«Դասադուլներով հարց չեն լուծում»

22/04/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանն այցելեց Երեւանի Սննդի արդյունաբերական պետական քոլեջ, որի կոլեկտիվը դեռ նախօրեին դասադուլ էր հայտարարել՝ պահանջելով, որ քոլեջի նոր տնօրենի նշանակման հարցում նախարարությունը հաշվի առնի նաեւ իրենց կարծիքը եւ քոլեջի նոր տնօրեն ընտրվի իրենց կոլեկտիվից:

Նախարարի այցը քոլեջ այդպես էլ անհասկանալի մնաց, որովհետեւ նա մոտ երկու ժամ քոլեջի նախկին տնօրենի հետ փակվեց նրա առանձնասենյակում եւ հեռացավ այդպես էլ չհանդիպելով մանկավարժների եւ ուսանողների հետ: Ի դեպ, քոլեջի կոլեկտիվը, ներառյալ նաեւ տնօրենը, միայն երեկ իմացան, որ իրենց տնօրենի աշխատանքից ազատման դիմումը ստորագրվել է մեկ շաբաթ առաջ եւ նույն օրն էլ նախարարի հրամանով նոր տնօրեն է նշանակվել Արմեն Փաշայանը: Փաստորեն Գետեւոն Ավագյանը մեկ շաբաթ տեղյակ չի եղել, որ ինքն աշխատանքից ազատված է, եւ, փաստորեն, նախարարը քոլեջ այցելելով` հանդիպեց միայն այն մարդու հետ, ով այդ հաստատությունում իրավաբանական որեւէ կարգավիճակ այլեւս չուներ: Իսկ այդ ընթացքում, ուղիղ երկու ժամ, ուսանողներն ու մանկավարժները համբերատար սպասում էին, թե նախարարը կբարեհաճի նաեւ իրենց լսել: Մեր ունեցած տեղեկություններով՝ Գ. Ավագյանն` իմանալով, որ ինքն արդեն ազատված է պաշտոնից, առաջարկել է նախարարին՝ հանդիպումը շարունակել կոլեկտիվի հետ, առանց իր մասնակցության, ինչը Երիցյանի սրտով չի եղել: Նախապես թեեւ կարծիք կար, թե նախարարը քոլեջ է այցելում, որպեսզի նոր նշանակված տնօրենին ներկայացնի կոլեկտիվին, սակայն նախարարի հետ քոլեջ եկած Արմեն Փաշայանը նույնիսկ չմասնակցեց նախարարի եւ նախկին տնօրենի առանձնազրույցին, այդ երկու ժամվա ընթացքում նա նյարդային քայլում էր տնօրենի ընդունարանում ու դժգոհում, թե ինչու է մամուլն իրեն վարկաբեկում՝ գրելով, որ ինքը եղել է ՊԱԿ-ի աշխատակից կամ դաշնակցական: «Ես դաշնակցական երբեք չեմ եղել, հավատացեք,- հուզված ասում էր Ա. Փաշայանը,- ես ամբողջ կյանքումս միայն մեկ՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ եմ եղել, քոլեջի կոլեկտիվն ինչո՞ւ է դա շահարկում, ուզում են ասել, որ ես անսկզբունքայի՞ն մարդ եմ, իսկ ՊԱԿ-ում 1 տարի 6 ամիս եմ աշխատել՝ դա ինչո՞ւ եք գրել»: Պրն Փաշայանի խոսքերով՝ իր համար անակնկալ է եղել, որ իր անձի հետ կապված դժգոհություններ են եղել քոլեջում: «Ախր, նրանք ինձ չեն ճանաչում, ես կրթության համակարգում աշխատանքային փորձ ունեմ՝ դա ինչո՞ւ չեն նշում»,- զարմացած էր Ա. Փաշայանը: Մեր այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, եթե կոլեկտիվը չի ընդունում իրեն, Ա. Փաշայանն ընդամենը պատասխանեց. «Ես ի՞նչ կարող եմ անել, նախարարի հրամանն է եղել դա»:

 Իսկ քոլեջի կոլեկտիվը համոզված է, որ Արմեն Փաշայանը երկակի խաղ է խաղում, եւ «Օրինաց երկրի» անդամ լինելով՝ մինչեւ հիմա էլ մնում է հոգով դաշնակցական: «Օրվա որ ժամին ուզում եք՝ զանգեք ՀՅԴ գրասենյակ եւ Փաշայանին ուզեք, եթե այնտեղ չլինի՝ կասեն` կամ` նոր դուրս եկավ, կամ՝ մի քիչ հետո կգա, Լեւոն Մկրտչյանի հետ էլ քավոր-սանիկ են»,- իր հերթին զարմանում է կոլեկտիվը:

Այնուամենայնիվ՝ մոտ երկու ժամ ի՞նչ է խոսել ԿԳ նախարարը պաշտոնանկ եղած տնօրենի հետ եւ ինչո՞ւ այդպես էլ չներկայացրեց նոր տնօրենին: «Խոսում էինք ամեն ինչից»,- բազմաբովանդակ պատասխանեց նախարարը, որին, կարծես, առանձնապես չէր մտահոգում քոլեջի կոլեկտիվի դիրքորոշումը նորանշանակ տնօրենի հանդեպ: «Յուրաքանչյուր աշխատողի գործն է իր օրենսդրական պարտականությունները կատարել, դասադուլներով եւ այլ ճանապարհներով խնդիրներ չեն լուծվում, վաղուց դրանց ժամանակներն անցել են, խնդիրները երկխոսության, քննարկումների ճանապարհով են լուծվում»,- իր վերաբերմունքն արտահայտեց նախարարը: Երկխոսության կոչ անող նախարարը Փաշայանի նշանակումն այս պաշտոնում իր իրավունքը համարեց, ընտրությունն արդարացրեց երկու բառով՝ «Դե, մեկին պետք էր նշանակել, պրն Փաշայանի դեպքում էլ որեւէ հակասություն չկա՝ բարձրագույն կրթությունը կա, փորձառություն ունի»: Իսկ կոլեկտիվի դժգոհությունները, պարզվում է, տեղին չեն եւ ուշացած են. «Ես լսել եմ նրանց պատճառաբանությունները, որոնք, չեմ կարծում, թե հիմնավորված են, դրանք վարկածային մոտեցումներ են, ցանկացած խնդրի վերաբերյալ կարելի է ենթադրություններ անել, բացի այդ՝ այդ բողոքները եղել են նոր տնօրենի նշանակման հրամանից հետո միայն»: Դժվար է ենթադրել՝ քոլեջի կոլեկտիվը ինչպե՞ս պետք է կարողանար իր բողոքն արտահայտել մինչեւ նոր տնօրենի նշանակումը, երբ դա արվել էր գաղտնի (համենայնդեպս երեկ նախարարի հետ քոլեջ այցելած նախարարության աշխատակիցները եւս այդ մասին լռում էին) եւ կոլեկտիվն այդ մասին ստույգ տեղեկացավ նախարարի այցից հետո միայն, եւ եթե անգամ կարողանար մինչ նշանակումը բողոքել, ինչ կփոխվեր դրանից, եթե Սերգո Երիցյանն այն համոզմունքին է, որ իր «հրամանը պետք է նախ կատարվի, ապա նոր քննարկվեն եղած կարծիքները»:

Նախարարի այցից հետո քոլեջում ընդհանուր ընկճվածության մթնոլորտ էր: Նախկին տնօրենի հորդորմամբ` դասադուլավորները երեկ ցրվեցին՝ այսօր կրկին հավաքվելու մտադրությամբ: «Ես իրավունք չունեմ որեւէ բան ասել կամ անել, սակայն վաղը կոլեկտիվին խորհուրդ կտամ ծայրահեղ քայլերի չդիմել, թող փորձեն հանդիպել նոր տնօրենի հետ եւ քննարկել ծագած խնդիրները»,- երեկ ասաց Գ. Ավագյանը: Նա չբացահայտեց նախարարի հետ ունեցած երկժամյա զրույցի մանրամասները: «Բարոյական իրավունք չունեմ»,- ասաց Գ. Ավագյանը, սակայն պարզորոշ էր, որ շատ ընկճված է նախարարի վերաբերմունքից: Դա ակնհայտ էր հատկապես նախարարի այցից հետո նրա գրչից ծնված բանաստեղծական քառատողից, որը մեզ կարդաց հեռախոսազրույցի ժամանակ. «Ես ճամփեզրի փոշեծածկ քար չեմ, / Ոչ էլ վախվորած ծառ մի մենավոր, / Որին կարող են ուզածդ պահին / Կացնահարել, շպրտել մի կողմ…»: