Կեղծենք քարտերով

19/04/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Ամենայն հավանականությամբ, ԱԺ աշնանային նստաշրջանի նիստերին պատգամավորների գրանցումն ու քվեարկությունը տեղի կունենա հատուկ քարտերի միջոցով:

Իսկ քարտերով քվեարկության մեխանիզմի մտահղացումը բացատրվում է նրանով, թե այն հնարավորինս կբացառի մեկը մյուսի փոխարեն քվեարկելու մեր ԱԺ պատգամավորների համատարած մոլուցքն, ու մեր «դաշնակահար» պատգամավորները կսովորեն մեկ «դաշնամուրով» յոլա գնալու աշխարհում ընդունված պրակտիկային:

Իսկ մեզ մոտ, ինչպես գիտեք, հին ու բարի ավանդույթ է դարձել մեկը մյուսի փոխարեն քվեարկելը, եւ այնքան հին, որ արդեն բոլորը գիտեն, թե որ պատգամավորն ում փոխարեն է սովորաբար լիազորված քվեարկելու:

Աժ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով, եթե օրենսդրորեն արգելվի ուրիշի փոխարեն քվեարկելը, իսկ քվեարկելու դեպքում սահմանվի պատասխանատվություն, ապա դա կնպաստի նմանատիպ երեւույթների կրճատմանը: Պատգամավորներին` մեկը մյուսի փոխարեն քվեարկելուց հետ կպահի նաեւ քարտային համակարգով քվեարկության ներմուծումը: Սակայն այս դրույթը, Ռ. Պետրոսյանի կարծիքով, արդյունք կտա, եթե արգելվի քվեարկության ժամանակ քարտն ուրիշին տալը: «Եթե սահմանվեց քարտային կարգ, ապա պետք է նաեւ սահմանեն, որ ուրիշի փոխարեն ուրիշի քարտով արգելվում է քվեարկելը»,- խորհուրդ է տալիս Ռ. Պետրոսյանը: Իսկ դրանից հետո էլ շատ կարեւոր է պատգամավորի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Արդեն «ԱԺ պատգամավորի պահվածքի մասին» օրենքի նախագծում ամրագրվել են նմանատիպ բազմաթիվ դրույթներ, թե որ խախտման համար պատգամավորն ինչ պատժի կարող է ենթարկվել: Իսկ պատիժները սահմանվել են նախազգուշացումից, նկատողությունից մինչեւ հասարակական պարսավանք եւ աշխատավարձի մի մասից հետպահում: «Աշխարհի բոլոր երկրներում էլ այդ տույժերը կան, եւ մեզ մոտ այն չմտցնելը սխալ է, մանավանդ, որ Ազգային ժողովը հեղինակությունը լրիվ կորցրել է: Երբ ԱԺ պատգամավորները աշխատանքի չեն գալիս, միայն քվեարկության օրը գալիս են, քվեարկում ու գնում են, դա եւս նպաստում է ԱԺ հեղինակազրկմանը,- գտնում է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ շարունակելով,- իսկ եթե ուրիշի փոխարեն քվեարկելու արգելքը ֆիքսվի, պատժամիջոցներ կիրառվեն, ապա այդ դեպքում արդեն շատ պատգամավորներ կզգուշանան ու իրենց քարտն ուրիշին չեն տա, իսկ մյուսներն էլ կզգուշանան ու ուրիշի փոխարեն չեն քվեարկի»: Սակայն, ըստ նրա, դա հարյուր տոկոսով չի վերացնի այդ կարգազանցությունները, բայց էապես կնպաստի գոնե նման դեպքերի նվազեցմանը: Ռ. Պետրոսյանի հեղինակած «ԱԺ պատգամավորի պահվածքի մասին» օրենքի նախագիծն ԱԺ քննարկմանը կներկայացվի առաջիկա քառօրյայի ժամանակ: Սակայն, ինչպես ասաց պարոն Պետրոսյանը, «Կառավարության ներկայացուցիչը որոշ հարցերում համաձայն չէր օրենքի դրույթների հետ: Սակայն պետք է հասցնենք քննարկել ու մտցնել հաջորդ քառօրյա»:

«Իսկ ինչո՞ւ են պատգամավորներն իրենց ընկերոջ փոխարեն քվեարկում. ինչ-որ բանի դիմա՞ց են դա անում, թե՞ ոչ»,- հետաքրքրվեցինք պարոն Պետրոսյանից: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ մամուլում լուրեր եղան, թե փողատեր պատգամավորներն իրենց գործընկերներին վճարում են իրենց փոխարեն քվեարկելու եւ գրանցվելու համար: Այս առնչությամբ Ռ. Պետրոսյանն ասաց. «Բացառվում է, որ մեզ մոտ ինչ-որ բանի դիմաց դիմեն այդ քայլին: Ուղղակի չակերտավոր ընկերության արդյունքում է դա լինում, լավամարդ են ուզում լինել: Գիտեն, որ մի օր էլ իրենք բացակա կլինեն ու այդ պատգամավորն էլ իր փոխարեն կքվեարկի»:

Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Վերջինիս պատասխանն, ինչպես միշտ, օրիգինալ էր. «Եթե այն պատգամավորը, ում փոխարեն քվեարկել է ընկերը, չի բողոքել, ապա անհանգստանալու բան չկա,- ասաց Գ. Սահակյանը՝ նշելով,- 1995թ. անընդհատ ականատես եղել եմ նմանատիպ երեւույթների, բայց մինչեւ այսօր երբեք նկատելի չի եղել, որ որեւէ պատգամավոր ասի, թե ինչու են իր փոխարեն քվեարկել: Ընդհանրապես խորհրդարանում նման իրողություններ պատահում են: Բայց աշխարհի մի շարք երկրների խորհրդարաններում խմբակցության բոլոր պատգամավորների փոխարեն կարող է նույնիսկ մեկը քվեարկել»: Ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանին, ապա Գալուստ Սահակյանի խոսքերից պարզ դարձավ, որ մեզանում էլ որոշ պատգամավորներ եւս այդ սկզբունքով են առաջնորդվում: «Յուրաքանչյուր խմբակցություն ինքը որոշում է, թե ոնց է քվեարկելու: Ուստի դա զուտ տեխնիկական խնդիր կապահովի եւ ոչ թե սկզբունքային այնպիսի հարց, որը բնորոշ կլինի այս կամ այն խմբակցության համար»: Բայց պետք է նկատենք, որ օրենքով նախատեսված կարգով` ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրը պարտավոր է քվեարկել ինքն իր փոխարեն: «Դրա համար էլ հարցը զուտ տեխնիկական է եւ ոչ թե սկզբունքային»,- ամփոփեց պարոն Սահակյանը: Իսկ նմանատիպ թեկուզ «տեխնիկական» խնդիրների վերացման համար

Գ. Սահակյանը բոլորովին այլ առաջարկ ունի. «Ես կողմնակից եմ, որ խորհրդարանի բոլոր նիստերը ցուցադրեն հեռուստատեսությամբ, քանի որ դա որոշակիորեն զգոն կդարձնի պատգամավորներին: Համ էլ այդ ժամանակ նաեւ նրանք ավելի կակտիվանան»:

Աժ «Արդարություն» դաշինքի պատգամավոր Վարդան Մկրտչյանն էլ ամոթալի է համարում, որ նման երեւույթները պետք է օրենքով կանոնակարգվեն: «Ես ոչ թե բացասական եմ համարում քարտերի գաղափարը, այլ գործը հասել է նրան, որ ստիպված ման են գալիս այդպիսի գործելաոճի դեմն առնելու ճանապարհներ: Դա նշանակում է, որ ԱԺ-ն այնքան անպարտաճանաչ է, որ իրենց կարգի հրավիրելու համար նոր մեթոդներ են մտածում, տեխնիկա են օգտագործում: Մարդուն պետք է զսպի իր ազնվությունն ու պարկեշտությունը: Եթե այդ անձնավորություններն ընտրվեին ազնիվ եղանակով, արդար ընտրությունների արդյունքում, ապա հաստատ այդպիսի մեթոդների նրանք չէին դիմի»,- գտնում է ընդդիմադիր պատգամավորը: Թեեւ, ըստ Վ. Մկրտչյանի, եթե պատգամավորներն ուզենան նաեւ իրենց գործընկերների փոխարեն քվեարկել, ապա քարտային համակարգի ներդրումը եւս չի կարողանա զսպիչ դեր ունենալ: «Յուրաքանչյուր նորության դեմ կա իր հականորությունը, իսկ մնացածը կյանքը ցույց կտա»,- հայտարարեց Վ. Մկրտչյանը, ում կարծիքով, օրինազանց պատգամավորներին չի զսպի անգամ աշխատավարձից գումարի հետպահումը եւս:

Ուրիշի փոխարեն քվեարկելու գործում ամենաակտիվ խումբը, թերեւս, ԱԺ դահլիճի հետեւի շարքում նստած պատգամավորներն են: ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ նրանք «բավական գեղեցիկ ցուցադրական ելույթ ունեցան»` տապալելով ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի հաստատումը: Թեեւ դահլիճում ներկա էր 51 պատգամավոր, սակայն քվեարկության արդյունքում նրանց հաջողվում էր ապահովել 70 ձայն: Ու քանի որ կեղծիքն ակնհայտ էր, քվեարկությունները համարվեցին չկայացած, եւ որոշումներն այդպես էլ չընդունվեցին: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանը թեեւ նստած էր մենակ, սակայն քվեարկության ժամանակ պարզվեց, որ քվեարկել են նաեւ իր կողքին նստած չորս բացակա ընկերները: ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Մարտին Սուքիասյանը եւս, վերջին քառօրյայում բոլոր քվեարկություններին իր հեղինակավոր դիրքորոշումն արտահայտում էր ոչ միայն իր, այլեւ իր կողքին նստած բացակա ընկերների անունից: ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի պատգամավոր եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանն էլ գրեթե ամեն նիստի ու ամեն քվեարկության պարտաճանաչորեն քվեարկում է իր կողքին նստող, սակայն այդ օրը բացակա բոլոր ընկերների փոխարեն: Ու չնայած ամեն նմանատիպ քվեարկությունից հետո նիստը նախագահողները դիտողություններ են անում, իսկ Արշակ Սադոյանն էլ հերթական ամոթանքներն է տալիս, սակայն պատգամավորները մեկը մյուսի փոխարեն քվեարկելը ոչ միայն ամոթալի երեւույթ չեն համարում, այլեւ դա նրանց համար թասիբի հարց է:

Իսկ ինչ վերաբերում է «Օրինաց երկրին» կամ ՀՅԴ-ին, ապա նրանք լրագրողների աչքից վրիպում են զուտ այն պատճառով, որ առաջին շարքերում են նստում: Բնականաբար, նրանց մոտ եւս այս գործելաոճը հին ու չմոռացված սովորություն է:

Հ.Գ. Այդ համակարգի ներդրման համար պահանջվում են ֆինանսական միջոցներ, քանի որ ԱԺ նիստերի դահլիճում պետք է տեղակայվեն համապատասխան սարքավորումներ: ԱԺ աշխատակազմն արդեն դիմել է ՀՀ կառավարությանը` խնդրելով իրենց այդ նպատակով որոշ գումար հատկացնել: Սակայն երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանն ասաց, որ քանի դեռ իրենք չեն ստացել կառավարության պատասխանն ու համապատասխան գումարը, ոչինչ ասել չեն կարող: