշխատակազմից ղեկավարվող ազատ, բայց պատասխանատու լրատվամիջոցները։ Ո՞ր ղեկավարը չի ուզենա, որ իրեն շրջապատող քաղաքական դաշտում լինեն նմանատիպ վաշխառուներ, որոնց գոյությունն իսկ փաստում է նորին պայծառափայլության անփոխարինելիությունը։ Զարմանալի է, սակայն, հսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների սիրալիրությունը։ Եվ ոչ միայն մարքսիստի կամ առաջադիմականի հարցում։ Օրումեջ քաղաքական գործիչների լավաշ հարցազրույցներ են տպվում, քաղաքական գործիչներ, ում հետ ոտքի վրա հինգ րոպե զրուցելիս ձանձրանում ես։

Արեւմուտքում PR-ն ամենաբարձր վարձատրվող գործերից է։ Եթե չեն վարձատրում, չարժե զբաղվել դրանով։ Եթե վարձատրում են, պետք է բարձր գին պահանջել։ Բայց ավելի լավ է մոռանալ Հերոստրատին։