Պատգամավոր Արզաքանցյանին ոչ ոք չի ծեծել

19/04/2006

«Հայկական «Գրեյթ Վելլի» գինու եւ կոնյակի ձեռնարկության սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ձեւացրեց, իբր իրեն ծեծել են, որպեսզի մոսկովյան խաղատանը չվերադարձներ մոտ 1 մլն դոլարի պարտքը»,- ասված է ռուսական «Վոդկա» էլեկտրոնային կայքում: Նույն աղբյուրի պնդմամբ, Մոսկվայում «Մեդիամաքսի» աղբյուրները տեղեկացրել են, որ այս տարվա հունվարի վերջին Տ. Արզաքանցյանը «Կուտուզով» խաղատանը տարվել է մոտ 1 մլն դոլարի խաղագումար, եւ քանի որ Արզաքանցյանի մոտ այդ պահին անհրաժեշտ գումար չի եղել, խաղատան ղեկավարությունը որոշել է նրան ընդառաջել` պարտքի մարումը 1 ամսով հետաձգելով: Հայաստանի ԱԺ պատգամավոր Տ. Արզաքանցյանը, սակայն, խաղատանը հայտնվել է մոտ 2 ամիս անց եւ փորձել է հիմնարկության ղեկավարության հետ կոնֆլիկտ ստեղծել` հույս ունենալով նման ձեւով շրջանցել պարտքի մարման անհրաժեշտությունը: «Մեդիամաքսի» աղբյուրների հավաստմամբ, ստեղծված իրավիճակում խաղատան անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել «կարգի հրավիրել» Արզաքանցյանին, սակայն վերջինս խաղատունը լքել է առողջ եւ անվնաս վիճակում: Այդ այցից մեկ շաբաթ անց Արզաքանցյանը հայտարարեց, որ, իբր իրեն ծեծել են, ինքը գտնվում է հիվանդանոցում, իսկ այդ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: «Vodka.com» ինտերնետային կայքի աղբյուրները հերքում են հայաստանյան ԶԼՄ-ներում տարածված այն հաղորդագրությունը, որի համաձայն, «Կուտուզով» խաղատան համասեփականատերերից մեկն ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է: «Մեդիամաքսի» փոխանցմամբ, Ռ. Հայրապետյանը խաղատան իր մասնաբաժինը դեռ 2 ամիս առաջ վաճառել է, եւ այս միջադեպի հետ ոչ մի առնչություն չունի:

Տ. Արզաքանցյանի բջջային հեռախոսները երեկ դարձյալ անջատված էին: Ասում են՝ նա քչերի հետ է շփվում այս օրերին, ու աշխատում է հնարավորինս գաղտնի պահել իր գտնվելու վայրի մասին: Մեզ ընդամենը հաջողվեց պարզել, որ նա դեռեւս Մոսկվայում է:

Կ.Թ.