Ես այսօր էլ կարող եմ Գիքոր խաղալ

22/04/2006 Զրուցեց Սուսաննա ԱԶԱՏՅԱՆԸ

– Հիշում եմ առաջին հաճոյախոսությունն իմ մասին` «սա իսկական ՏՅՈՒԶ-ական է», որից էլ սկսվեց ամեն ինչ: Այդ ժամանակ Հրաչյա Ղափլանյանը Մոսկվայում էր ու ցանկացել էր տեսնել իմ նկարը, համոզվելու համար՝ արժե՞ ինձ իր թատրոն վերցնել, թե՞ ոչ: Դրանից երկու օր հետո ինձ կանչեցին Պատանի հանդիսատեսի թատրոն, որտեղ էլ մինչեւ վերջ աշխատեցի: Հիմնականում խաղում էի տղաների դերեր: Գիքորի դերը խաղալու ժամանակ բոլորը հավաքվում էին կուլիսների ետեւում, որպեսզի մեկ անգամ էլ լսեին, թե ինչպես էի ընթերցում նամակը: Կարդալիս միշտ հուզվում էի. հիմա էլ, երբ հիշում եմ, էլի հուզվում եմ: Այդ դերը մենք խաղում էինք երկուսով՝ ես ու Մարուսիկ Թամրազյանը, մի օր` ես, մի օր՝ նա: Պատկերացնո՞ւմ եք` այդ ժամանակ ես հղի վիճակով Գիքոր էի խաղում, բայց ոչինչ չէր երեւում: Նույնիսկ մի անգամ բեմում երկրորդ հարկից, հղի վիճակում վայր եմ ընկել, իհարկե, բարեբախտաբար ոչինչ չի եղել:

Խաղացել եմ Արմեն Ջիգարխանյանի հետ «Հանուն ռեւոլյուցիայի» ներկայացման մեջ, ես Վասյա էի խաղում, նա՝ Լենին: Այդ ներկայացման մեջ Ջիգարխանյանն ինձ այնպես էր վերաբերվում, որ ես ինձ իրոք փոքր երեխայի պես էի զգում, չնայած, որ ես նրանից մի քանի տարի մեծ եմ:

Հետո Արաքս Մանյանի «Երբ աչքեր չկան» պիեսում վերջապես հանդես էի գալիս աղջկա դերում, որն ինձ համար այնքան սպասված ու ուրախալի էր: Շատ էի ուրախացել, որ «տելեգրեյկայից» հետո շրջազգեստ եմ հագել ու ժապավեն կապել: Հետո նորից Դավիթ Կոպերֆիլդ եմ խաղացել: Ես իմ բոլոր դերերն էլ շատ եմ սիրել, բայց նեղվում էի, որ ինձ կանացի դերեր չէին տալիս: Ինձ թվում էր, ես կորցնում էի կանացիությունս: Մեկ-մեկ խոսում էի ու ստանում «Դու այդ դերերի համար ես ստեղծված» պատասխանը: Թատրոնում ասում էին` «ի՞նչ ես արել քո կանացի օրգանները», պատասխանում էի՝ ոչ մի բան: Զավեն Տիգրանիչն ասում էր` «գնա գրիմանոց, փոխվի, արի»: Իսկ ես մտածում էի. «Էս մարդը չի՞ տեսնում, որ ես փոխելու բան չունեմ»: Հետո ասում էր՝ «Տեսնո՞ւմ ես, ինչ լավ է, չեմ հասկանում, թե ինչու ես հրաժարվում տղաների դեր խաղալուց»: Նա չէր հավատում, որ ես ոչինչ չեմ կոծկում ու ծածկում: Կային դերասանուհիներ, որ նույնպես տղաների դեր էին խաղում, բայց ձիգ կորսետներ ու ինչ ասես չէին անում, որ կուրծքը չերեւա, հետն էլ ասում՝ «քիչ է մնում բեմի վրա շնչահեղձ լինենք»: Ես այնքան փոքրամարմին էի, որ երբ բեմադրվում էր «Ծառերը կանգնած են մեռնում» ներկայացումը, կանչել էին 10-15 տասնութ-տասնինը տարեկան աղջիկների եւ ինձ: Իսկ ես այդ ժամանակ քառասուն տարեկան էի: Եվ որպես «ամենասլացիկ եւ ամենագեղեցիկ ծառ»` ինձ կանգնեցրել էին առջեւում: Հետո, իհարկե, շատ շուտ թողեցի թատրոնը, որովհետեւ ծնվեց առաջին թոռնիկս, իսկ աղջիկս օգնող չուներ: Ինձ համար մեծ ցավ էր բեմը թողնելը, բայց ընտանիքս վեր էր բոլոր բեմերից: Հիմա երբ ինձ հարցնում են` կարո՞ղ ես խաղալ, ես պատասխանում եմ. «Իհարկե, կարող եմ»: Ես այսօր էլ կարող եմ Գիքոր խաղալ:

Իսկ այն ժամանակ բոլորիս հետ էլ պատահում էին դեպքեր, երբ բեմում հանկարծ բառերը մոռանում էինք: Իհարկե, դրանից ներկայացումը երբեք չէր տուժում՝ իրավիճակից միշտ դուրս էինք գալիս: Հիշում եմ, մի անգամ «Հանուն ռեւոլյուցիայի» ներկայացման մեջ Զարեհ Տեր-Կարապետյանը պետք է ասեր. «Դու գիտե՞ս, թե ով է Կոմիտասը», ասաց՝ «Դու գիտե՞ս, թե ով է կոմիսարը»: Ու մենք բոլորս չկարողացանք մեզ զսպել, եւ վարագույրը փակվեց: Նման բաներ լինում էին, բայց հետո Հրաչյա Ղափլանյանը կանչում էր մեզ ու ասում. «Ի՞նչ եք ձեզանից դուրս բաներ հորինում»: Բեմում շատ էր ծիծաղեցնում Էդգար Էլբակյանը: Ինքն իրենը կասեր ու լուրջ կնայեր, կարծես ոչինչ էլ չի եղել: Իսկ, առհասարակ, խաղում էինք այն, ինչ տալիս էին: Էդգար Էլբակյանի հետ խաղում էի մի ներկայացման մեջ, որի դերասանուհուն այդ օրը ես փոխարինում էի, եւ դերը չգիտեի: Ու որպեսզի ես չընկճվեմ, Էդգարն իր բառերն էլ էր ասում, իմն էլ: Պարույր Սանթրոսյանի հետ խաղում էինք «Արքայազնն ու աղքատը» ներկայացումը, որտեղ ես «արքայազն» էի: Ու այն ժամանակվա հայտնի դերասաններն ասում էին. «էս լակոտն ո՞վ է, որ սրան ենթարկվենք ու ծառայենք»: Իսկ Պարույրն ասում էր. «Լակոտը՝ լակոտ է, բայց տեսեք, թե իր դերն ինչպես է խաղում»:

Թեկուզ երաժշտական կրթություն չունեի, բայց շատ լավ նվագում, երգում ու պարում էի: Հիշում եմ, «Սուր եւ Սամ» ներկայացման ժամանակ Ազատ Ղարիբյանը միշտ ասում էր. «Տանյա, Գուժ ՝ վալսը»: Ես էլ հո չէ՜ի թռնում, քաշ էլ չունե՜ի…

– Չե՞ք մտածել երբեւէ, որ հնարավոր է այսօր էլ, այս տարիքում ինչ-որ դերեր Ձեզ հասցնեն նույն հաջողություններին:

– Ամեն ինչ էլ հնարավոր է: Մարդիկ կան, որ 45 տարեկանից նոր սկսում են խաղալ: Նինել Դալլաքյանն ինձանից մեկ տարի մեծ է, բայց դեռ խաղում է: Իսկ ինձ համար գտնում եմ, որ թատրոնը շատ հաճելի, բայց արդեն անցած էտապ է:

– Ինչպե՞ս են վերաբերվել Ձեր աշխատանքին ընտանիքի անդամները, եւ ինչո՞ւ կինոյում չեք նկարահանվել:

– Սկեսուրս շատ էր ուզում, որ ես աշխատեմ, եւ երեխաներիս էլ միշտ բերում էր ներկայացումների: Մի անգամ էլ «Դավիթ Կոպերֆիլդ»-ի ժամանակ, երբ Դավիթը խնձոր պետք է ուտի, դահլիճից լսեցի աղջկաս ձայնը. «Մամա, ես էլ եմ խնձոր ուզում»: Այդ նույն ներկայացման ժամանակ, երբ Դավիթին ծեծում են, աղջիկս սկսեց բղավել՝ «Մամայիս մի ծեծեք»: Իսկ ամուսինս, Արկադի Հայրապետյանը, լինելով շատ սիրված ֆիլմերի ռեժիսոր («Արեւիկ», «Ժայռը», «Սարոյան եղբայրներ», «Գործուղում առողջարան», «Կորեոլան») դեմ էր, որ ես նկարահանվեմ կինոյում: Եվ միշտ ասում էր՝ «Կինոն քո տեղը չէ, դու թատրոնում խաղա»: Բայց նաեւ ասում էր. «Ես մի ֆիլմ պիտի նկարեմ, որը կլինի քոնը, եւ դու կունենաս քո կինոն»: Բայց չհասցրեց …