Երեւանի Սննդի արդյունաբերության պետական քոլեջում երեկվանից անժամկետ դասադուլ է հայտարարված: Պատճառն այն է, որ քոլեջի տնօրեն Գետեւոն Ավագյանը, տարիքային սահմանափակման պատճառով այլեւս չկարողանալով պաշտոնավարել, պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել ԿԳ նախարարություն, իսկ վերջինս էլ քոլեջի տնօրենի նոր պաշտոնակատար է ներկայացրել կոլեկտիվին՝ Գիտելիքների գնահատման եւ տեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արմեն Փաշայանին, որի դեմ էլ իրենց բողոքն են արտահայում քոլեջի ուսանողներն ու դասախոսական կազմը: Սեպտեմբերին, ըստ կանոնակարգի, քոլեջում պետք է նոր տնօրենի ընտրություններ անցկացվեն: «Մի քանի ամսվա համար ինչո՞ւ են նոր տնօրեն բերել, թող մեր կոլեկտիվից մեկին նշանակեին որպես պաշտոնակատար, իսկ սեպտեմբերին արդեն ընտրություն անցկացվեր եւ տնօրեն նշանակվեր»,- բողոքում են մանկավարժները: Նրանց հատկապես մտահոգում է այն փաստը, որ նոր տնօրենի նշանակման հարցում նախարարությունն իրենց կարծիքը բոլորովին հաշվի չի առել, եւ հավատացած են, որ այս տնօրենի նշանակմամբ ԿԳ նախարարությունն ընդամենը կուսակցական հարցեր է լուծում: «Ո՞վ է Արմեն Փաշայանը,- դժգոհում է քոլեջի կոլեկտիվը, – ՊԱԿ-ի նախկին աշխատակից, նախկին «դաշնակցական», այժմ «Օրինաց երկրի» անդամ, ի՞նչ առնչություններ է ունեցել նա առհասարակ մանկավարժական գործի կամ մեր քոլեջի մասնագիտությունների հետ, ինչո՞ւ է նա հրաժարվում իր՝ 220.000 դրամ աշխատավարձով փոխտնօրենի պաշտոնից ու նախընտրում 25.000 դրամով այստեղ տնօրեն աշխատել»: Մինչ այս նրանք դիմում-բողոք են ներկայացրել եւ ԿԳ նախարարին, եւ ԱԺ նախագահին՝ խնդրելով քոլեջի տնօրեն ընտրել իրենց կոլեկտիվից: Խնդրանքը, փաստորեն, մերժվել է: Կոլեկտիվը համոզված է, որ բացի կուսակցական խնդիրներից, այլ պատճառներ եւս կան. «Մենք մտավախություն ունենք, որ նրանց նպատակը քոլեջն ընդհանրապես փակելն ու 2 մասնաշենքերը օտարելն է»: Նշենք, որ Արշակունյաց փողոցում, «Հայրենիք» կինոթատրոնի անմիջական հարեւանությամբ գտնվող քոլեջը զբաղեցնում է մոտ 8600քմ տարածք, որից 7000քմ-ն զբաղեցնում են 2 չորսհարկանի մասնաշենքերը, իսկ 1600քմ ընդհանուր բակային տարածքն է:
Քոլեջն այսօր 4 մասնագիտական կրթություն է ապահովում 360 ուսանողների համար՝ «Հանրային մթերքների տեխնոլոգիա», «Հացաթխման, մակարոնային եւ հրուշակեղենի արտադրություն», «Կաթի, կաթնամթերքների տեխնոլոգիա», «Կենսաքիմիական արտադրություն»: Քանի որ այլ բուհեր եւս այսօր այս մասնագիտությունների գծով կրթություն իրականացնում են, ուստի քոլեջի աշխատակազմը վախ ունի, որ ԿԳ նախարարությունը մի օր էլ կորոշի, որ այս քոլեջն ավելորդ է, ու կփակի: «Գյուղակադեմիան էլ այսօր ունի նմանատիպ բաժիններ, մասնավոր այլ հաստատություններ եւս կան, որ նման պրոֆիլի կրթություն են իրականացնում, եւ մենք էլ` տեսնելով, թե այսօր ինչ ճակատագրերի են արժանանում քոլեջները, վախենում ենք, որ այս լավ համբավ ու ավանդույթներ ունեցող քոլեջին էլ մի տխուր ճակատագիր բաժին կընկնի»,- ասում են քոլեջի մանկավարժները: Ուսանողների մտավախությունն էլ այն է, որ նոր մարդ կգա քոլեջ ու նոր վարքուբարք կբերի իր հետ: «Մենք միայն լսել ենք, թե ուրիշ բուհերում կաշառակերության ինչպիսի մթնոլորտ է տիրում, ինչպես են բուհ ընդունվում ու ավարտում, մեր քոլեջում երբեւէ նման բան չի եղել, մեր դասախոսները նույնիսկ թույլ չեն տալիս մի ծաղիկ նվիրել իրենց, եւ մենք չենք ուզում, որ այս հրաշալի մթնոլորտը որեւէ կերպ խաթարվի»,- ասում էին ուսանողները: Նրանց ցանկությունն էլ է, որ քոլեջի ապագա տնօրենը «ներսի մարդ» լինի: «Հատկապես, որ լավ կադրերի պակաս մենք չունենք»,- վստահեցնում են նրանք: Ի դեպ, ԿԳ նախարարին ուղղված նամակում՝ խնդրելով քոլեջի ապագա տնօրեն նշանակել քոլեջի կադրերից, նրանք նաեւ 5-6 թեկնածուների անուններ են ներկայացրել, ում մեջ տեսել են կրթական այս հաստատությունը կառավարելու հնարավոր ներուժը. «Այդ 5-6 հոգուց ում ուզում են՝ թող նշանակեն, դեմ չենք, միայն թե այս կրթօջախից լինի, այս կրթօջախի հարգն ու պատիվն իմացող եւ խնդիրները պատկերացնող մարդ լինի»: Իսկ ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, Գիտելիքների գնահատման եւ տեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արմեն Փաշայանին, ապա ասում են՝ «Մենք իր դեմ ոչինչ չունենք, թող սեպտեմբերին գա իր թեկնածությունը դնի, եթե ընտրվեց՝ կաշխատենք սիրով»:
Ի դեպ, ինչպես տեղեկացրին քոլեջից, երեկ դասադուլավորները բողոքի ակցիա են կազմակերպել Նախարարությունների շենքի մոտ, որից հետո ԿԳ նախարար Սերգո Երիցյանը հանդիպել է ուսանողներից կազմված պատվիրակության հետ: Դասախոսներին թույլ չեն տվել հանդիպմանը մասնակցել: Հանդիպումից հետո ուսանողներն ասել են, որ նախարարն իրենց «համոզել է, որ ամեն ինչ լավ կլինի»: ԿԳՆ լրատվության բաժնից տեղեկացրին, որ ուսանողները քոլեջի «դահլիճի, բուֆետի եւ այլ բարեփոխումների» վերաբերյալ հարցեր են քննարկել նախարարի հետ, ինչպես նաեւ՝ «նոր նշանակված տնօրենի վերաբերյալ իրենց ներքին խնդիրներն են քննարկել եւ ընդհանուր համաձայնության եկել»:
Մինչդեռ երեկ հանդիպումից հետո խմբագրություն զանգահարած քոլեջի աշխատակիցներն, ուսանողների եւ կոլեկտիվի անունից, հայտարարեցին, որ իրենք չեն պատրաստվում դադարեցնել դասադուլը, քանի դեռ իրենց խնդրանքին պատշաճ ուշադրություն չի դարձվել: