Նպատակը չի արդարացնում միջոցները

22/04/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի միջեւ շատ հետաքրքիր բանավեճ էր ծավալվել։ Վազգեն Մանուկյանը պնդում էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն սարսափելի կեղծիքներով է անցկացվել, իսկ Լեւոն Մկրտչյանն առանձնապես չէր հերքում կեղծիքների փաստը. նա պարզապես հայտարարեց` «բայց չէ՞ որ արդյունքում մենք շատ լավ Սահմանադրություն ստացանք»։

Այս փոքրիկ դրվագը շատ բնորոշ է Հայաստանի ներքաղաքական կյանքի համար։ Փաստորեն, կողմերից մեկը (անձերը տվյալ դեպքում էական չեն) գտնում է, որ պետք է հարգել ժողովրդավարությունը եւ օրենքները (որոնք, ի դեպ, բավականին ժողովրդավարական են), մյուսը գտնում է, որ կարեւորը լավ արդյունքն է, որին կարելի է հասնել նաեւ օրենքների խախտմամբ (այսինքն` հանցավոր ճանապարհով)։

Այս բանավեճն, ի դեպ, նոր չէ։ Բայց քաղաքակիրթ աշխարհը կարծես վերջնակապես տվել է այդ հարցի պատասխանը եւ միանշանակորեն ընդունել, որ նպատակն, այնուամենայնիվ, չի արդարացնում միջոցները։ Իհարկե, մարդկությունն այս եզրակացությանը հանգել է` անցնելով տասնյակ կործանարար պատերազմների եւ հումանիտար աղետների միջով։ 18-րդ դարի ֆրանսիացի հեղափոխականներն իշխանության եկան եղբայրության եւ հավասարության կարգախոսներով ու պահանջում էին վերացնել մահապատիժը։ Արդյունքում` 3 տարիների ընթացքում նրանք մահապատժի ենթարկեցին ավելի շատ մարդու, քան նախորդ ողջ հարյուրամյակում։ «Լուսավոր ապագա» կառուցելու ճանապարհին կոմունիստական ռեժիմը մոտ 20 միլիոն անմեղ մարդու կյանք խլեց, Հիտլերն` իր կարծիքով` ամեն ինչ անում էր հանուն Գերմանիայի պայծառ ապագայի (արդյունքում` զոհվեց մոտ 10 միլիոն գերմանացի), եւ այլն։ Ընդ որում, բոլոր այս աղետները մի ընդհանրություն ունեն. դրանք տեղի են ունենում այն ժամանակ, երբ որեւէ անհատ կամ քաղաքական ուժ գտնում է, որ «ժողովուրդն ինքն իր լավը չի հասկանում, պետք է ուժով (կամ խաբեությամբ) ժողովրդին երջանկացնել, հետո նրանք շնորհակալություն կհայտնեն»։ Բռնապետությունները հենց այդպես են ստեղծվում։ Որպես կանոն, ոչ մի բռնապետ իր երկրի վատը չի ցանկանում, պարզապես նրանք սկսում են մտածել եւ գործել ժողովրդի անունից, եւ արդյունքում ստացվում է, որ պետության ճակատագիրը կախված է մի մարդու (կամ մի քաղաքական ուժի) կամքից։ Զուտ տեսականորեն բռնապետն, իհարկե, կարող է նաեւ օգուտ բերել իր երկրին, բայց գործնականում, չգիտես ինչու, միշտ հակառակն է ստացվում։

Վերադառնանք մեր իրականությանը։ Իսկ ո՞վ է որոշել, որ նոր Սահմանադրությունը լավն է։ Կրկնում ենք` խնդիրն այն չէ, նոր Սահմանադրությունը լա՞վն է, թե՞ լավը չէ (իրականում, անձամբ իմ կարծիքով` այդ փոփոխություններն ավելի շատ վնասներ են բերում, քան օգուտներ)։ Խնդիրն այն է, թե ո՞վ է որոշողը։ Որ որոշողը ժողովուրդը չէր` դա հաստատ։ Ուրեմն ո՞վ է որոշում ընդունել ժողովրդի փոխարեն եւ ժողովրդի անունից։ Պարզ ասած` ո՞ր քաղաքական ուժն է կամ անհատը, որ գտնում է, թե «շատ էլ` որ ժողովուրդն իր լավն ու վատը չի հասկանում, հո կրակը չե՞նք ընկել, եկեք հանուն պայծառ ապագայի կեղծենք»։ Բա օրենքներն ինչի՞ համար են։

Այս նույն տրամաբանությամբ կարելի է հայտարարել, թե Երեւանի կենտրոնի սեփական տներն ավերելն ու բնակիչներին փողոց նետելը շատ լավ գործ է։ Արդյունքում Երեւանի կենտրոնը գեղեցկանալու է, խարխուլ տների փոխարեն սիրուն շենքեր են կառուցվելու… Այո, նպատակը լավն է, բայց դա չի նշանակում, թե հանուն լավ նպատակի կարելի է օրենքները խախտել։ Ազգը գեղեցկացնելն էլ է լավ նպատակ, հիմա բոլոր տգեղներին հավաքենք-գնդակահարե՞նք։ Ծառատունկն էլ է լավ նպատակ, բոլոր գործարարների վրա «նալոգներ» դնենք ու ստիպենք սեփական միջոցներով տնիկնե՞ր գնել։ Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման դեմ բողոքն էլ է արդարացված, բայց մի՞թե դա նշանակում է, որ դպրոցականներին պետք է զոռով քշել հրապարակ, ուսանողներին սպառնալ, թե ով ակցիային չմասնակցի` «զաչոտ» չի ստանալու։

Ըստ էության, արեւելյան եւ արեւմտյան տիպի երկրները հենց ստանալով են իրարից տարբերվում։ Արեւմտյան երկրներն իրենք ներսից ազատ են, բայց իրենց այդ ազատությունը զոռով պարտադրում են ուրիշ երկրներին (ասենք` հանուն պայծառ ապագայի ռմբակոծում են Իրաքը)։ Իսկ արեւելյան տիպի երկրներում իշխանություններն, ի վիճակի չլինելով իրենց «գաղափարները» պարտադրել ուրիշ երկրների, պարտադրում են սեփական ժողովրդին։ Եվ իհարկե` պարտադրում են ուժով (ասենք` կեղծված ընտրությունների միջոցով)։

Հայաստանի իշխանություններն այսօր երկիրը տանում են արեւելյան ուղիով` միաժամանակ ձեւացնելով, թե ընդունում են խաղի արեւմտյան կանոնները։ Այսինքն` պետական համակարգն ինքնին կեղծիքի վրա է կառուցված, եւ հենց սա է բուն պրոբլեմը։