Մեր աչքի գերանը

22/04/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Արդեն քանի ամիս հայ հասարակությունը հուզված է։ Ազգային մտավորականությունն անընդհատ խոսում է ադրբեջանցի վանդալիստների մասին, ովքեր ջարդում ու պղծում են Ջուղայի խաչքարերը։ Այդ տեսարանը ներկայացնող կադրերն անհաշիվ անգամ ցուցադրվել են հայկական համարյա բոլոր հեռուստաալիքներով։ Միջնադարյան հուշարձանների ոչնչացման առիթով բարձրացրած մեր բողոքը լսեցին անգամ Եվրոպայում։ Եվրախորհուրդը խոստացավ հատուկ հանձնախումբ ուղարկել Նախիջեւան` հարցը տեղում ուսումնասիրելու համար։ Ես հասկանում եմ, որ տասնյակ (կամ հարյուրավոր) խաչքարերի ոչնչացման պատմության կողքին մեկ խաչքար պղծելու դեպքը համապատասխան հասարակական վերաբերմունքի չի արժանանա։ Հատկապես, որ պատմությունն այս անգամ վերաբերվում է ոչ թե մեր հարեւաններին, այլ հենց մեզ։ Այնուամենայնիվ, կհանդգնեմ ներկայացնել խաչքարի վրա ձեռք բարձրացնելու մի պատմություն, որ տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Այս պատմությունը, գոնե ինձ համար, ցավալի է նաեւ նրանով, որ գործող անձերից մեկը հայտնի մտավորական է ու վաստակաշատ դերասան։

Ցանկացած անաչառ մարդ կնկատի, որ մեր պատմական հուշարձանների, սրբավայրերի նկատմամբ մեր իսկ վերաբերմունքը երկակի է։ Մի կողմից` սիրում ենք հպարտ-հպարտ ներկայացնել դրանք օտարին, մյուս կողմից` աղտոտում ու արժեզրկում ենք դրանք։ Սրբություններ չհարգելու մեր եռանդը հասել է այն աստիճանի, որ մայրաքաղաքում աղբ հավաքող ընկերություններից մեկը Նարեկացու անունով է գրանցվել։ Պատկերացրեք` ինչ անհեթեթ տեսարան է` աղբի խոշոր աման, որի վրա գրված է` Նարեկ ՍՊԸ։ Քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկի` Գեղարդի անունն իր վրա վերցրել է մսամթերք արտադրող մի ընկերություն։ Անունից զատ իր ապրանքանիշի վրա պատկերել է տաճարի գմբեթը, առանց խաչի։ Ու դժվար է ասել, թե քրիստոնեական հավատի խորհրդանիշ խաչը չպատկերելն այս պարագայում բարոյակա՞ն է, թե՞ ոչ։ Բարոյական չափանիշներն ընդհանրապես որեւէ նկատելի ազդեցություն չունեն մեր կյանքում։ Այլապես անհնար կլիներ պատկերացնել այն դեպքը, որ կատարվեց մի քանի օր առաջ։ Ուշ երեկոյան Աշտարակի Ս. Կարմրավոր եկեղեցու բակում նկարահանող խումբը սկսում է իր աշխատանքները։ Հայոց հավատի տաճարներն աջ ու ձախ հայտնվում են նորօրյա աստղերի տեսահոլովակներում։ Անկախ նրանից` երգը որեւէ կապ ունի՞ հավատի, տվյալ տաճարի հետ, թե՞ ոչ։ Մենք վաղուց ենք հաշտվել այն տեսահոլովակների հետ, ուր կիսամերկ աստղն իր կոտրված սիրտն ու կորած սերն է ողբում որեւէ սրբավայրի ֆոնի վրա։ Այս պատճառով Հայաստանի գործող եկեղեցիներում նկարահանում կատարելու համար նախապես պետք է ստանալ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թույլտվությունը։ Որքան ինձ հայտնի է, նման կարգ գործում է աշխարհի բոլոր քաղաքակիրթ (եւ ոչ միայն) երկրներում։ Բայց հաշվի չառնելով Ս. Կարմրավորի մոմավաճառի արգելքը` վերը նշված խումբը սկսում է իր նկարահանումները։ Վառ ստեղծագործական երեւակայություն ունեցող մեկը կարմիր ներկ է լցնում XI դ. մի խաչքարի վրա ու սկսում նկարահանել։ Ռեժիսորական այս մտահղացումը հավանաբար նպատակ ունի խորհրդանշել այն վայրագությունները, որ օտար զավթիչները դարեր շարունակ գործել են մեր երկրում` մեր արյունը հեղելով մեր սրբավայրերում։ Հետո նրանք ասել են մոմավաճառին. «Ձեր հայր սուրբին կասեք, որ Հրաչ Քեշիշյանն է նկարահանումներ կատարում»։ Հետո ավելացրել են, թե իրենք ջրաներկ են օգտագործել, եւ այն կմաքրվի առաջին իսկ անձրեւի հետ։ Անցել է մի քանի օր։ Եկեղեցու սպասավորներին առայժմ չի հաջողվել մաքրել ներկի հետքերը խաչքարից։ Մոմավաճառ կնոջ խոսքերով` նկարահանող խմբի կազմում եղել է հայտնի դերասան Վլադիմիր Մսրյանը։ Նա էլ է հավանաբար մասնակցել ադրբեջանցի վանդալիստների դեմ բողոքի միջոցառումներին։ Հավանաբար խմբի մյուս անդամներն էլ։ Իսկ մեզ հաջողվեց պարզել, որ նկարահանումներ կատարողը ոչ թե Հրաչ Քեշիշյանն է եղել, այլ օպերատոր Արսեն Ասլանյանը։ Հավանաբար նա է մոմավաճառ կնոջը համոզել, որ ինքն ինքը չէ, այլ` Հրաչ Քեշիշյանը։

Կատարվածն, իհարկե, մեր մշակութային արժեքների ու սրբատեղերի նկատմամբ մեր երկակի վերաբերմունքի արդյունքն է։ Բացառված չէ, որ նկարահանված տեսանյութը մեկն է այն ժամանակակից տեսաֆիլմերից, որոնց կյանքի տեւողությունն ուղիղ այնքան է, որքան տեւում է շնորհանդեսի միջոցառումը։ Ամենեւին էլ բացառված չէ, որ նկարահանված դրվագը «Քրիստոնյա Հայաստան» մեծահողդողդ անունով է մատուցվելու հանդիսատեսին։ Բարոյական գործող չափանիշների սանդղակը մեր հասարակության որեւէ անդամի չի պարտադրում հարգել մեր իսկ պատմությունը։ Ոչ ոք պարտադրված չէ հասկանալ, որ մեր հին ու նոր եկեղեցիները հայոց ճարտարապետության փառքի սոսկական շինություններ չեն։ Ի վերջո, դրանք, անկախ իրենց նյութական արժեքից, հավատի տաճարներ են, ուր սովորական հավատացյալ մարդն աղոթք է հնչեցնում առ Աստված։ Իրական հավատացյալը ներկված խաչքար տեսնելիս դժվար թե անիծի ներկողին։ Պետությունը, որ սրբատեղիները պատմական հուշարձան է հայտարարում, ինքը պիտի զբաղվի հուշարձանը պահպանելով։ Հատկապես, որ իր իսկ օրենքով խոստանում է պատժել հուշարձանների վրա ձեռք բարձրացնողներին։