«Ի՞նչ է՝ նկարում ես, որ տանես «Հայկական ժամանակում» կամ «168 Ժամում» տպե՞ս: Էդ ինչե՞ր եք գրում իմ մասին ձեր թերթերում: Էդ ո՞ւմ դեմ եք գրում, բա դուք չե՞ք վախենում: Էդ ո՞վ է ինձ մութ անտառ հրավիրում: Դե թող հրավիրի՝ ոտը վրից կպոկեմ: Բա՞»: Այս խոսքերի հեղինակը փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանն է, ով Ոստիկանի օրվա միջոցառման ժամանակ` մոտենալով մեր թերթի լրագրողին, սկսել է նման սպառնալիքներ տեղալ:
Հիշեցնենք, որ ընկեր Վարյանն իր անթաքույց «սերը» լրագրողների հանդեպ արտահայտել էր դեռեւս 2004թ. ապրիլյան հայտնի միջադեպի ժամանակ:
Ուղղակի տխուր էր, որ փոխոստիկանապետի «ոգեւորությանը» կողքից անտարբերությամբ նայում էին մի խումբ լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նույնիսկ` մի քանիսը նախագահի թիկնազորից: Իսկ ամենատխուրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն այդ օրը հենց նրան «լավ աշխատանքի» համար շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում, ու եւս մեկ անգամ ընկեր Վարյանի նմաններին հասկացրեց, թե ինչպես պետք է «վաստակել» նոր կոչումները:
Ահա, թե ինչպիսին պետք է լինել այս իշխանություններից «կոչում» պոկելու, նրանց կողքին կանգնելու ու ձեռքով բարեւելու պատվին արժանանալու համար: Իսկ վերջում ընկեր Վարյանին տեղեկացնենք, որ «168 Ժամն» իրեն երբեք անտառ, այն էլ՝ «մութ», չի հրավիրել ու չի էլ պատրաստվում: Մենք գոհ ենք նրա հետ հանրահավաքից հանրահավաք տեղի ունեցող շփումներից էլ: