Աշխարհի լռությունը խախտելու համար

19/04/2006

ՀՀ-ում բնակվող ամերիկահայերն ապրիլի 24-ին «Դեղին ժապավեն» ակցիա են նախաձեռնում Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ: Ակցիան ուղղված է ՀՀ բարեկամ այն երկրներին, որոնց ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում հրապարակավ հերքել ցեղասպանության փաստը: Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ցեղասպանության մասին խոսելիս ասել էր, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դեսպանի այս խոսքերին հետեւեցին Պետդեպարտամենտի պատժամիջոցները: Նախ` դեսպանին ստիպեցին հրապարակավ «հետ վերցնել» այդ խոսքերը: Այդքանից հետո Էվանսին իբրեւ պատիժ ժամանակից շուտ հետ են կանչում: Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ 500 մ երկարության պարաններ են կապվելու եւ ակցիայի համախոհները պետք է դեղին ժապավեններ կապեն դրա վրա: Ի դեպ, դեղին գույնն ապագայի նկատմամբ հույսի խորհրդանիշն է: