Չբացահայտված հարցեր

19/04/2006

ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Կառլոս Պետրոսյանն այժմ ռուսաստանյան «Տրանսնեվթ» խոշոր ընկերության նախագահի խորհրդականն է: Խորհրդային տարիներին նման պաշտոնյային պարզապես արգելվում էր դուրս գալ տվյալ երկրից, որի անվտանգությանն առնչվող կարեւորագույն եւ հույժ գաղտնի ինֆորմացիայի կրողն էր: Այսինքն՝ որպեսզի ԱԱԾ նախարարն այն դուրս չտանի (իր բոլոր հետեւանքներով): Սակայն դրա համար տվյալ երկիրը ճիշտ կանի նման խնդիրներն օրենքով կարգավորի, որպեսզի հետո նման պաշտոնյաների հետ պրոբլեմներ չունենա: Իսկ ինչ վերաբերում է Կ. Պետրոսյանին, ապա նա այն բացառիկ պաշտոնյաներից էր, որին հեռացրին պաշտոնից եւ այլ պաշտոն չտվեցին: Իհարկե, պարտավոր էլ չեն: Ասել, թե Կ. Պետրոսյանին ապրուստի միջոց է պետք՝ սուտ կլինի:

Հիշեցնենք Մերգելյան ինստիտուտին հարող փողոցներից մեկում (Բլուր կոչվող թաղամասում) գտնվող Կ. Պետրոսյանի հսկա դղյակը, որի համար, ասում են, այսօր 2,5 մլն դոլար են առաջարկում, սակայն նա չի համաձայնում վաճառել: Ի դեպ, եթե ժամանակին Կ. Պետրոսյանի այդ դղյակի ընդհանուր տարածքը 4000 քմ-ի էր հասնում, այժմ անցնում է 6000-ից, քանզի վերջերս նա յուրացրել է նաեւ Մերգելյան ինստիտուտի փականագործական արտադրամասի եւ կաթսայատան տարածքը: Ընդ որում, կաթսայատան տարածքում նախկին նախարարը մարզասրահ է կառուցել: Այժմ էլ ուզում է Մերգելյանի ճաշարանի կողքով առանձին ճանապարհ բացել դեպի իր տուն: Բազալտ քարով պարսպապատված այդ դղյակի եղեւնիները, ասում են, նա ձմեռ օրով է տնկել: Սեւանից եւ Հայաստանի այլ վայրերից բերված տասնյակ եղեւնիների մեծ մասը, բնականաբար, ցրտին չէր աճում, եւ դեն էին գցում՝ բերելով նորերը։ Ավելին, Կ. Պետրոսյանի սիրտը սկյուռիկներ ուզեց, որպեսզի ծառից ծառ թռչկոտեն իր բակում: Սկյուռիկներ էլ բերվեցին դղյակ: Անվտանգության համակարգի աշխատակիցները Կ. Պետրոսյանին «լավով» չեն հիշում: Նրանք չեն մոռանում, թե ինչպես 20-ից ավելի պրոֆեսիոնալների` «գլխներին սարքելով»` հեռացրեց աշխատանքից: Ավելին, շատերն են հիշում Կ. Պետրոսյանի որդու «բեսպրեդելները», որոնց զոհ էին դառնում անմեղ մարդիկ: Ռոբերտ Քոչարյանը տարիներ առաջ Կ. Պետրոսյանին գեներալի կոչում շնորհեց։ Այն ժամանակ էլ չընկալվեց, թե հայրենիքին մատուցած ո՞ր ծառայությունների, աշխատանքային ցուցանիշների, կամ ասենք՝ երկրի անվտանգության ո՞ր մի ծանր հանցագործության հայտնաբերման կամ կանխման համար դա շնորհվեց։ Ինչեւէ, ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ԱԱԾ-ում այժմ նյութեր են պատրաստվում Կ. Պետրոսյանի դեմ, ավելի ճիշտ՝ արխիվից հանում են նրա պաշտոնավարման տարիների մութ գործերը: Ի դեպ, մեր աղբյուրները չեն բացառում նաեւ նրա հնարավոր ձերբակալությունը: