Էվանսին հեռացնում են դիվանագիտությունից

22/04/2006

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի տեղեկություններով` Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մտադիր են ոչ միայն հետ կանչել, այլեւ ընդհանրապես հեռացնել դիվանագիտական ասպարեզից: «Իմ տեղեկություններով, որոնք բավական ստույգ են, ոչ թե պաշտոնն են փոխում, այլ լրիվ հեռացնում են դիվանագիտությունից: Հուսանք, որ դեսպան Էվանսը կգրի իր հուշերը, որտեղ, անշուշտ, կարեւոր մաս է հատկացվելու Հայոց ցեղասպանության հարցին, որի պատճառով էլ զոհեց իր կարիերան»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` ասել է Հարութ Սասունյանը: Նրա խոսքերով` Ջոն Էվանսը «ճշմարտության ջատագով է, հայերիս բարեկամը, եւ բարեկամները չպետք է լռեն»: Ըստ Սասունյանի, շուտով Էվանսին աջակցելու մի արշավ է սկսվելու Երեւանում: «Մեր պաշտպանությունը Ջոն Էվանսին ունի մարդկային բնույթ, սակայն հարցն ավելի լայն իմաստ ունի, քանի որ անհատին պաշտպանելով՝ պաշտպանում ենք մեր հարցը»,- եզրափակել է Հ. Սասունյանը: