«Առանց Վահեի չեմ կարող ապրել»

22/04/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

31-ամյա Հայկ Կտրակյանը, ով մինչեւ հիմա որեւէ մեկի դուռը չի թակել իրեն օգնելու համար, հիմա իր երեխային փրկելու համար մի կողմ է դրել հպարտությունը: Ամեն օր, երեխայի մեծանալու հետ մի նոր բան նկատելով, հայրն ավելի է կապվում տղայի հետ ու ամեն անգամ նրան նայելիս հասկանում է, որ ամենածայրահեղ քայլին կգնա, միայն թե փոքրիկ Վահեն չմահանա:

Ի տարբերություն 8 ամսական Վահեի, որը դեռ չի հասցրել գիտակցել կյանքի արժեքը, ծնողները գիտեն, որ փոքրիկի մահն անխուսափելի է, եթե մի բարեգութ մարդ Վահեի մեջ չտեսնի սեփական երեխային ու ձեռք չմեկնի: Երիտասարդ այս տղամարդը երեխայի մասին խոսելիս կծկվում, իրեն անօգնական է զգում ու հասկանում է, որ առանց ֆինանսական միջամտության չի կարող նորածնին պաշտպանել: Ամուսնանալով Գոհարի հետ` ունեցել են Լիլիթին, ով եղբոր հիվանդության մասին իմանալով` շատ է տանջվում ու ծնողներին զգուշացրել է, որ առանց Վահեի չի կարող ապրել: Օգոստոսի 18-ին Վահեն լույս աշխարհ է եկել նորմալ երեխայի չափով եւ քաշով, սակայն ունեցել է ֆիզիոլոգիական դեղնություն: «Մեզ ասում էին, որ այդ դեղնությունը մինչեւ երեխայի քառասունքն անցնում է»: Սակայն Հայկի նկարագրելով՝ քառասունքից հետո երեխայի դեմքի դեղնությունը գնալով կանաչավուն է դարձել: Դեղնախտի կասկածանքով ծնողները տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նախնական ախտորոշմամբ հայտնաբերվել է լյարդի լեղուղիների ատրեզիա: «Դրանից հետո մեզ ուղեգրեցին Բաբլոյանի կենտրոն, մասնագետները նայեցին եւ ախտորոշումը հաստատեցին»,- պատմում է Վահեի հայրը՝ ասելով, որ բժիշկներն առանց հապաղելու անմիջապես առաջարկել են վիրահատել երեխային: 2 ամսական Վահեի վիրահատությունը տեւել է 5-6 ժամ: Փաստորեն, երեխան ի ծնե լեղապարկ եւ լեղուղիներ չի ունեցել, լյարդում մազանոթներ եղել են, որոնք, սակայն, չեն գործում: Վահեի լեղին հավաքվում է լյարդի մեջ եւ լյարդը քայքայում է: Բժիշկները Հայկին նախապես բացատրել են, որ վիրահատության արդյունքը կարող է 25%-անոց արդյունավետություն ունենալ, սակայն Հայկի կարծիքով՝ արդյունքն այն է, որ Վահեն դեռեւս ապրում է: Հայաստանում առկա բժշկական տեխնիկան ի զորու չէ հղի կնոջ մոտ կամ նորածին երեխայի մոտ հայտնաբերել ներլյարդային արատը, ինչի պատճառով ավելի բարդանում է վիճակը: «Եթե հղիության ընթացքում հայտնաբերվեր` արատը կվերացնեին, հեշտ կլիներ, բայց կինս շատ առողջ էր, ոչ մեկը չէր մտածում, որ այսպիսի բան կլինի: Ասում են` 1-2 ամիս առաջ բերել են այդ տեխնիկան, մեզ մոտ էլ են կիրառում, բայց Վահեի ծնվելուց ամիսներ անց հայտնաբերեցին արատը»,- ասում է Հայկը, որին բժիշկները տեղեկացրել են, թե շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է եւ իրենց պրակտիկայում նման դեպքեր շատ քիչ են եղել: Հայկն ասում է, որ բարեբախտաբար գրագետ մասնագետների են հանդիպել, որովհետեւ իր կարծիքով՝ նման արատով տառապող երեխաներին մշտապես վաղ շրջանում կորցնում են ծնողները, իսկ Վահեն, 8 ամիս է՝ ապրում է: Հիմա երեխայի վիճակը կտրուկ վատացել է: 2-րդ վիրահատությունից հետո կրկին արդյունք չկա, որովհետեւ լյարդը լեղին դուրս մղելու ֆունկցիան չի կատարում եւ լյարդի ցիռոզ է սկսվում: Վահեն հիմա մշտապես ջերմում է, մաշկը գնալով ավելի է դեղնում, մարսողությունը լավ չի կատարվում: Հարցնում եմ՝ «ինչպիսի՞ն է Վահեն», հոր աչքերը սկսում են փայլել, ու ամեն ինչ անում է, որ որդուն ճիշտ նկարագրի. «Որ նայես` նորմալ երեխաներից չի տարբերվում, գիտակցությունը տեղն է, ծնողներին ճանաչում է, Զատիկի օրը ատամ է ծակել, էսօր երեւի նոր ատամ կծակի…»: Հայրը շատ է ուրախանում, երբ Վահեն քաղց է զգում ու սկսում է աղմկել, ուզում է միշտ այդ աղմուկը լսել:

Ապա մի պահ լռելով՝ Հայկն ասում է, որ Վահեն ուղղակի ֆիզիկապես թույլ է: Նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստման շտապ վիրահատություն, որը հիմնականում արվում է Ֆրանսիայում եւ Բելգիայում, որտեղ Վահեի նման երեխաներին բուժում են: Ռուսաստանում նույնպես վերջին տարիներին նման վիրահատություններ կատարում են, բայց արդյունքների ու հաջողությունների վերաբերյալ Հայկը տեղեկություն չունի: Ծնողները երեխայի բժշկական թղթերն ուղարկել են Ֆրանսիայի մանկական հիվանդանոց, որը հատուկ նախատեսված է օտարերկրացիների վիրահատությունների համար, բայց արձագանք դեռեւս չկա: Ֆրանսիացի մի բժիշկ, որը վերջերս Հայաստանում է գտնվել, Հայկի հետ խորհրդակցելիս ասել է, որ Վահեի վիրահատությունը եթե 1-2 տարվա ընթացքում չկատարվի, ապա երեխան այլեւս չի ապրի: Ծնողները խուճապի մեջ են, որովհետեւ երեխայի վիճակը տագնապալի է, անընդհատ ջերմություն ունի: Հայկը կարծում է, որ երեխան գոյատեւում է օրգանիզմի ռեսուրսների հաշվին, որոնք շուտով կսպառվեն: Վահեի կյանքը փրկելու համար ֆինանսական միջոցներ են հարկավոր:

Դիմում ենք գթասիրտ մարդկանց օգնությանը

8 ամսական Վահե Կտրակյանի կյանքը փրկելու համար նրան անհրաժեշտ է լյարդի շտապ փոխպատվաստման վիրահատություն արտասահմանում:

Այն մարդիկ, ովքեր կցանկանան ֆինանսական աջակցություն ցուցաբերել երեխայի բուժման համար, կարող են գումարը փոխանցել հատուկ բացված հաշվի համարին.

Հայէկոնոմբանկ, «Մետաքս» մասնաճյուղ,
163218216170 (AMD)
163218216188 (USD)
163218216196 (EURO)