Գալուստ Գյուլբենկյանի ընտանիքի ծագումը հասնում է մինչեւ 4-րդ դար: Նրա նախնիները Ռշտունի նախարարներն էին, որոնք իշխում էին Պատմական Հայաստանի Վանա լճի հարավային կողմում` Ռշտունիքում:
11-րդ դարում` Վասպուրականի Սենեքերիմ թագավորի իշխանության շրջանում, Ռշտունի նախարարներն իրենց ընտանիքներով գաղթում եւ բնակություն են հաստատում Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Այդ ժամանակաշրջանից նրանք ստանում են Վարդ Պատրիկ տիտղոսը, որը 17-րդ դարում փոխում են Գյուլբենկյան ազգանունով: Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869թ. մարտի 23-ին Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում` Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում: Գալուստից հետո ընտանիքում ծնվում են եւս երկու արու զավակ: Նախնական կրթությունը ստանում է Քարը գյուղի Արամյան-Ունճյան դպրոցում, այնուհետեւ` ֆրանսիական Սուրբ Հովսեփ վարժարանում: Ֆրանսերենում հմտանալու համար մեկնում է Մարսել, այնտեղից` Լոնդոն, որտեղ ընդունվում է «King՚s College» ճարտարագիտություն ուսանելու համար: 1887թ. ավարտում է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով ինժեներ-նավթագործի որակավորում, իսկ գերազանց առաջադիմության համար ստանում է «First» պատվանշանը: 1892թ. Լոնդոնում ամուսնանում է Նվարդ Եսայանի հետ, 1896թ. ծնվում է նրանց առաջնեկը` Նուբար Սարգիսը, 1900թ.` Լոնդոնում ծնվում է երկրորդ զավակը` Ռիտա Սիրվարդը:
Գյուլբենկյանի հեքիաթային հարստությունների մասին շատ է խոսվել, սակայն շատ քչերը գիտեն, թե ինչպիսի արգելքներ է հաղթահարել Գալուստ Գյուլբենկյանը՝ նավթային մագնատի պատվանդանին հասնելու համար: 1891թ. հրատարակվում է նրա «La Transcaucasie et la Peninsule d՚Apcheron-Souvenirs de Voyage» գիրքը, ինչպես նաեւ հոդվածներ են տպագրվում «Revue de Deux Mondes» ֆրանսիական պարբերականում: Այդ աշխատությունն ու նյութերը գրավում են Օսմանյան Կայսրության կառավարության հանքերի նախարարի ուշադրությունը, որն էլ երիտասարդ Գ. Գյուլբենկյանին հանձնարարում է պատրաստել Կայսրության եւ Միջագետքի նավթային հանքերի մասին տեղեկագիր: 1898թ. Գյուլբենկյանը նշանակվում է Փարիզի եւ Լոնդոնի Օսմանյան դեսպանատների տնտեսական խորհրդատու: Այս պաշտոնը, ինչպես նաեւ բրիտանական քաղաքացիությունը, ապահովում է Գյուլբենկյանի քաղաքական հզոր դիրքերն ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր եւ Միջին Արեւելքում` հատկապես Օսմանյան Կայսրությունում: Նավթի արդյունահանումն աստիճանաբար սկսում է ավելի եկամտաբեր դառնալ, եւ երբ Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը դեռ լիարժեք ձեւով չէին հետաքրքրվում Միջին Արեւելքի նավթային հանքերով` Գյուլբենկյանն առաջինն է նկատում նավթահանքերի լայնամասշտաբ շահագործման հեռանկարները:
Գյուլբենկյանը բանակցություններ է սկսում ժամանակի հայտնի տնտեսական մագնատների եւ ընկերությունների հետ, մասնակցություն է ունենում Royal Dutch-Shell Group-ի ստեղծմանը: Երիտթուրքերի հեղափոխությունը (1908-1909թթ.) չսասանեց Գյուլբենկյանի ոչ քաղաքական, ոչ տնտեսական դիրքերը, որին մեծապես նպաստեց նրա անգլահպատակությունը եւ Եվրոպայում ունեցած բարձր դիրքը: Գյուլբենկյանը ոչ միայն մնաց Լոնդոնի եւ Փարիզի Օսմանյան դեսպանատների տնտեսական խորհրդատուի լիազորություններում, այլեւ նշանակվեց 1910թ. ստեղծված Թուրքիայի Ազգային դրամատան խորհրդատու: Գերմանիայի փայաբաժինն Արեւելքի նավթաշխարհում կրճատելու համար, Գյուլբենկյանի խորհրդով ու նախաձեռնությամբ, 1912թ. ստեղծվեց Turkish Petroleum Company-ն (T.P.C.): Ընկերությունը խարսխված էր Royal Dutch-Shell (25%) ընկերության, Թուրքիայի Ազգային դրամատան (35%), Գալուստ Գյուլբենկյանի (15%) եւ գերմանական ընկերության բաժնեթղթերի (25%) վրա: Շուտով ընկերությունը ստիպված էր մրցակցության մեջ մտնել Anglo-Persian Oil Company-ի հետ, որի ետեւում կանգնած էր Foreign Office-ը: T.P.C.-ից պահանջվում էր, որ Թուրքիայի Ազգային դրամատան բաժնեթղթերի մեծ մասն անցնի Anglo-Persian Oil Company-ին եւ Foreign Office-ին: 1913-1914թթ. ընթացքում նավթային ընկերությունների միջեւ տեղի ունեցած հանդիպումների արդյունքում T.P.C.-ն վերակազմակերպվեց եւ շահույթները վերաբաշխվեցին Anglo-Pershian Oil Company-ի, Royal Dutch-Shell Group-ի եւ գերմանացիների միջեւ, իսկ Գյուլբենկյանի փայաբաժինը 15%-ից իջավ 5%-ի: Սկսված Առաջին համաշխարհային պատերազմը փոխեց իրավիճակը նաեւ նավթային աշխարհում: Այդ ժամանակաշրջանում Գյուլբենկյանը որոշեց ստեղծել Comite General du Petrol նավթային ընկերությունը, որի նպատակն էր ձեռք բերել Deutsche Bank-ի արժեթղթերը: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից եւ T.P.C.-ի` Iraq Petroleum Co. LTD-ի վերափոխվելուց հետո նախկին T.P.C.-ի բաժնեթղթերը բաժանվեցին Anglo Persian Oil Company (ներկայիս British Petroleum), Royal Dutch-Shell Group, Compagnie Francaise des Petroles եւ Near East Development Corparation ընկերությունների միջեւ: Գալուստ Գյուլբենկյանին Iraq Petroleum Co. LTD-ից բաժին հասավ 5%-ը, որի շնորհիվ էլ նա ստացավ իր հանրածանոթ «Պարոն հինգ տոկոս» մականունը: Համաձայնագիրը ստացավ «Կարմիր գիծ» անվանումը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացիներն Arabian American Oil Company-ի (Aramco) միջոցով սկսել էին ներթափանցել Արաբական աշխարհի նավթային հանքերը` խախտելով 1928թ. համաձայնությունը: Սկսվում են նոր բանակցություններ, եւ կողմերը փոխհամաձայնության են գալիս 1948թ., վերացվում է Կարմիր գիծը: Համաշխարհային առաջին պատերազմից հետո, երբ արեւմտահայությունը թուրքերի կողմից ենթարկվել էր ցեղասպանության, իսկ Արեւելյան Հայաստանում նոր էր կերտվում հայ պետականությունը, Եվրոպայում սկսվում են բանակցությունները հաղթած եւ պարտված երկրների միջեւ: «Մարդը եւ իր գործը» աշխատության մեջ համառոտ մի նախադասությամբ նշվում է Գյուլբենկյանի` այդ շրջանում ունեցած քաղաքական դերակատարության մասին: Հետաքրքիր է` ինչո՞ւ գրքի հեղինակները չեն ցանկացել մանրամասն ներկայացնել Սեւրի եւ Լոզանի խորհրդաժողովներում Գյուլբենկյանի ունեցած հանդիպումները: Նմանատիպ համառոտ բնույթ ունի նաեւ Գյուլբենկյանի` հայ Բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահի պաշտոնից (որ վարել է 1930-1932թթ.), նրա հրաժարականի մասին հատվածը: Գյուլբենկյանի` հիշյալ պաշտոնից հրաժարականի հարցին է անդրադարձել Կառլեն Դալլաքյանն իր «ՀԲԸ Միության նախագահ Գ. Գյուլբենկյանի հրաժարականի հարցի շուրջ» աշխատության մեջ, որտեղ համադրելով ստեղծված միջազգային պատմաքաղաքական իրադրությունը` եզրահանգել է, որ Գյուլբենկյանը հստակ եւ մինչեւ վերջ չի գիտակցել, թե ինչ հայատյաց ծրագրի է հակադրվել իր գործունեությունը (ՀԲԸՄ նախագահի պաշտոնավարությունը, հայերի գաղթը դեպի Սիրիա կազմակերպելը եւ այլն), այլապես այդքան հեշտ չէր զիջի իր դիրքերը` վիրավորվելով անարդար մեղադրանքներից:
Թուրքերի համար էլ բավականին անսպասելի եղավ Գյուլբենկյանի հրաժարականը, որը, կարելի է ասել, սկուտեղի վրա մատուցվեց նրանց: Գոյություն ունե՞ր արդյոք կապ Գյուլբենկյանի` Սեւրի եւ Լոզանի բանակցությունների վրա ազդելու եւ ՀԲԸՄ նախագահության տարիներին դեպի Սիրիա հայերի գաղթ կազմակերպելու միջեւ. առայժմ հնարավոր չէ պնդել այդ, սակայն պարզ է` հիշյալ ժամանակաշրջանում հայ հասարակական-քաղաքական ազդեցիկ ուժերի մեծ մասը չկարողացավ հստակ եւ ճիշտ կողմնորոշվել դեպի Գյուլբենկյանը` նպատակային օգտագործելու նրա ողջ ուժն ու հնարավորությունները:
Թուրքական կառավարությունները շատ լավ էին ճանաչում Գյուլբենկյանին, քաջածանոթ էին նրա գործունեությանը, հեղինակությանն ու վարկին Եվրոպայում եւ Արեւելքում, գիտեին նրա դիվանագիտական ընդունակությունների մասին եւ գիտակցում էին, որ ՀԲԸՄ նախագահի պաշտոնավարության ժամանակ Գյուլբենկյանն անելու էր առավելագույնը` հայության ֆիզիկական եւ հոգեւոր գոյությունն ապահովելու, նրա բարգավաճմանն աջակցելու համար: 1932թ. հունիսի 15-ին ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովը ստիպված էր ընդունել Գյուլբենկյանի հրաժարականը: Սակայն հրաժարվելով ՀԲԸՄ նախագահի պաշտոնից` Գյուլբենկյանը նշում էր, որ շարունակելու է կատարել բարեգործություններ իր հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ:: Նրա օգնությամբ եւ նվիրատվություններով հայկական դպրոցներ, հիվանդանոցներ են բացվում Թուրքիայի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Հորդանանի հայաշատ վայրերում, հայկական եկեղեցիներ է կառուցում Միջին Արեւելքի երկրներում` Իրաքում եւ Լիբանանում, որտեղ կային հայության ստվար զանգվածներ: Նրա օժանդակությամբ կառուցված հայկական եկեղեցիներ են գտնվում Բաղդադում, Տրիպոլիում եւ Գիրքուքում: 1929թ. կառուցել է տալիս Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նշանավոր Գրադարանը, նշանակում է նաեւ Պատրիարքարանին տրվող կանոնավոր նպաստ, որը շարունակվեց նաեւ հետագայում` համաձայն իր կտակի: Կ.Պոլսի Ետիգուլե թաղամասում դեռեւս իր ծնողների բարերարությամբ 1832թ. կառուցված Սուրբ Փրկիչ հիվանդանոցն արժանացավ Գյուլբենկյանի բարերարությանը, 1922թ. Լոնդոնում, ի հիշատակ ծնողների, կառուցում է Սուրբ Սարգիս եկեղեցին, իր բարերարություններով մասնակցում Էջմիածնի Մայր Աթոռի վերականգնողական աշխատանքներին` հատկացնելով 400.000 դոլարի օգնություն, օժանդակում է նաեւ Երեւան քաղաքին հարող տարածքում Նուբարաշենի եւ Նոր Կեսարիայի շինարարական աշխատանքներին: Այս ամենով հանդերձ` Գյուլբենկյանը չկարողացավ իր կարողության մեծ մասն ի նպաստ դնել սեփական ժողովրդի բարօրությանը ՀԲԸՄ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո, որին մեծապես խանգարեց նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Երբ Ֆրանսիայի մեծ մասը կապիտուլացվել եւ նվաճվել էր, իրական վտանգ էր ստեղծվել Գալուստ Գյուլբենկյանի համար, որն այդ ժամանակ ապրում էր Փարիզում: Ելնելով ստեղծված վտանգավոր իրավիճակից` Պարսկաստանի` Վիշիի ներկայացուցչի միջնորդությամբ եւ Պորտուգալիայի դեսպանի հրավերով 1942թ. ապրիլին Գյուլբենկյանը մեկնեց Պորտուգալիա` նախապես մեկշաբաթյա հանգստի մտադրությամբ: Սակայն տեղ հասնելով եւ որոշ ժամանակ բնակվելով` որոշեց կյանքի մնացած մասն անցկացնել այնտեղ: Պորտուգալիայում ապրեց 13 տարի եւ մահացավ 1955թ. հուլիսի 20-ին, ութսունվեց տարեկան հասակում:
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ
Գյուլբենկյանը ստեղծեց բարեգործական հիմնադրամ, որը բարերարություններ էր իրականացնելու համաշխարհային մասշտաբով: Հիմնադրամը ժառանգեց ոչ միայն նրա նավթային եկամուտը, այլեւ Գյուլբենկյանի արվեստի գործերի հավաքածուն, որի համար 1969թ. Լիսաբոնում բացվեց Գալուստ Գյուլբենկյանի անունը կրող թանգարան: Թանգարանում ցուցադրված են հին եգիպտական զարդաքանդակներ, արեւելյան խեցեղեն, ձեռագրեր, անտիկ զարդեր, մետաղադրամներ, իսլամական արվեստի բացառիկ նմուշներ, աշխարհահռչակ նկարիչների բարձրարժեք գործեր եւ այլն: Ներկայումս թանգարանը համարվում է աշխարհի` իր տեսակի մեջ լավագույններից մեկը: Գ. Գյուլբենկյանի անվան թանգարանում է գտնվում հիմնադրամի Ընդհանուր գրադարանը` մոտ 125 հզ. գիրք, հիմնադրամին առընթեր գործում է գեղարվեստի ծառայությունը, որը զբաղվում է գեղագիտական դաստիարակությամբ, հետազոտություններ կատարում հնագիտության, արվեստի պատմության բնագավառներում, երաժշտության բաժինը հովանավորում եւ խրախուսում է կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությունը: Պորտուգալիայի Օիրաս քաղաքում է գտնվում Գյուլբենկյան Գիտությունների ակադեմիան, որտեղ լայն հետազոտություններ են կատարվում մանրէակենսաբանության, կենսատեխնոլոգիայի, գենետիկայի բնագավառներում: Փարիզի Գյուլբենկյան մշակութային կենտրոնը գտնվում է Լեանա պողոտայում գտնվող Գյուլբենկյանի նախկին տանը: Փարիզի Centre Culturel Calouste Gulbenkan -ը, 1968թ.-ից սկսած, վարում է զանազան դասընթացներ, գիտաշխատանքներ, գիտաժողովներ, համերգներ, նվագահանդեսներ եւ ցուցահանդեսներ, ունի նաեւ հասարակության համար բաց եւ մատչելի գրադարան:
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նպատակը գիտական, կրթական, գեղարվեստական, առողջապահական եւ մարդասիրական հատկացումներ կատարելն է: Ներկայումս ավելի քան 70-75 երկրներ օգտվում են հիմնադրամի նպաստներից:
Հայկական համայնքների ծառայության բաժանմունք
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներսում ստեղծվեց նաեւ Հայկական բաժանմունք, որի բյուջեի զգալի մասն օգտագործվում է մոտ 27 երկրների հայ համայնքների կարիքները հոգալու համար: Հայկական բաժնի տարեկան բյուջեն կազմում է մոտ 3 մլն 600 հզ. դոլար, որը բաշխվում է Սփյուռքի եւ Հայաստանի գիտական, առողջապահական, կրթական եւ մշակութային կազմակերպություններին:
Ուշադրություն է հատկացվում հատկապես Սիրիայի, Լիբանանի եւ Թուրքիայի հայ ազգային, կրթական, մշակութային հաստատությունների պահպանմանը: Հատկացումներ են կատարվում Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի եւ Հարավային Ամերիկայի հայկական գաղութներին: Զգալի միջոցներ են տրամադրվել Մատենադարանի, Ազգային գրադարանի եւ ԵՊՀ-ի կարիքները հոգալու համար: 1988թ.-1989թթ. հիմնադրամի Հայկական բաժնի բյուջեից բացի, 1988թ. երկրաշարժից տուժած գոտիներին 1 մլն դոլարի հավելյալ օգնություն ցույց տրվեց: