«Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիան կարողանում է ազդել ԱՄՆ-ի դիրքորոշման վրա։ Դա ԱՄՆ-ի համար մտահոգվելու առիթ է»,- երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Դեղին ժապավեն» արշավի նախաձեռնող խմբի անդամ Րաֆֆի Դուդակլյանը։
Ընթեցողներին տեղեկացնենք, որ այս նախաձեռնության հեղինակները Հայաստանում ապրող ԱՄՆ քաղաքացիներ են (ազգությամբ հայեր), ովքեր նպատակ ունեն խախտել աշխարհի լռությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ։
Արդեն մեծ թվով երկրներ ընդունել են այս պատմական իրողությունը, սակայն որոշ հզոր պետություններ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու եւ տարբեր քաղաքական ու տնտեսական պատճառներով դեռ շարունակում են ժխտել ցեղասպանության փաստը։
Բանախոսները հիշատակեցին 2002թ. Հայաստանում Իսրայելի դեսպանի արտահայտությունները։ Ուշադրության արժանացավ նաեւ 2004թ. ՀՀ-ում Անգլիայի դեսպան Թորդա Աբբոթ Ուաթթը, որը երկու անգամ ժխտեց ցեղասպանության փաստը։ Սակայն «Դեղին ժապավենի» անդամների զայրույթն ամենից շատ հարուցել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Էվանսի հետ կապված պատմությունը, եւ ասուլիսը նվիրված էր հենց այդ փաստին։
«…Բոլորովին վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Մարշալ Էվանսը Ամերիկայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս համարձակություն ունեցավ հայտարարելու՝ վերջ տալ բառախաղերին եւ իրերը կոչել իրենց անուններով՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դեսպանի այս խոսքերին հետեւեցին ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցները՝ սկզբում դեսպանին ստիպելով հրապարակավ «հետ վերցնել» այդ խոսքերը եւ ներողություն խնդրել։ Սակայն մեր նկատմամբ ամենավիրավորական քայլը եղավ դեսպան Էվանսի նկատմամբ կիրառվող պատիժը՝ Հայոց ցեղասպանության մասին ողջ ճշմարտությունն ասելու պատճառով եւ այդ կապակցությամբ նրա հետկանչը»,- ասված է հայտարարության մեջ։
Մեր այն հարցին, թե որքանո՞վ է հավաստի, որ Էվանսը հետ է կանչվել հենց այդ պատճառով, պրն Էդուարդ Պալասանյանը պատասխանեց. «Մենք երկար տարիներ ապրել ենք ԱՄՆ-ում, ունենք մեր կապերն ու աղբյուրները։ Եվ առանց այդ աղբյուրները բացահայտելու՝ հաստատում ենք, Ջոն Էվանսը ետ է կանչվել ցեղասպանության հետ կապված ճշմարտությունն ասելու պատճառով»։
Բանախոսների կարծիքով, նման դեպքերի ժամանակ անհրաժեշտ է բողոքի ձայն բարձրացնել եւ պաշտպանել այն մարդկանց, ովքեր գործում են ի շահ մեզ։ Պրն Դուդակլյանը նշեց, որ լռությունը համախոհության նշան է, եւ մեջբերեց Մարտին Լյութեր Քինգի խոսքերը. «Եվ վերջում մենք կհիշենք ոչ թե թշնամու խոսքը, այլ մեր ընկերների լռությունը»։
Գործարար Ժիրայր Ավանյանը շեշտեց, որ այս ակցիան ուղղված է ոչ թե ԱՄՆ-ի, այլ այդ ցեղասպանության հերքման այն քաղաքականության դեմ, որը վարում է այդ երկրի վարչախումբը։ «Պետդեպարտամենտում ապուշ մարդիկ չեն նստած, նրանք գիտեն պատմական իրողությունները։ Ուղղակի առաջնորդվում են ոչ թե ճշմարտությամբ, այլ օրվա պահանջներով»,- նշեց նա։
Իսկ ԱՄՆ քաղաքացի՝ Տեր Կտրիճ քահանա Դեւեջյանի համար հատկապես վիրավորական է, որ «…ԱՄՆ-ը, որն իր հիմքում ունի խղճի եւ խոսքի ազատությունը, դեսպանին՝ իր քաղաքացուն, զրկում է ազատ խոսքի իրավունքից»։
Այստեղ, իհարկե, կարելի է չհամաձայնել, քանի որ դեսպանն ամեն ինչ չէ, որ կարող է իրեն թույլ տալ։ Բոլորն էլ հասկանում են, որ խոսքի ազատությունն էլ ունի որոշակի սահմաններ։ Իսկ դիվանագիտության մեջ դրանք շատ ավելի նեղ են։ Սակայն այն, որ ԱՄՆ-ը վարում է երկակի ստանդարտների քաղաքականություն, դրանում արդեն առիթ ունեցել ենք համոզվելու, ընդ որում, հենց պրն Էվանսի «օգնությամբ»։
Բանախոսները լրագրողներին խնդրեցին հատուկ ուշադրության արժանացնել դեղին ժապավենները, որոնք «ապագայի նկատմամբ հույսի խորհրդանիշն են»։ Վերջում ներկաներին բաժանվեցին դեղին ժապավեններ եւ բոլորին կոչ արվեց ապրիլի 24-ին մասնակցել ակցիային։ Մեծ եղեռնի հուշարձան տանող ճանապարհին 100 մետր երկարությամբ ձգվելու են 5 շերտ պարաններ եւ համախոհները, ի նշան համաձայնության, պետք է դրանց վրա կապեն դեղին ժապավենները, որոնք կբաժանվեն ապրիլի 24-ին, հուշարձան տանող ճանապարհին։