Գորգեր, վարագույրներ, կահույք

22/04/2006

Խիստ կեղտոտված գորգը մաքրում են հատուկ լուծույթով.

Վերցնել 3 լիտր եռացրած տաք ջուր, 3 թեյի գդալ լվացքափոշի եւ 1 գդալ բեւեկն։ Բաղադրությունը լցնել գորգի վրա եւ խոզանակով հավասարաչափ շփել, որից հետո նախ սրբել թաց շորով, ապա չոր շորով չորացնել։

Ճիշտ չխնամելու դեպքում գորգերն արագ կորցնում իրենց տեսքը։

Տնային պայմաններում գորգերը մաքրելուց առաջ անհրաժեշտ է դրանց վրայից նախ հեռացնել փոշին։ Ձմռանը գորգի փոշին կարելի է հեռացնել մաքուր, չոր ձյունով, խոզանակի օգնությամբ։ Դրանից հետո միայն հեռացնել վրայի բծերը։

Թանաքի բծերը կարելի է մաքրել քացախաթթվով, կիտրոնի հյութով կամ կիտրոնաթթվով (1 բաժակ տաք ջրին` 1 թեյի գդալ կիտրոնի աղ)։ Մաքրված տեղերը պետք է լվանալ օճառաջրով եւ չորացնել լաթով։

Քիչ կեղտոտված գորգերը կարելի է մաքրել մանր, չոր աղով։ Գորգը պետք է փռել հատակին, վրան շաղ տալ աղը, ապա գոլ օճառաջրի մեջ լավ թրջված ավելով կամ խոզանակով մաքրել։ Մաքրելուց հետո աղի մնացորդները գորգի վրայից հեռացնել փոշեծծիչով։ Աղի փոխարեն կարելի է օգտագործել նաեւ չոր փայտի թեփը։

Խունացած գորգերը կարելի է մաքրել հացահատիկի տաք եփուկով։

Ջրով լուծված ոչ մեծ քանակությամբ քացախը թարմացնում է գորգի գույնը։

Լվացքափոշու լուծույթով խորհուրդ է տրվում թարմացնել միայն քիմիական մանրաթելերից գործված գորգերը։ Դրա համար նախապես գորգը մաքրել ավելով կամ փոշեծծիչով։ Այնուհետեւ մաքրել լվացքափոշու լուծույթի մեջ թրջած խոզանակով կամ սպունգով (մեկ լիտր ջրին` կես թեյի գդալ լվացքափոշի)։ Բրդյա եւ քիմիական մանրաթելերի խառնուրդով գործած գորգերը մաքրում են այնպես, ինչպես բրդյա գորգերը։