Օձերն ակտիվացել են

22/04/2006

Հայաստանում օձերն արդեն ակտիվացել են: Մոտ 2 ամիս առաջ օձը խայթել էր Աշտարակի մի բնակչի, որին տեղափոխել էին Երեւան, իսկ անտիգյուրզին կոչվող դեղամիջոցը հայթայթել էին միայն Արտակարգ իրավիճակների վարչությունից: Բանն այն է, որ անտիգյուրզինը «որբ դեղ» է, որ կենսական նշանակություն ունի, սակայն դրա նկատմամբ պահանջարկը քիչ է, ուստի ոչ մի ներմուծող 2000 դոլար չի տա, որպեսզի դա գրանցի: Դա պետք է անի կառավարությունը, իսկ վերջինս անցած տարի բերել էր այդ դեղամիջոցից, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հայկական դեղագործական ասոցիացիայի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը, դա ներկրվել է միանգամյա թույլտվությամբ: Ուստի այսօր բնակչությունը կրկին կանգնած է օձի խայթոցից անպաշտպան մնալու վտանգի առջեւ: