Ապրիլի 11-21-ը Լեռնային Ղարաբաղում անցկացվող բանակային հրամանատարաշտաբային զորավարժություններին, որն անց էր կացվում ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Սեյրան Օհանյանի հրամանատարությամբ, դիտորդի կարգավիճակով հերթական փուլին ապրիլի 19-ին ներկա էին գտնվում նաեւ ՀՀ պաշտպանության նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը:
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նշեց, որ բանակը միշտ պետք է պատրաստ լինի: «Ամեն ինչ բնական է, եւ այս զորավարժությունները ոչ մեկի դեմ չեն ուղղված, այլ մեր բանակը զորացնելու համար են»,- ասաց նա:
Ըստ զորավարժությունների սցենարի, պայմանական թշնամին հարձակման էր անցել, ԼՂՀ պաշտպանության բանակի առջեւ խնդիրն էր դրված ետ մղել թշնամու ուժերը, ամրապնդել դիրքերը, ապա անցնել հակահարձակման: Զորավարժություններում ընդգրկված էին հետեւակի, ծանր զրահատեխնիկայի, հակաօդային պաշտպանության, օդային ուժերի ստորաբաժանումներ, որոնք բարձր հմտություններ ցուցադրեցին զորավարժանքների ողջ ընթացքում:
ԼՂՀ մասնակցությունն ավելի էֆեկտիվ կդարձնի բանակցությունները
«Առանց Ղարաբաղի հնարավոր չէ որեւէ հարց լուծել, եւ ենթադրում եմ, որ դա հասկանում են բոլորը, ընդհուպ մինչեւ Ադրբեջանը: Որքան շուտ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, այնքան էֆեկտիվ կլինեն դրանք»,- այս կարծիքն է արտահայտել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` Ղարաբաղում անցկացվող զորավարժությունների ընթացքում: Նա մեկ անգամ եւս շեշտել է, որ հայկական կողմի զիջումները կախված են Ադրբեջանի զիջումներից եւ միակողմանի զիջումներ չեն լինելու:
Ղարաբաղում հերթական հանրաքվեի անցկացման մասին լրագրողների հարցին ի պատասխան` ԼՂՀ նախագահը նշեց. «Ղարաբաղն ինքնորոշվել է, անց է կացրել հանրաքվե, բայց մենք բոլորս գիտենք, որ այդ հանրաքվեի արդյունքներն այսօր աշխարհը չի ճանաչում: Եթե այսօր շանս ունենք, որ աշխարհը եւ Ադրբեջանը պատրաստ են ճանաչել հանրաքվեի արդյունքները, ապա, գտնում եմ, որ թեման կարելի է քննարկել եւ այստեղ որեւէ վատ բան ես չեմ տեսնում»:
«Հայաստանի իշխանությունների վարած բանակցային գործընթացը Ձեզ բավարարո՞ւմ է» հարցին նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Մենք անվստահության հիմքեր չունենք, եւ գտնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը բանակցային գործընթացում փորձում է անել այն, ինչ հնարավոր է: Բայց, կրկնեմ, որ դա միակողմանի գործընթաց չէ, ամեն մի կողմ ունի իր շահերը: Այստեղ խոսքն անվստահության մասին չէ, այլ` էֆեկտիվության, ռեալ ֆորմատի մասին: Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի մասնակցությունն ավելի էֆեկտիվ կդարձնի կարգավորման գործընթացը եւ ավելի բնական կընդունվի միջազգային հանրության կողմից»:
Լսումներից քաղաքական ուժերը լուրջ ակնկալիքներ չունեն
Ապրիլի 21-ին ԼՂՀ Ազգային ժողովում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Լսումներին կմասնակցեն նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ, ԼՂՀ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` բարձր գնահատելով ԼՂՀ Ազգային ժողովի կարծիքը, նշեց, որ, բնականաբար, լսումների արդյունքում ինչ-որ որոշումներ կընդունվեն եւ հստակ կընդգծվեն խորհրդարանի մոտեցումները` Ղարաբաղյան հարցի վերաբերյալ:
ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբի նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես կարեւորում է նախատեսվող լսումները: «Նախ պետք է հստակեցնել` ինչ է արվել ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մինչեւ հիմա: Իմ կարծիքով, առ այսօր, ամենամեծ նվաճումը խաղաղություն հաստատելն ու պահպանելն է, բայց այսօր, ցավոք, այն փխրուն է եւ դրա կողքին չկան ձեւավորված լուրջ մեխանիզմներ: Գտնում եմ, որ պետք է վեր հանվեն նաեւ բանակցային գործընթացում թույլ տված մեր վրիպումները եւ ավելի հստակ ուղենշվեն ապագա անելիքները: Եվ, վերջապես, ամենամեծ սպասելիքս այն է, որ լսումներից հետո ոչ միայն ձեռնամուխ ենք լինելու արդյունքների ամփոփմանը, այլեւ սկսվելու է ԼՂՀ արտաքին քաղաքականության հայեցակարգի մշակման գործընթաց»:
ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, խորհրդարանական լսումներն իրենց մեջ չեն կարող հստակ ակնկալիքներ պարունակել, քանի որ խորհրդարանն իր էությամբ այն մարմինը չէ, որը այս հարցում կարող է ընդունել գործնական կիրառման ենթակա որոշում: «ԼՂՀ խորհրդարանը, սակայն, կարող է որոշարկել քաղաքական ուժերի վերաբերմունքը, որը նաեւ ժողովրդի վերաբերմունքն է»:
ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Արա Հարությունյանը նշեց, որ խմբակցությունը նույնպես լսումներից որեւէ ակնկալիք չունի: «Սա, թերեւս, հնարավորություն է արտահայտելու մեր տեսակետները` Ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծման վերաբերյալ: Եթե մենք խոսում ենք փոխզիջումներից, հարցի քաղաքական լուծման տարբերակներից, ապա ես միշտ արտահայտել եմ այն միտքը, որ ԼՂՀ Սահմանադրության մեջ պետք է ամրագրվի ԼՂՀ ներկա տարածքը, որը վերահսկվում է ԼՂՀ ՊԲ-ի կողմից: Խորհրդարանում լսումների ժամանակ մենք արտահայտելու ենք այն տեսակետը, որ ցանկացած փոխզիջում կընդունվի ժողովրդի համաձայնությամբ»,- նկատել է Ա.Հարությունյանը: