Նպաստից զրկվածները ավանդներից էլ են զրկվում

22/04/2006 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Խորհրդային տարիների խնայդրամարկղերի ավանդների վերադարձման մասին կառավարության որոշումը Վանաձորում խանդավառություն չի առաջացրել, քանի որ այդ որոշմամբ այն տրվելու է 70 եւ ավելի տարեկան այն քաղաքացիներին, ովքեր ընդգրկված են ընտանեկան նպաստ ստացողների ցուցակում:

«Հերիք չէ, որ նպաստից զրկվել ենք, տարիներով վաստակած ավանդներից էլ ենք զրկվելու»,- դժգոհում էին այն թոշակառուները, ովքեր 1000 դրամով թոշակի ավելացման հետեւանքով զրկվել են նպաստ ստանալու իրավունքից, իսկ դրա շնորհիվ էլ՝ ավանդ ստանալու իրավունքից:

«Մայրս 70-ն անց թոշակառու է, 2 քույրերով գործազուրկ ենք, բայց մեզ ոչ գործազուրկի նպաստ է հասնում, ոչ՝ ընտանեկան: Այդ ամենին վրադիր, մայրս քիմիական համալիրում 40 տարվա աշխատանքից հետ գցած գումարներն այսօր իրավունք չունի ստանալու, քանի որ նպաստ չի ստանում»,- սա էլ՝ Կ. Դեմիրճյան 30 շենքի մի բնակչուհու դժգոհությունն է: «Մեծ թվով վանաձորցի կենսաթոշակառուներ դեռեւս անցած տարվանից զրկվել են նպաստից, քանի որ այդ գումարները հատկացվել էին սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնք 1-ին դասարանում սովորող երեխաներ ունեին, ուրեմն էլ ովքե՞ր պետք է ստանան ավանդները»,- դժգոհում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Գոհար Սարդարյանը, որ այդ առթիվ ցանկացել էր հարց ուղղել ապրիլի 18-ին «ԱԼՄ» հեռուստատեսության «Հարցի արժեքը» հաղորդման ժամանակ հանդես եկող ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանին, բայց նրան չէր հաջողվել եթեր ընկնել: Գ. Սարդարյանին (ինչպես նաեւ՝ այլ վանաձորցիների) զայրացրել էր Պետաիրավական հանձնաժողովի նախագահի այն հայտարարությունը, որ խնայդրամարկղի ավանդների հատուցման հաջորդ փուլը (70 տարեկան նպաստառուներին հատկացնելուց հետո) կլինի 5-10 տարի հետո: