Ամեն դեպքում՝ ճիշտը չծխելն է

22/04/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Օրենքը ծխախոտի դեմ անզոր է

Ծխախոտի տուփերի եւ ծխախոտ գովազդող վահանակների վրա օրենքի ուժով անպայման զգուշացվում է, որ ծխելը վնաս է։ Աշխարհով մեկ լայն թափ է առնում ծխելու դեմ պայքարը՝ պատրաստվում են հաղորդումներ, քննարկումներ, կազմակերպվում են ակցիաներ, ընդունվում են օրենքներ… Մի խոսքով, աղմուկը բավական մեծ է։ Սակայն ասել, թե դա շատ էֆեկտիվ է, սխալ կլինի։ Ծխախոտի վաճառքը վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ մեծացել է։ Ընդ որում, ծխողների շրջանակը գնալով ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Հայաստանի օրինակով անզեն աչքով կարելի է նկատել, որ ծխող կանանց եւ անչափահասների թիվը բավական մեծացել է…

Հայաստանում 2006թ. մարտի 1-ից ուժի մեջ մտավ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը, որի տված օգուտի մասին կարելի է դատել ընդամենը մի փաստից։ Օրենքն ընդունած պատգամավորները մարտի 1-ին զբաղված էին այն խախտելով, իսկ ոմանք անգամ չգիտեին դրա գոյության մասին։

Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել էինք հայաստանյան սուրճի շուկային։ Անկախ այն հանգամանքից՝ լավ սուրճ ենք նախընտրում, թե վատ, թանկարժեք, թե էժանագին, մի բան հաստատ է. հայերը սիրում են սուրճ խմել։ Իսկ սուրճն առանց սիգարետի մեր բնակիչների մեծ մասը չի էլ պատկերացնում։ Առանց պատճառների մեջ խորանալու, պարզապես փաստենք, որ հայերը ծխող ժողովուրդ են։

Ծխախոտամոլությունը՝ թվերով

Այժմ եկեք մի փոքր պարզաբանենք՝ ի՞նչ է տեղի ունենում հայաստանյան ծխախոտային շուկայում։

Առաջին հարցը, որ կարող է հետաքրքրություն ներկայացնել, հետեւյալն է՝ տարեկան որքա՞ն ծխախոտ է սպառվում հայաստանյան շուկայում՝ թե՛ բնեղեն արտահայտությամբ (գլանակների թիվը), թե՛ գումարային առումով։

Պաշտոնապես ոչ ոք ճշգրիտ չի կարող ասել, թե Հայաստանում տարեկան որքան սիգարետ է սպառվում։ Փորձենք դա ստանալ տրամաբանությամբ եւ կոպիտ հաշվարկներով։

Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով 2004թ. Հայաստանում արտադրվել է 2 մլրդ 720մլն հատ սիգարետ։ Գումարային արտահայտությամբ, ծխախոտի պատրաստի արտադրության ծավալը կազմում է 15մլրդ 348մլն դրամ։ 2004թ. փոխարժեքով դա կազմում է մոտավորապես 28,8 մլն դոլար։

Նույն ԱՎԾ-ի տվյալներով, 2004թ. Հայաստան է ներմուծվել մոտ 39,5 մլն դոլարի ծխախոտ։ Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ արտասահմանյան սիգարետները բնեղեն արտահայտությամբ գերազանցում են տեղականներին՝ հաշվի առնելով ներմուծվող սիգարետների համեմատաբար բարձր գները։

Այստեղ որոշակի պարզություն մտնում է, երբ նայում ենք ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության (ՏՄՊՊՀ) արդյունքները։

2004թ. իրացման ծավալներով (բնեղեն արտահայտությամբ) տեղական արտադրողներից «Գրանդ Տոբակոն» եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» միասին զբաղեցնում են հայաստանյան շուկայի ավելի քան 55%-ը (ԳՏ՝ 45,2%, ԻՄՏ՝ 10,1%)։ «Սիգարոն»-ի ծավալները մեծ չեն։ Ընկերության ներկայացուցիչների գնահատմամբ` իրենց մասնաբաժինը հայաստանյան շուկայում կազմում է մոտ 3%։

Ստացվում է, որ արտասահմանյան սիգարետները մեր շուկայում ունեն շուրջ 40% մասնաբաժին։ Պարզ հաշվարկով ստացվում է, որ 2004թ. Հայաստան է մտել մոտ 2մլրդ հատ արտասահմանյան արտադրության սիգարետ։

Ոլորտին մոտ կանգնած մարդկանցից մեկը մեզ տեղեկացրեց, որ իր հաշվարկներով` տարեկան Հայաստան է ներմուծվում 2,7-3 մլրդ հատ։ Իսկ ներմուծող ընկերություններից մեկի ներկայացուցչի խոսքերով, հայերը տարեկան ծխում են մոտ 5 մլրդ հատ սիգարետ։

Նորից ենք կրկնում, հաշվարկները շատ կոպիտ են, սակայն ծխախոտի վաճառքն այս թվի մոտակայքում է։ Իսկ դա փոքր թիվ չէ, եւ մրցակցությունն էլ, բնականաբար, մեծ է։

Ով ում հետ է մրցակցում…

Եթե կարճ ձեւակերպենք՝ հիմնական պայքարն ընթանում է տեղական ծխախոտ արտադրողների եւ ներմուծողների միջեւ։

ՏՄՊՊՀ-ի գնահատմամբ, այս ոլորտում գործում են 13 տնտեսվարող սուբյեկտներ։ Հանձնաժողովը հրապարակում է միայն շուկայի զբաղեցրած մասնաբաժնով առաջին 3 տեղերում գտնվող ընկերությունների անունները։ Առաջին տեղում «Գրանդ Տոբակոն» է (45,2% բնեղեն արտահայտությամբ, եւ 30%՝ գումարային առումով)։ Երկրորդ տեղում սիգարետ ներմուծող «Պարես-Արմենիա» ընկերությունն է (19,7% բնեղեն, եւ 25,4% գումարային)։ Այս ընկերությունը զբաղվում է հանրահայտ «Phillip Morris» ընկերության արտադրանքի ներմուծմամբ (Marlboro, L&M, Parliament եւ այլն)։ «Լավագույն եռյակը» եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» (10,1% եւ 7,4%)։ Նշենք, որ սիգարետի բիզնեսով զբաղվող ընկերությունների մեջ վճարած հարկերի մեծությամբ առաջին տեղում «Պարես Արմենիան» է։ Ընկերությունը 2005թ. 300 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 6-րդ տեղը (6,1 մլրդ դրամ)։ «Գրանդ-Տոբակոն» 9-րդ տեղում է՝ (4,8 մլրդ), իսկ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» բյուջե վճարած 3,1 մլրդ դրամով հանգրվանել է 11-րդ տեղում։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ սիգարետի բիզնեսում լուրջ փողեր են «պտտվում»։ Այդ իսկ պատճառով այստեղ պատահական մարդիկ չկան։

Մրցակցության չերեւացող կողմերը

Արտաքուստ մրցակցությունն ընթանում է քաղաքակիրթ ձեւով։ Ժամանակին գովազդներ էին անում, հիմա հիմնականում մրցակցում են այլ միջոցներով, այդ թվում՝ ծխելու դեմ ուղղված ակցիաներ կազմակերպելով։ Սակայն մասնավոր զրույցներում պարզ է դառնում, որ տեղական արտադրողների եւ ներմուծողների միջեւ առկա է գրեթե թշնամական մթնոլորտ։ Նշենք, որ ներմուծողների կողմից տարբեր պատճառներով քննադատության հիմնական սլաքն ուղղվում է հենց «Գրանդ-Տոբակոյի» դեմ։

Առկա է մի տեսակ ծայրահեղական մտածելակերպ։ Ներմուծողները գտնում են, որ ավելի լավ է չծխելը, սակայն ծխելու դեպքում պետք է ծխել միայն արտասահմանյանը։ Ինչո՞ւ։ Հիմնավորումը հետեւյալն է։ Խոշոր ընկերությունները՝ «British American Tobacco», «Philipp Morris» եւ այլն, արդեն հեղինակություն են վայելում աշխարհում եւ շատ հետեւողական են որակի հարցում։ Իսկ եթե տեղական եւ արտասահմանյան միեւնույն կարգի սիգարետներն ունեն նույն գինը, ապա ընտրությունը պետք է կանգ առնի «ֆիրմայի» վրա։ Այսինքն, կա հետեւյալ արմատավորված մոտեցումը՝ եթե տեղական է, ուրեմն վատն է։ Սրա հետ կապված զրուցեցինք «ՍՊՍ Սիգարոն» ընկերության տնօրեն Ս. Պողոսյանի հետ, որն այդ կարծիքը չի կիսում։ «Մեր արտադրանքը կարող է մրցակցել Հայաստան ներմուծվող ցանկացած սիգարետի հետ։ Պարզապես մեզ մոտ արմատավորված է, որ տեղականը պետք է վատը լինի։ Սակայն մեր սիգարետը, օրինակ Չինաստանում, արդեն ոչ թե տեղական է, այլ արտասահմանյան, եւ իր որակով ու գնով հաջողությամբ մրցակցում է արտասահմանյան շատ անվանի սիգարետների հետ»,- ասում է պրն Պողոսյանը։

Մարդկանց հետաքրքրում է նաեւ հետեւյալ հարցը՝ տուփի վրա նշված ցուցանիշները (խեժի եւ նիկոտինի պարունակությունը) որքանով են համապատասխանում իրականությանը։ Այդ ցուցանիշները հաստատում է համապատասխան պետական մարմինը եւ տալիս համապատասխանության հավաստագիր։ Հետաքրքիրն այստեղ այն է, որ մեր պետությունը նման ստուգիչ սարքավորում չունի։

Պրն Պողոսյանի խոսքերով, իրենք ունեն այդպիսի սարքավորում, որով կարողանում են չափել տարբեր բաղադրիչների պարունակությունը։ Սակայն իրենց արտադրանքը ստուգվում է նաեւ արտասահմանում, մասնավորապես, «Filtrona» անգլիական հեղինակավոր ընկերությունում։ «Գրանդ-Տոբակոյի» հետ կապվել մեզ չհաջողվեց, սակայն մեր տվյալներով, այն նույնպես ունի այդպիսի սարքավորում։ Սակայն մյուս հարցերը մնացին անպատասխան։

Օրինակ, մասնագետների կարծիքով, սիգարետի գլանակ արտադրելու հոսքագիծն արժե նվազագույնը 8 մլն ԱՄՆ դոլար։ Եթե «Սիգարոնի» տնօրենը վստահ հայտարարում է, որ կարող է ասել իր սարքավորումների մակնիշները, եւ գործից հասկացողները կտեսնեն, թե դրանք ինչ որակի են, ապա «Գրանդ-Տոբակոյից» մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Արդեն թեւավոր դարձած «Մերն ուրիշ է» արտահայտությունը ոչինչ չի ասում։ «Հայրենական արտադրության սիգարետն», ըստ էության, նշանակում է, որ ծխախոտի հումքը տեղական է։ Հիշո՞ւմ եք հայտնի գովազդը՝ թութուն ցանի։ Մասնագետների կարծիքով, ահա այդ «ցանած հայաստանյան թութունն» ամենեւին էլ բարձր որակի չէ։ Դրա 90%-ը, այսպես կոչված, «Օրիենտալ» տեսակի է։ Այն բարձրորակ չէ, եւ հանրահայտ ընկերությունները իրենց ծխախոտային «բուկետներում» («բլենդ») օգտագործում են 5%-ից էլ քիչ։ Այսինքն, մերի ամեն ինչը չէ, որ լավն է։

Բացի այդ, եթե նայում ենք ԱՎԾ տվյալները, պարզ է դառնում, որ մեր «թութունի» պաշարներն ամենեւին էլ բավարար չեն տեղական արտադրության համար։ Այսպես, 2004թ. Հայաստանում արտադրվել է 484,4 տոննա ֆերմենտացված ծխախոտ։ Մասնագետների կարծիքով, 1 տոննայից ստացվում է միջինը 65 հազար տուփ սովորական (ոչ slims) ծխախոտ։ Պարզ հաշվարկ անելով` կստանանք. տեղական հումքը կբավարարեր մոտ 630 մլն հատ սիգարետ արտադրելուն։ Ընդունում ենք, որ այս հաշվարկները մասնագիտական չեն եւ ոչ այնքան ճշգրիտ, սակայն 630 միլիոնի ու 2 մլրդ 700 միլիոնի միջեւ տարբերությունը շատ մեծ է։ Ստացվում է, որ հայրենական արտադրության սիգարետի հումքը մեծ մասամբ ներմուծվում է։ «Սիգարոնի» տնօրենը դա չի թաքցնում եւ նշում է, որ անգամ «օրիենտալ» հումքը ներմուծում է Իտալիայից։ Իսկ որտեղի՞ց են ներմուծում «Գրանդ-Տոբակոն» եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», պարզել չհաջողվեց։

Որպեսզի միակողմանի չհնչի, նշենք, որ ներմուծվող հայտնի ընկերությունների արտադրանքի հետ կապված նույնպես բավական հարցեր կան։ Ինչպե՞ս է ստացվում, որ արտասահմանյան նույն սիգարետը հայաստանում վաճառվում է մի քանի անգամ ցածր գնով, քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում։ Շատերի կարծիքով, դա պարզապես նշանակում է, որ այստեղ վաճառվող արտադրանքի որակը ցածր է։ «Դիստրիմեքս» ընկերության («Britjsh American Tobacco»-դիստրիբյուտոր) տնօրեն Մ. Մինասյանի կարծիքով, դա կարելի է բացատրել էժան աշխատուժով, արտասահմանում ծխախոտի նկատմամբ կիրառվող բարձր հարկերով եւ այլ պատճառներով, սակայն ոչ երբեք ցածր որակով։ Նա անգամ չի բացառում, որ հեղինակավոր ընկերությունները Հայաստանում աշխատում են վնասով, քանի որ կա «presence»-ի (ներկայության) խնդիր։ «Իհարկե, նախկին ԽՍՀՄ տարածքում վաճառվող սիգարետներն արտադրվում են Ուկրաինայում կամ այլ երկրներում, սակայն արտասահմանցիների ղեկավարությամբ։ Այնպես որ, որակի հետ խնդիր չի կարող լինել։ Ընկերությունները չեն ների, եթե իրենց հեղինակությանը վնաս հասցվի»,- գտնում է պրն Մինասյանը։

Վնասով աշխատելու հետ կապված յուրաքանչյուր ոք իրավունք ունի հավատալու կամ չհավատալու, սակայն ոչ ոք չի հավատա, եթե նրան ասեն, որ ԱՄՆ-ում արտադրված (կամ, ինչպես ասում են, «շտատսկի») «Marlboron» ունի նույն որակը, որը վաճառվում է այստեղ։

Ոլորտին մոտ կանգնած մարդիկ նշում են, որ ներմուծվող սիգարետների խեժի եւ նիկոտինի պարունակությունն իսկապես համապատասխանում է տուփի վրա գրվածին, սակայն որակը միայն դրանով չի որոշվում։ Ծխախոտը նույնպես «բուկետ» է, որը ստեղծելու համար պետք է հատուկ մոտեցում։ Առանձին «բլենդների» մեջ օգտագործվում են 9-12 տեսակի ծխախոտ։ Մինչդեռ, շատ երկրների օրենսդրությամբ, տեղի արտադրողները պարտավոր են օգտագործել նվազագույնը 10% տեղական հումք։ Իսկ թե այն ինչ որակ ունի եւ որքանով է լավը մեր հայկականից, պարզ չէ։

Ամեն դեպքում, աշխատեք չծխել, իսկ եթե ծխում եք՝ ապա առաջնորդվեք ոչ թե գովազդներով կամ հայրենասիրական մղումներով, այլ ձեր իսկ ճաշակով եւ տրամաբանությամբ։