2006թ. մարտի 20-ին Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երեւան քաղաքի բնակիչ Արման Քալանթարյանը եւ հայտնել, որ գյուղատնտեսական ապրանքների գնումներ կատարելու նպատակով`գիշերը ժամը 04:30-ի սահմաններում, իրեն անծանոթ 3 անհայտ անձինք «Անահիտ» շուրջօրյա շուկայի մոտից իր վստահությունը չարաշահելով խաբեությամբ տարել են Սեբաստիա փողոցի վրա գտնվող բարձրահարկ շենքերի կողմն ու, ծեծի ենթարկելով` դանակի սպառնալիքով հափշտակել իր մոտ եղած ոսկյա զարդերը, դրամապանակը, որի մեջ եղել է 249 հազար դրամ եւ «SAMSUNG» տեսակի բջջային հեռախոսը, ու դիմել փախուստի:
Արդյունքում Ա. Քալանթարյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ: Մինչ ոստիկանությունում նա իրավապահներին նկարագրում էր 3 անծանոթ անձանց արտաքին տվյալները` Ոստիկանությանն է դիմում կիսամերկ, մարմնական վնասվածքներ ստացած, 1980-ին ծնված Քնարիկ Գառնիկի Գաբոյանը: Վերջինս հայտնում է, որ գիշերը ոմն Տարոն եւ Նարեկ եղբայրներ` «Անահիտ» շուրջօրյա շուկայից իրեն խաբեությամբ տարել են իրենց կողմից վարձակալած բնակարան, որտեղ ծեծի են ենթարկել, իսկ հետո դանակի սպառնալիքի տակ փորձել բռնաբարել:
«Երբ նրանք ինձ հասցրել էին կիսամերկ վիճակի եւ արդեն պետք է, խմիչքից ու վայրենի կրքից գազանացած, իրենց սեւ գործը կատարեին, ես ստեցի, թե բնական կարիքներս հոգալու համար մի քանի րոպեով ցանկանում եմ դուրս գալ ու, քանի որ միայն ներքնաշորերով էի, մտածեցին, թե չեմ փախչի: Դուրս եկա ու չիմացա, թե ինչպես կարողացա այդ լաբիրինթոս տների արանքից դուրս պրծնել»:
Օրեր անց, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից ավազակային հարձակում եւ բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով, Ծերենցի 25 հասցեից Ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվում եղբայրներ, նախկինում մեկ անգամ դատապարտված, 1986-ին ծնված Նարեկ եւ նախկինում 3 անգամ դատապարտված, 1983-ին ծնված Տարոն Պեպանյանները:
Ոստիկանության քննչական բաժանմունքում եղբայրները խոստովանում են. «Սկզբում եղբայրավարի, 4 ընկերներով մի լավ կերել-խմել էինք ու մի քանի բաժակ տնական օղի պարպելուց հետո նկատեցինք, որ մի երիտասարդ, հաստափոր դրամապանակը ձեռքին, գնումներ է կատարում, ու մենք էլ որոշեցինք դրամապանակը մեզանով անել»:
Եղբայրներն իրենց որոշումն ի կատար են ածում իրենց մյուս հանցակից ընկերոջ` նախկինում 8 անգամ դատապարտված, «Վոժդ» մականունով Գագիկ Վասիլյանի հետ: Երիտասարդից խլում են դրամապանակը, բջջային հեռախոսն ու ոսկյա զարդերը եւ գոհ իրենց ավարից` վերադառնում շուկա` շարունակելու իրենց կիսատ մնացած «կերուխումը»: Որոշ ժամանակ անց նկատում են, որ երիտասարդ մի աղջիկ, որը ցանկանում էր տոնավաճառից գյուղմթերքներ գնել, վաճառողի հետ գնի շուրջ սակարկություն էր կատարում, խնդրում, որ իրենց ընտանիքը սոցիալապես անապահով խավին է պատկանում, որ ինքը հիվանդ մայր, հաշմանդամ սկեսուր եւ սկեսրայր եւ 2 անչափահաս երեխաներ ունի: Մոտենալով նրան, Տարոնն ու Նարեկը ներկայանում են բարեգործական հիմնադրամում աշխատողներ եւ ասում, որ կարող են մանկական հագուստներով նրա երեխաներին օգնել, եւ խաբելով, թե հիմնադրամի պահեստը գտնվում է Ծերենցի փողոցում, միասին մեկնում են «հիմնադրամի» պահեստ: Հասնելով Ծերենցի փողոցում գտնվող, իրենց կողմից վարձակալած բնակարանը` Նարեկն ու Տարոնը, դանակի սպառնալիքի տակ նախ` մերկացնում, հետո` փորձում են տիրել աղջկան: «Սակայն աղջիկը մեզ «կուտ տվեց», ֆռռացրեց ու դիմեց փախուստի»,- Ոստիկանությունում խոստովանում էին եղբայրները։ Խուզարկությամբ նրանց բնակարանում հայտնաբերվում են Ք. Գաբոյանի հագուստները, որոնք մնացել էին այնտեղ` բռնաբարության փորձի ժամանակ, իսկ Տարոնի մոտից հայտնաբերվում է Ա. Քալանթարյանի դրամապանակը: Իսկ նրանից հափշտակված բջջային հեռախոսն ու ոսկյա զարդերը հայտնաբերվում են «Անահիտ» տոնավաճառի մի աշխատակցուհու մոտ, որին դրանք ի պահ էր տվել «Վոժդը»` Գագիկ Վասիլյանը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօր.-ի 175 (ավազակային հարձակում) եւ 138 (բռնաբարության փորձ) հոդվածների հատկանիշներով: Եղբայրներն ու «Վոժդը» կալանավորվել են:
Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ` նրանց մյուս հանցակցի` ոմն Էդոյի անձը ճշտելու եւ նրան բերման ենթարկելու համար: Մեր տեղեկություններով, Ն. եւ Տ. Պեպանյանների հայրը` առանձնապես ծանր հանցանք կատարելու համար, երկար ժամանակ իր պատիժն է կրում Գորիսի ուժեղացված բանտում: