Օրինացերկրացիները պնդում են, թե այդ տարիներին սեփականաշնորհման գործընթացն ուղեկցվել է հսկայական չարաշահումներով եւ ակնհայտ հանցագործություններով։ Թե ինչո՞ւ են նրանք միայն հիմա նկատել, որ «գործընթացն ուղեկցվել է հսկայական չարաշահումներով», մնում է ենթադրել. դե, նախընտրական տարի է, ու այդ ֆոնին դեռ շատ այլ բաներ էլ կհասցնեն նկատել: Օրերս ԱԺ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իրենց նկատածի առիթով դիմել է Գլխավոր դատախազություն` խնդրելով ուսումնասիրել 2001-2003թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի վերաբերյալ ԱԺ Վերահսկիչ պալատի եզրակացության արդյունքում հայտնաբերված խախտումների փաստերն ու դրանց համապատասխան ընթացք տալ: Սակայն ԱԺ նախագահի դիմումի մեջ խոսքը գնում է ոչ միայն 2001-2003թթ. մասնավորեցումների, այլեւ 2004-ի մասնավորեցումների մասին: Իսկ պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարման մասին ՀՀ կառավարության 2004թ. տարեկան հաշվետվության վերաբերյալ ԱԺ Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ հետաքրքիր ու ուսումնասիրության արժանի բաներ շատ կան: Այսպես, ըստ այդ եզրակացության, 2001-2004թթ. իրականացված սեփականաշնորհման ծրագրի կատարման ընթացքում խախտումների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Ըստ այդմ, չեն կատարվել ՀՀ կառավարության 09.04.2004թ. N 200-Ա որոշման պահանջները: Այդ որոշմամբ ՀՀ նախարարությունների եւ պետական կառավարման մարմինների կողմից ըստ ժամանակացույցի հաստատված 197 ընկերություններից ներկայացվել են միայն 92 ընկերությունների եւ պետական գույքի մասնավորեցման կամ լուծարման վերաբերյալ տեղեկություններ, որը կազմում է վերոհիշյալ որոշմամբ հաստատված քանակի ընդամենը 46,7%-ը: Եզրակացությունում նշված է նաեւ, որ ծրագրի գործողության ժամանակահատվածում (2001-2004թթ.) ՀՀ կառավարության կողմից մասնավորեցման կամ լուծարման են առաջարկվել ծրագրի ցանկում ընդգրկված 673 ընկերություններ կամ ծրագրի ցանկում ընդգրկվածների (1001) 67,2%-ը: Դրանցից մասնավորեցվել, լուծարվել կամ լուծարման ընթացքում են գտնվում 548 ընկերություն կամ ծրագրի ցանկում ընդգրկված ընկերությունների 54,7%-ը, այդ թվում` 2001-2003թթ. ժամանակահատվածում` 473 ընկերություն (47,3%): Ուշագրավ է Վերահսկիչ պալատի եզրակացությունում հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի՝ հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների գերակշիռ մասը (74%) մասնավորեցվել է ուղղակի վաճառքի ձեւով, այն դեպքում, երբ ՀՀ կառավարության 2004 թվականի բյուջետային ուղերձով ամրագրվել էր, որ «…Պետական գույքի մասնավորեցման ձեւերից նախապատվությունը կտրվի մրցույթին, ինչը կմիջնորդավորվի ներկայացվող ներդրումային ծրագրերի արժանահավատության եւ հիմնավորվածության գնահատման արդյունքներով…»: ԱԺ Վերահսկիչ պալատն արձանագրել է նաեւ, որ նշված ժամանակաշրջանում շարունակվել է մասնավորեցվող պետական գույքի նկատմամբ իրականացվել այն գնային քաղաքականությունը, որով պետական գույքի վաճառքի գները ՀՀ կառավարության որոշումներով հիմնականում սահմանվել են դրանց գնահատված արժեքի 25%-ի չափով, իսկ առանձին դեպքերում` էլ ավելի պակաս: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի գործունեության 2005 թվականի հաշվետվությունում նշված է «Օրբիտայի» օրինակը, որը վաճառվել է գնահատված արժեքի ընդամենը 5%-ով: Սակայն վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այս առնչությամբ լրագրողներին տեղեկացրեց, որ իրականում «Օրբիտան» վաճառվել է գնահատված գնով, սակայն գումարի որոշ մասը նրանք ներկայացրել են ներդրումների տեսքով: Ավելին, վարչապետն օրինացերկրացիներին հիշեցրեց, որ մասնավորեցման բոլոր գործընթացներից առաջ իրենց ներկայացուցիչները ներկա են եղել համապատասխան քննարկումներին, որի ընթացքում, սակայն, որեւէ ծպտուն չեն հանել ու չեն ընդվզել ներկայացված ծրագրերի դեմ:
Ինչեւէ, արձանագրելով, որ ըստ պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարման մասին ՀՀ կառավարության 2004թ. տարեկան հաշվետվության` առանձին նախարարությունների կողմից ստեղծված լուծարային հանձնաժողովներն աշխատանքներ են իրականացնում ընկերություններում, որոնց լուծարման մասին ՀՀ կառավարության որոշումները կայացվել են դեռ 1999 թվականին, ՎՊ-ն եզրակացնում է, որ այդ աշխատանքները կամ չեն իրականացվում, կամ իրականացվում են դանդաղ: ԱԺ Վերահսկիչ պալատը կառավարության վերը նշված հաշվետվության վերաբերյալ իր եզրակացությունում արձանագրել է, որ նշված ժամանակաշրջանում մասնավորեցման գործընթացին զուգահեռ իրականացվել են նաեւ ծրագրի ցանկում չընդգրկված եւ ծրագրով չնախատեսված պետության սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործարքներ: Ինչեւէ, կարելի է փաստել, որ նախընտրական տարին ունի իր առավելությունները: Օրինակ` որոշ բաներ սկսում են նկատվել: Բայց ցավալին այն է, որ ամենայն հավանականությամբ այդ նկատելն էլ է ձեւական: Օրինակ` նույն Ա. Բաղդասարյանը սահմանադրական հանրաքվեից հետո նկատել էր, որ լցոնումներ են եղել, նույնիսկ դիմեց Դատախազություն…: Ի՞նչ հետեւանք ունեցավ այդ նկատելը. առանձնապես ոչ մի: Ու հիմա էլ ասում են` խախտումներով են մասնավորեցրել: Ամեն դեպքում դժվար չէ ենթադրել, որ ԱԺ նախագահի` Դատախազություն ուղարկված այս մի դիմումն էլ հավանաբար կարժանանա հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ Դատախազություն ուղարկած նրա դիմումի ճակատագրին: Ու չի բացառվում, որ շուտով ՀՀ գլխավոր դատախազը դիմի լրատվամիջոցների աջակցությանն ու խնդրի օգնել իրենց եւ տեղեկություններ տալ, թե ինչ գիտենք մասնավորեցված օբյեկտների մասին: