Ատոմակայան` Թուրքիայում

19/04/2006

Մինչեւ 2015թ. Թուրքիան կունենա իր առաջին ատոմակայանը՝ 5000 մեգավատտ հզորությամբ: Կառավարությունը որոշել է Սեւ ծովի առափնյա Սինոփի շրջանում գործարկել երկրի առաջին միջուկային ռեակտորները: 6-8 տարվա ընթացքում կառուցվելիք այս ատոմակայանը պետք է ծածկի Թուրքիայի էներգետիկ կարիքների մոտ 5%-ը: Էներգետիկ ռեսուրսներով առանձնապես աչքի չընկնող Թուրքիայում էլեկտրաէներգիայի սպառումը տարեցտարի աճում է. պաշտոնական տվյալներով, 2020-ին Թուրքիային անհրաժեշտ կլինի 2 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան այսօր: «Ատոմակայանի կառուցումը շատ կարեւոր քայլ է: Այսօր պետության հրատապ խնդիրներից մեկն էներգակիրների հարցում անկախության ապահովումն ու այլ երկրներից ստացվող էներգակիրների դիվերսիֆիկացումն է: Սակայն այս հարցում կարեւոր է նախ լուծել ֆինանսական միջոցների խնդիրը. ատոմակայանը ամենածախսատարն է էներգետիկ կառույցների թվում»,- «Զաման»-ի փոխանցմամբ` ասել է Ստամբուլի Միջուկային էներգիայի ինստիտուտի պրոֆեսոր Ահմեդ Բայուլկեն: Օրերս Թուրքիայի էներգետիկայի նախարարը եւ միջուկային էներգիայի գործակալության տնօրենը հանդիպել են 14 խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ նրանց էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու առաջարկ արել: «Չեմ հասկանում, ինչո՞ւ են որոշ մարդիկ այս ծրագրին դեմ արտահայտվում: Նմանատիպ ատոմակայան ունեն Հայաստանը, Ֆրանսիան, աշխարհի այլ երկրներ: Եթե որոշ ուժեր մտահոգություններ ունեն, թող դիմեն նաեւ այդ երկրներին»,- գործարարների հետ հանդիպումից հետո ասել է Թուրքիայի Միջուկային էներգիայի գործակալության ղեկավարը: