Քաղաքական շարժման սեզոնը բացվեց

22/04/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Գարունը եկել է, օրերը տաքացել են, ու ընդդիմադիր մի քանի կուսակցություններ որոշել են նախորդ տարիների պես այցելել մարզեր, տեղում ծանոթանալ մարդկանց դարդերին ու հերթական անգամ փորձել «քաղաքացիական շարժում» ձեւավորել` երկիրն «ապօրինի իշխանություններից ազատելու համար»:

Բայց ինչպես եւ նախորդ փորձերի ժամանակ, այս անգամ եւս ընդդիմադիրների ջրերը կարծես թե մի առվով չեն հոսում: Տպավորությունն այնպիսին է, որ «քաղաքացիական շարժում» ստեղծելու հերթական փորձը դեռ չսկսված, ընդդիմադիրների միջով «սեւ կատու» է անցել: Օրերս հայտնի դարձավ, որ մոտ ապագայում ընդդիմադիր դաշտում ծնունդ է առնելու մի նոր հասարակական կազմակերպություն: Մինչ այդ հայտնի էր, որ Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային Միաբանությունը», Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունն» ու Արամ Կարապետյանի «Նոր Ժամանակները» պատրաստվում են առանձին-առանձին այցելել մարզեր: Նախօրեին էլ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը կարծիք էր հայտնել, թե եթե մարզերում հանդիպումներ կազմակերպելով այդ ուժերը գտնում են, թե առանձին-առանձին պայքարելն է ճիշտ՝ լավ կլիներ, որ բաց տեքստով դա հայտարարեին, որից հետո պարզ կլիներ, թե «ով է պառակտում միասնական շարժման գաղափարը»: Իսկ ահա «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ` ընդդիմադիր «17+8+1» ֆորմատն իրեն սպառել է: Վերջերս էլ խոսակցություններ տարածվեցին, որ ընդդիմադիր դաշտում նոր ֆորմատ է ձեւավորվում, որի առանցքը լինելու են Վազգեն Մանուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Շատերն ասում են` կենտրոնանալ կամ համախմբվել այս կամ այն ուժի շուրջ. այդպես չի լինելու: Ես գիտեմ, որ կոնսուլտացիաներ են գնում Վազգեն Մանուկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արամ Կարապետյանի միջեւ: Աշխատում է Արշակ Սադոյանը, մյուսները: Բոլորն ակտիվ աշխատում են քաղաքացիական շարժում պատրաստելու եւ իրականացնելու շուրջ»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, հավելելով, թե երբ կան ազգային խնդիրներ, առաջարկել միավորվել աջերի, ձախերի, ազատականների, ցենտրիստների շուրջ, «դա միտում է` թույլ չտալու ընդդիմությանը համախմբվել», սակայն Գ. Մարգարյանը պնդում է, որ ընդդիմությունը համախմբված է եւ գնում են կոնսուլտացիաներ: Ըստ մեր զրուցակի, սխալ են նրանք, ովքեր մտածում են, թե այս գործընթացը պետք է գնա 2007-ի հերթական ընտրություններ: «Հայրենիք եւ պատիվ»-ի նախագահի կարծիքով` մայիսի կեսերին կամ վերջին Արցախի եւ տարածաշրջանային այլ խնդիրների հետ կապված ինչ-ինչ զարգացումներ են լինելու եւ իշխանությունների վրա ճնշումներ են գործադրվելու: Ստացվում է, որ ընդդիմությունը հույսը դրել է գործող իշխանությունների նկատմամբ արտաքին հնարավոր ճնշումների վրա՞: Պարզվում է` ոչ: Գ. Մարգարյանի խոսքերով` բոլոր տեսակի արտաքին միջամտությունները եւ «գունավոր հեղափոխությունների» սպասելիքները վտանգավոր են հայ ժողովրդի համար: Նա վստահեցնում է, որ ընդդիմության կողմից չիրականացված, հետաձգված բոլոր միջոցառումները կիրականացվեն: Ավեին` Գ. Մարգարյանի հավաստմամբ` արդեն հաջորդ շաբաթվա սկզբում կլինեն կոնկրետ գործեր, որոնք ցույց կտան, որ եւ՛ կձեւավորվի քաղաքացիական շարժումն առաջնորդող մարմին, եւ՛ «17»-ը կշարունակի քաղաքացիական շարժման հետ կապված գործընթացը: «17»-ն աշխատում է, եւ այդ շրջանակներում գնում են հանդիպումներ, քննարկումներ, որպեսզի քաղաքացիական շարժումը սկսելիս ձեւավորվի մարմին, որը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի այդ շարժման ամբողջ գործընթացի համար»,- բացատրում է մեր զրուցակիցը: Իսկ որ Ա. Սադոյանը կարծում է, որ առանձին-առանձին մարզեր այցելող ընդդիմադիրները պառակտում են միասնական ընդդիմությանը, Գ. Մարգարյանը համաձայն չէ: Վերջինիս կարծիքով` «17»-ը կա եւ գործում է, ու «17»-ի շրջանակում այս կամ այն կուսակցության` այս էտապում առանձին մարզեր այցելելը բացարձակապես չի ասում այն մասին, որ «17»-ը պառակտվում է: Իսկ անդրադառնալով «17»-ի ֆորմատի սպառված լինելու մասին «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցի հայտարարությանը` Գ. Մարգարյանը նշեց. «Նրանք, ովքեր ասում են, որ «17»-ը սպառվել է, չի գործում, դա իշխանության պատվեր է, կամ իրենք այդքան թույլ են, որ վախենում են պատասխանատվությունից, վախենում են քաղաքացիական շարժման գործից, դրա համար էլ փորձում են պիտակավորել «17»-ը»: Մարգարյանի համոզմամբ` գերտերություններն այսօր խնդիր են դրել` թույլ չտալ, որ Հայաստանում «միավորվի, ձեւավորվի» ընդդիմություն: «Բայց ընդդիմությունը վաղուց կայացել է, կա, գործում է: Իսկ նրանք, ովքեր ասում են, որ «17»-ը սպառել է իրեն, կատարում են այդ պատվերները, որ ընդդիմությունը չկայանա,- նշում է «Հայրենիք եւ պատիվ»-ի ղեկավարը` հավելելով,- մենք շարունակելու ենք այն, ինչ որդեգրել ենք, իսկ ովքեր չեն դիմանա, դա իրենց պրոբլեմն է: Ուրեմն պետք է մարդ լինեն եւ չխանգարեն այդ գործընթացին»: Պատվերներ կատարելու մասով մեկնաբանություններ խնդրեցինք անձամբ Ս. Սուրենյանցից: Վերջինիս խոսքերով` իր դաստիարակությունը, քաղաքական փորձառությունը, անցյալը եւ ներկան իրեն թույլ չեն տալիս իջնել այդ մակարդակին, մանավանդ, որ այստեղ կա նաեւ բարոյական գործոն: Ըստ Սուրենյանցի, Հայաստանի առանցքային կուսակցություններից մեկի պատասխանատուներից մեկը հումանիզմի դրսեւորում ունենալով` իրեն թույլ չպիտի տա պատասխանելու մեկին, ով նախագահական ընտրություններում ընդամենը մի քանի հարյուր կամ հազար քվե է ստացել: «Ինչ վերաբերում է իշխանության պատվերին, ապա ուզում եմ արձանագրել, որ գործող իշխանությունը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, եւ Գառնիկ Մարգարյանն` իր կողմնակիցներով, ունեն շատ որոշակի գաղափարական ընդհանրություններ»,- նշեց Սուրենյանցը, հավելելով, թե այդ անձինք Հայաստանի հույսը փնտրում են մեր երկրի ինքնիշխանություն սահմանափակող հակադեմոկրատական միեւնույն երկրում եւ նույն անտագոնիզմն ունեն Հայաստանի Երրորդ Հանրապետության հանդեպ: «Ես սովետների օրոք չեմ զբաղեցրել ո՛չ պարտկոմի, ո՛չ թԸԼ-ի պետի պաշտոն եւ սովոր չեմ պատվերներ կատարել, առավելեւս, ժամանակ չունեմ ոմանց լիկբեզով զբաղվելու»,- եզրափակեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամը: Մի խոսքով, տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմադիրներն այսօր ավելի շատ միմյանց դեմ են պայքարում, քան իշխանության: