Կփոխարինի՞, արդյոք, հայկական գինին վրացականին

22/04/2006 Վերիկո ԳՈՒԼՈՒԱ, «Ռեզոնանսի-Բաստա» (Վրաստան)

Այն ժամանակ, երբ չի դադարել իրարանցումը ռուսաստանյան շուկայում վրացական գինիների իրացման արգելքի շուրջ, երբ վրացական կառավարությունը Պաշտպանության նախարարությանը հանձնարարում է սպառման նոր շուկաներ գտնել, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը փորձում է ձուկ բռնել պղտոր ջրում:

«Ռեգնում» գործակալության տարածած հարցազրույցում Հարությունյանն ասում է, որ Հայաստանը կարող է զբաղեցնել այն բացը, որը կառաջանա ռուսաստանյան շուկայում վրացական եւ մոլդավական գինիների ներմուծումից հրաժարվելու դեպքում: Այդպիսի իրավիճակը, Հարությունյանի խոսքերով, ձեռնտու է Հայաստանին, որը քաղաքական ճիշտ կուրսի դեպքում լիովին կարող է օգտվել ներկայիս հանգամանքներից:

«Արդյունաբերողներ» խորհրդարանական խմբակցության ղեկավարներից մեկի՝ Գիորգի Ցաղարեիշվիլու խոսքերով, Հայաստանի գինեգործների միության նախագահի մտադրություններն ու ցանկություններն իրատեսական չեն, քանի որ Հայաստանը չունի չոր եւ կիսաքաղցր գինիների արտադրության ավանդույթներ: Դժվար կլիմայական պայմանները եւ ոչ բերքատու հողը նպաստում են միայն դեսերտային խաղողի աճեցմանը, որից կարելի է քաղցր դեսերտային գինի պատրաստել: Ցաղարեիշվիլու կարծիքը կիսում է սննդի ինստիտուտի տնօրեն Նուգզար Բագատուրիան:

– Գինին, ինչպես հայտնի է, ստացվում է խաղողից: Խաղողի այնպիսի սորտեր, ինչպիսին մեզ մոտ են, հայերը երբեք չեն ունեցել: Կլիմայական պայմանների եւ Հայաստանի բնահողի պարագայում այդ որթերը պարզապես չեն ապրում: Թող նրանք գոնե մեկ սորտ ասեն, որն իրենցից գնել է որեւէ արտասահմանյան պետություն: Այդպիսի բան պարզապես չկա:

– Խաղողի ի՞նչ սորտեր են աճում Հայաստանում:

– Ես չգիտեմ: Եթե նրանք որեւէ յուրահատուկ սորտ ունենային, ես կիմանայի դրանց մասին: Ընդհանրապես, մի երկիր, որտեղ որթը թաղում են հողում, չի կարող հավակնել գինեգործական երկրի կարգավիճակի:

– Ինչո՞ւ են նրանք որթը թաղում:

– Հայաստանում խիստ ցրտեր են լինում, եւ որպեսզի որթը չսառչի, նրան ծածկում են հողով: Այդպիսի պայմաններում պատրաստված գինին չի կարող հավակնել ժողովրդականության եւ աշխարհում առաջատար դիրքերի, այդ պատճառով նա, ով այդպիսի նպատակներ է առաջադրում, գինեգործությունից ոչինչ չի հասկանում: Նրանց ո՞վ էր խանգարում նախկինում գրավել ռուսաստանյան շուկան իրենց գինիով: Ինչո՞ւ Ռուսաստանում չգիտեն հայկական գինիների մասին:

– Աշխարհում ո՞ր գինիներն են մրցունակ վրացականի հետ:

– Դրան դժվար է պատասխանել, քանի որ շատ ակտիվորեն «հայտնվում են» հարավաֆրիկյան, չիլիական, պորտուգալական գինիները, ամերիկյան Ֆլորիդա նահանգի գինին: Ես այսպես կասեի. վրացական գինին, եթե այն խղճով է պատրաստված, աշխարհում ոչ մեկին չի զիջի: Այդուհանդերձ, չի կարելի ասել, որ նա ամենալավն է: Գիտե՞ք ինչու: Դա կախված է շատ գործոններից: Դրանցից մեկն այն է, թե ինչպես ես գինին պատրաստում: Օրինակ, ֆինանսային ոստիկանության աշխատակիցները հետազոտության համար մեր ինստիտուտ բերեցին 40 անուն ալկոհոլային արտադրանքի նմուշներ: Պարզվեց, որ դրանք բոլորը կեղծված էին: Մենք կարողանում ենք բարձրորակ արտադրանք ստեղծել, բայց մշտական հսկողություն է պետք: Եվ այդ հսկողությունը նույնպես պետք է անընդհատ խստացնել: Եթե գործին այդ կերպ մոտենանք, ապա վրացական գինիները պահանջարկ կգտնեն սպառման շատ այլ շուկաներում:

– Ասում են, որ կեղծված գինիներն իրացվում են միայն ներքին շուկայում, իսկ արտասահման է արտահանվում միայն լավագույնը:

– Ցավոք, ինձ մոտ փորձագիտական հետազոտման չեն բերել արտահանման նմուշները: Իսկ ներքին շուկայի համար նախանշված գինիները, շամպայնը, լիկյորներն իսկապես կեղծված են: