Ամստերդամ քաղաքն ու ամստերդամյան կյանքի ռիթմը դժվար է մոռանալ: Թեեւ դժվար է վերհիշել` ի՞նչն է ավելի ազդեցիկ տպավորություն թողել: Լավ կամ վատ չափանիշներն այստեղ չեն գործում: Այստեղ ամեն բան ուրիշ է: Ընդհանրապես Հոլանդիան զարմացնում է իր չափված-ձեւված օրենքներով, նաեւ օրինապաշտությանը մեծ ազատություն է միահյուսում:
Ամստերդամի կենտրոնի գեղեցիկ, գունավոր, ամեն հարկում երկու կամ երեք պատուհան ունեցող շենքերը կողք կողքի շարված են ջրանցքների սալիկապատ ափերին: Իսկ փոքր ու նեղլիկ, մեծ մասամբ միակողմանի փողոցները գալարվում են, վերուվար ձգվում հազարավոր կամրջակների վրայով: Ծովի մակարդակից ցածր գտնվող Ամստերդամը բառիս բուն իմաստով ջրի վրա է կառուցված, ամեն օր հսկա ամբարտակների ու պոմպերի շնորհիվ ծովի ջուրը դուրս է մղվում քաղաքից: Հոլանդացիների նավաշինության արվեստն ու ավանդույթները դարերի ընթացքում հղկվել եւ գրեթե կատարելության են հասել: Ամստերդամցիները լավ գիտեն իրենց գինն ու հպարտանում են իրենց պատմությամբ: Նրանք բազմաթիվ հարցերում են առաջինը եղել: Եվ շարունակում են լինել առաջինը:
Ամստերդամն աշխարհի ամենաազատ քաղաքի համբավն ունի: Այստեղ կարելի է տեսնել ու փորձել այնպիսի բաներ, որոնք ոչ մի այլ երկրում անել չես կարող` արգելված են եւ խոշոր տուգանքների հետ կապված: Հոլանդական մոդելի ազատությունը նոր չի ձեւավորվել, դեռ մի քանի հարյուրամյակ առաջ այստեղ տեղի է ունեցել առաջին բուրժուական հեղափոխությունը, եւ անկախ երկիրն իր սեփական հռչակագիրն է գրել:
Հոլանդացիներն այնպիսի ոլորտներում են նորամուծություններ արել, որ հիմա իրենց երկիրն ամենաառաջադեմն են համարում: Ամեն նորույթ այստեղ արդեն փորձարկվել է եւ օրենքի ուժ ստացել: Մարմնավաճառությունը, թեթեւ թմրադեղերը, միասեռ ամուսնություններն ու էվթանազիան այստեղ լեգալացվել են: Կարծես ոչ մի վիճելի հարց չի վրիպել նրանց ուշադրությունից: Սեքսը, մարիխուանան ու կյանքից ինքնակամ հեռանալու հնարավորությունը, թերեւս, միշտ եղել են ամենաքննարկվող ու ստվերային մեծ ինդուստրիա ձեւավորող ոլորտները:
Թե բազմաթիվ զբոսաշրջիկները, թե բարեկեցիկ աշխատավորները, թե խորը թմրամոլներն այստեղ գտնում են այն, ինչ փնտրում են իրենց կյանքում:
Հստակ ուրվագիծ ունեցող սրածայր շենքերի պատուհաններից (վարագույր հասկացությունը հոլանդացիների համար գոյություն չունի, պատուհանները լավագույն դեպքում փոքրիկ ժանյակե գործվածքներով են ծածկվում) երեւում են ընթրող ընտանիքները` ինչպես ընդունված է` ծնողներ, երեխաներ, շուն կամ շներ: Իսկ փողոցում լուրջ թմրադեղեր վաճառող, հիմնականում` սեւամորթ, բոլորովին այլ իրականության մեջ գտնվող մարդիկ են շրջում, որոնց կողքով, կարծես չնկատելով, տուրիստների վտառներ են անցնում: Եվ այդ պատկերները երբեք իրար չեն հանդիպում: Ինչպես հոլոգրամաներում` մի պատկերը նայելու համար պետք է փակես մյուսը: Այդպիսին է բազմաշերտ ու գունեղ մայրաքաղաքը, որտեղ ամեն ինչ թատերայնացված է, յուրաքանչյուրն իր դերն ու իր շառավիղն ունի:
Ազատությունը
Այստեղ մարդիկ ընդունում են այլ մարդկանց ապրելակերպն ու վարքագիծը: Ազատությունը պարտավորեցնում է եթե ոչ հեշտությամբ ու թեթեւությամբ նայել աշխարհին, ապա գոնե չնկատել այն, ինչը նկատել չես ուզում: Զարմանալի տպավորություն է ստեղծվում, որ Ամստերդամում բոլորն իրենց լավ են զգում: Համենայնդեպս, ապրում են «Ապրիր ինքդ ու թույլ տուր, որպեսզի ապրեն ուրիշները» սկզբունքով: Արտառոց եւ էպատաժային ոչ մի բան չկա, պարզապես իր շան հետ զբոսանքի դուրս եկած տարեց կինը կամ երկու երիտասարդ աղջիկներ որոշել են կոֆե-շոփ մտնել ու տուն վերադառնալուց առաջ մարիխուանայի մի գլանակ ծխել: Հոլանդիայի բոլոր քաղաքներում բազմաթիվ փոքր կոֆե-շոփեր կան, որտեղ այցելուներին «խոտի» տարբեր տեսակների մենյու են առաջարկում: Լեգալացնելով հաշիշն ու մարիխուանան, որոնցից կախվածություն ձեռք բերելն ավելի դժվար է, քան ասենք` ալկոհոլից, Հոլանդիան հասանելի ու մատչելի է դարձրել «խոտ» ձեռք բերելու գործը: Մշուշոտ գլուխներով շրջող մարդիկ գիտեն, որ ամեն վայրկյան նոր գլանակ կարող են գնել: Մատչելիությունը թմրամոլների աճի չի հանգեցրել, սակայն գայթակղիչ «խոտից» ամեն դեպքում հեռու մնալու ու իրենց երեխաներին հեռու պահելու ցանկությունը շատ հոլանդացիների դրդում է Ամստերդամի ավելի խաղաղ, խենթ կենտրոնից հեռու թաղամասերում բնակվել: Ամեն մարդ օգտվում է ազատությունից այնքան, որքան ուզում է:
Ամստերդամի կյանքը երկու մասի է բաժանված` ցերեկային եւ գիշերային: Երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում, իսկ զբոսաշրջիկները` հյուրանոց` մի քիչ հանգստանալու, հանգստանում է նաեւ քաղաքը: Որպեսզի կրկին արթնանա… Ամստերդամի հայտնի «Կարմիր լապտերների» թաղամասը մարմնավաճառների գոտի է: Տարբեր մաշկի գույն ու կազմվածք ունեցող աղջիկները, տղաներն ու տրանսվեստիտները կարմիր լույսով լուսավորված պատուհանների ետեւում այցելուների են սպասում: Մարմինների շքերթը բավականին երկար է տեւում, քանի որ այդ թաղամասը մեծ է: Փակվում է պատուհանի վարագույրը, եւ առնվազն մեկ ժամ չի բացվելու, քանի որ աղջիկը զբաղված է: Մարմնավաճառները Հոլանդիայում սպասարկման ոլորտի աշխատողներ են համարվում եւ համոզված են, որ ապահով ծերություն կունենան, քանի որ երաշխավորված թոշակ կստանան: «Կարմիր» թաղամասում ամեն ինչ շատ պարզ ու հստակ է, սիրո սպասարկման ոլորտը զրկված է խորհրդավորության շղարշից, դա շատ թափանցիկ ու պրոզաիկ բիզնես է: Տուրիստի առաջին զարմանքը հաղթահարելուց հետո բազմազգ ամբոխը կարող է տարբեր սեքս-շոուների մասնակիցը դառնալ կամ սեքս պարագաներ գնել: Ամստերդամում ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններն, օրինակ Սեքսի եւ Մարիխուանայի թանգարաններն են, որոնցից հետո միայն գալիս է Վան Գոգի կամ Ազգային թանգարանը: Հարստություն ու համբավ Հոլանդիան ամեն մի մանրուքից է ստեղծում: Հուշանվերների հիմնական թեման եռաթերթ մարիխուանայի տերեւը կամ պոռնոինդուստրիան է: Չի մոռացվում նաեւ հոլանդական կակաչը, որի ծաղկելու օրերին դեպի գունազարդ կակաչապատ մարգագետիններ մեծ էքսկուրսիոն տուրեր են կազմակերպվում: Հոլանդիան ընդհանրապես նման է ծաղկանոցի: Ամեն քայլափոխի ծաղիկներ կամ սերմեր են վաճառվում: Փոքր հոլանդական քաղաքներն ուղղակի սուզված են ծաղկամանների ու ծաղկանոցների մեջ: Ավելի հանդարտ ու միապաղաղ ռիթմով ապրող Հաագայի յուրաքանչյուր բնակիչ իր տան շեմի մոտ փոքր այգի է ստեղծում: Այդպիսին է ավանդույթը:
Տրանսպորտը
Ամստերդամում մեքենա վարելը շքեղություն է: Կայանման համար խոշոր վարձեր սահմանելով եւ սահմանափակելով ավտոկանգառները` կառավարությունը միանգամից մի քանի խնդիր է լուծել. նպաստել է քաղաքի էկոլոգիային եւ վերացրել անիծյալ խցանումները: Իսկ կայանավարձերից ստացվող գումարներով ապահովում է քաղաքի մաքրությունը: Հոլանդիայում ամենատարածված ու նեղ փողոցների համար պիտանի տրանսպորտային միջոցը հեծանիվն է դարձել: Այստեղ բոլորը հեծանիվ են քշում: Հարմար է մանեւրելու համար եւ ծախսեր չի ենթադրում: Հեծանվով աշխատանքի են գնում, թատրոն, ակումբներ, խանութ: Եթե երեխաների հետ են տեղաշարժվում, հեծանվին մանկական աթոռակ են ամրացնում, եթե խանութ` զամբյուղ: Հեծանվորդներն իրենց սեփական ճանապարհն ու լուսակիրն ունեն: Նրանք բավականին մեծ արհամարհանքով են հասարակ հետիոտնին վերաբերվում, ուշադիր չեղար` կարող են վրադ քշել: Հեծանիվը մեծ առավելություն է տալիս եւ ընդ որում` օգնում է լավ մարզավիճակում մնալ: Հոլանդացիների շարքերում գեր մարդիկ բացակայում են: Հեծանիվից հետո երկրորդ կարեւոր փոխադրամիջոցը տրամվայն է: Հոլանդական տրամերը շատ հարմարավետ է ու շատ թանկ: Մի քանի կանգառ անցնելու համար պետք է վճարես մի քանի անգամ ավելի մեծ գումար, քան, օրինակ, երեւանյան տաքսիներում: Անվճար նստել տրամվայ ձեզ չի հաջողվի, վարորդը տեսախցիկների շնորհիվ տեսնում է` ո՞վ եւ ե՞րբ նստեց: Իսկ հսկիչները տոմս չունեցողին կամ կտուգանեն, կամ խորհուրդ կտան վարորդից տոմս գնել: Օրենքը երկընտրանքի հնարավորություն է տալիս` տրամվայ կամ հեծանիվ:
Երկուսն էլ էկոլոգիապես մաքուր ու գեղեցիկ տրասպորտային միջոցներ են:
Ազատ ու երջանի՞կ
Գեղեցկությունն ու օրինապաշտությունը շատ արագ հագեցնում են: Զարմանալի է, բայց քայլելով կոկիկ ու խաղալիքանման փողոցներով, զրուցելով շատ հանդուրժող ու ազատ հոլանդացիների հետ, մտնելով հարմարավետ ու ճշգրիտ աշխատող տրամվայներն ու գնացքները, սկսում ես կարոտել սեփական Հայրենիքի համն ու հոտը, այսինքն` հարազատ մարդկային գործոն եւ օրենքի անօգտակար լինելու ապացույց ես փնտրում: Այդ կարոտը կապ չունի հայերի «ողնաշարային» հայրենասիրության հետ, ավելի շուտ` մարդկային, գուցե շատ դեպքերում` սխալ, փնթի եւ գռեհիկ, բայց հասկանալի ու հարազատ վերաբերմունք ես ուզում տեսնել: Օրենքի ու ազատության համադրությունը լավ բան է: Սակայն օրինապաշտությունը մեզանից բավականին հեռու երեւույթ է:
Ինչո՞ւ է մեզ պետք օրենքը, եթե յուրաքանչյուր հայ ինքն իր համար օրենք է ստեղծում եւ միակ ճիշտն ու կենսունակը հենց իր մոտեցումն է համարում: Հայն առաջին հերթին առաջ է բերում իր անձնական խնդիրը, հետո միայն փողոցի, հարեւանի կամ երկրի մասին է մտածում: Հայը գերադասում է հենց սաղմնային վիճակում խեղդել սեփական սխալներից ծնված խղճի ձայնը, բայց մեծ հաճույքով նկատում է դիմացինների սխալները: Հոլանդացիներն իրենք իրենց սովորեցրել են կատարվածին մեծ կարեւորություն չտալ: Եվ ամենից շատ վախենում են անազատ ռասիստ երեւալուց: Այդ պատճառով էլ պատրաստ են ամեն ինչ հանդուրժել: Ոչ ոք ոչ մեկի վրա ուշադրություն չի դարձնում ու չի հետաքրքրվում հարեւանի կյանքով. մեր ապրելակերպի բոլորովին հակառակ բեւեռն է: Իհարկե, կարոտում ես Երեւանը, սակայն այդ կարոտը խամրում է, երբ մտնում ես մեր կիսախարխուլ երթուղային տաքսիները եւ տեսնում նյարդայնացած ու կյանքից հոգնած հայերին: Ու մտածում ես` ոչ օրենք ունենք, ոչ էլ ազատություն: