Նոր ձեւաչափը համապատասխանում է Ադրբեջանի շահերին

22/04/2006 Ռ. Միրքադիրով, Մ. Հուսեյնով, «Զերկալո», Ադրբեջան

«Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացն ընթանում է նոր ձեւաչափով, որը համապատասխանում է Ադրբեջանի ազգային շահերին եւ հիմք է ստեղծում երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար»,- ապրիլի 12-ին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Զաքաթալայում պետսահմանապահային ծառայության N զորամաս կատարած այցելության ժամանակ: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը չի ցանկանում ռազմական գործողություններ վերսկսել, բայց դրա հետ մեկտեղ ավելացնում է իր ռազմական ներուժը:

Ապրիլի 28-ին՝ իր Նահանգներ կատարելիք առաջին պաշտոնական այցի շրջանակներում, Իլհամ Ալիեւին ընդունելու է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը: Ադրբեջանական դիվանագիտությունը ԱՄՆ-ի պաշտոնական հրավերը ձեռք բերեց, ինչպես ասում են, երկար եւ համառորեն՝ վերջին երեք տարիների ընթացքում: Եվ այն հաջողվեց Վաշինգթոնում Է. Մամեդյարովի եւ Կ. Ռայսի հանդիպման ավարտից հետո, այսինքն, անմիջապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ «նոր ձեւաչափը համապատասխանում է Ադրբեջանի ազգային շահերին»: Դժվար չէ նկատել Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի նախագահների առաջիկա հանդիպման եւ պաշտոնական Բաքվի համար «նոր առաջարկությունների» ընդունելի լինելու միջեւ փոխկապակցվածությունը:

Անհրաժեշտ է ըմբռնել, թե ինչ անսովոր եւ նոր բան է առաջարկել հակամարտության կողմերին ԱՄՆ-ի պետքարտուղարը, ընդ որում, անմիջապես Ռամբույեում բանակցությունների ձախողումից հետո, որ հանկարծ այսօր եւ Բաքվում, եւ Երեւանում միաձայն հայտարարում են նոր ձեւաչափով բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին: Ստացվում է, որ գտնվել է հիմնախնդրի «սողոմոնյան վճիռը», որը նույնիսկ «նոր» չլինելով, ինչպես պնդում է դեսպան Ռ. Հարնիշը, այնուամենայնիվ, ձեռնտու է հակամարտության մեջ ներքաշված կողմերին: Եվ ոչ ոք, ամբողջ 12 տարիների խաղաղ բանակցությունների ընթացքում, չկարողացավ այդպիսի «պարզ լուծման» եզրահանգել: Մի՞թե մեզ նորից, իսկ ավելի շուտ, ամերիկացիներին, կերակրում են «քաղցր հալվայով», որպեսզի վերջին պահին վիժեցնեն խաղաղ բանակցությունները, ինչպես դա եղավ մի քանի անգամ, այդ թվում եւ Ռամբույեում:

Փորձենք պարզաբանել՝ թե ի՞նչ նոր բան կարող են առաջարկել միջնորդները մեզ եւ հայերին: Սկսենք ամենապարզից՝ անհնար տարբերակների բացառման մեթոդից, քանի որ միջնորդները մեզ հիմա էլ են նախազգուշացնում, որ հակամարտության կողմերից եւ ոչ մեկը չի կարող հասնել իր սեփական շահերի եւ ցանկությունների 100 տոկոսանոց իրականացմանը: Միանգամից հարկավոր է մի կողմ նետել փաթեթային տարբերակը՝ իր ցանկացած ձեւափոխմամբ: Չէ՞ որ այդ դեպքում կամ պաշտոնական Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը, կամ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ ԼՂ-ի ինքնավարության վերականգնման իրավունքը: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ընդունելի չեն հակամարտության կողմերի համար: Փուլային տարբերակը՝ իր «մաքուր վիճակով», այսինքն` գրավյալ տարածքների ազատագրումը, բոլոր բռնի տեղահանվածների եւ փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու ապահովումը, բոլոր հաղորդակցության միջոցների բացումը եւ տնտեսական հարաբերությունների վերականգնումը՝ առանց այդ հարցի լուծումը ԼՂ-ի կարգավիճակի հետ կապելու, որը կլուծվի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերջին փուլում, անընդունելի է պաշտոնական Երեւանի համար: Եվ, վերջապես, Ռամբույեում քննարկվող փուլային-փաթեթային տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ 10-15 տարով «հետաձգված հանրաքվեով», ավելի շուտ մերժվեց Ադրբեջանի կողմից, քանի որ դա կնշանակեր ԼՂ-ի անկախության հոժարակամ ճանաչում: Սակայն…

Մնում է քննարկել եւս մեկ տարբերակ, որը ներկայացվել էր տարածաշրջանային հակամարտությունների հարցերով Դորտմունդյան գիտաժողովի աշխատանքային խմբի համանախագահներ Հարոլդ Սոնդերսի (ԱՄՆ-ի պետքարտուղար Հենրի Քիսինջերի նախկին տեղակալ) եւ Վիտալի Նաումկինի (հայտնի դիվանագետ, գիտնական-արեւելագետ) վերջերս հակամարտության տարածաշրջան կատարած այցի ընթացքում:

Այդ փաստաթղթի հիմնական գաղափարը խաղաղ կարգավորման ձեռքբերումն է՝ «step by step» (քայլ առ քայլ) սկզբունքով: Մեծ հաշվով, առաջարկված շրջանակային համաձայնագիրը փուլային տարբերակի ձեւափոխումներից մեկն է: Այսպիսով, խոսքը գնում է շրջանակային համաձայնագրի դրույթների իրականացման համար «միջանկյալ համաձայնագրերի» մի ողջ շարքի ստորագրման մասին, որոնք վերաբերում են զորքերի դուրս բերմանը, փախստականների վերադարձին, անվտանգության հարցերի լուծմանը: Ընդ որում, ենթադրվում է ԼՂ-ին «միջանկյալ կարգավիճակ» ընձեռել: Իսկ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշվելու է հակամարտության կարգավորման վերջին փուլում: Միանգամից նշենք, որ այդ տարբերակը միանշանակ չի մերժվել ոչ ադրբեջանական, ոչ էլ հայկական կողմից:

Ողջ հնարքը կայանում է ԼՂ-ի «միջանկյալ կարգավիճակի» մեջ, որը մի կողմից` չի հանդիսանում միջազգային-իրավական, բայց մյուս կողմից` թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղի հայերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, դուրս բերել նրանց լրիվ մեկուսացումից, եւ բոլորին, այդ թվում` արտասահմանյան պետություններին եւ միջազգային կազմակերպություններին, նրանց հետ «լեգալ» հարաբերություններ հաստատել: Ստացվում է, որ «եւ ոչխարներն են ողջ, եւ գայլերն են կուշտ», գոնե՝ մի որոշ ժամանակ: Բաքուն կարող է հոխորտալ, որ ԼՂ-ի ապագա վերջնական կարգավիճակի հետ կապված ոչ մի պարտավորություն իր վրա չի վերցնում: Հայերը հասարակական կարծիքը կարող են հանգստացնել նրանով, որ Արկադի Ղուկասյանը` «միջանկյալ կարգավիճակ» ստանալով, ըստ էության, դառնում է «չճանաչված պետության» «ճանաչված ղեկավար»: Բայց պետք չէ մոռանալ, որ որպես կանոն, «չկա առավել մշտական բան, քան ժամանակավոր որեւէ բան»: Բացի այդ, նման երեւույթի հետ աշխարհն արդեն ծանոթ է Կոսովոյի պարագայում: Այնտեղ «չճանաչված իշխանությունները», նույնպես միջազգային հանրության ներկայացմամբ, ստացան «միջանկյալ կարգավիճակի» նման մի բան: Դրանից ինչ ստացվեց՝ բոլորին է հայտնի: Ի դեպ, Հ. Սոնդերսը, լինելով Բաքվում, ընդունեց, որ տվյալ տարբերակը ներկայացվել էր ամերիկյան համանախագահ Սթիվեն Մանին եւ դրականորեն գնահատվել նրա կողմից: