Մարգարեության շնորհի, աբսուրդի եւ բարեկամության մասին

19/04/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Իրոք որ պետք է մարգարե լինել` կանխագուշակելու համար, թե էլ ինչ կարող է պատահել վրաց-ռուսական հարաբերությունների հետ: Սակայն մարգարեական շնորհը դեռ կանխագուշակության ճշգրտության երաշխիք չէ: Այն, ինչ հիմա կատարվում է, աբսուրդի սահմանագծին է:

Ռուսաստանը փակում է վրացական գինիների մուտքն իր շուկա: Վրացական գինիների արտահանման ծավալի գրեթե 80%-ը Ռուսաստանին է բաժին ընկնում: Երեւի ավելորդ է ասել, թե ինչ է դա նշանակում մի տնտեսության համար, որը գտնվում է ոչ այն է` տեւական հոգեվարքի, ոչ այն է, հակառակը, երկարաձգվող ծնունդի վիճակում: Այս արգելքի պատճառը` թվում է, առավել քան հարգելի է. Վրաստանի պարծանքի մեջ հայտնաբերվել են մարդու համար չափազանց վնասակար պեստիցիդներ: Ի՞նչ պետք է անել նման դեպքում: Երեւի պահպանել սառնասրտություն, ստեղծել մասնագետների խումբ եւ ուղարկել Ռուսաստան` քաղաքակիրթ եղանակներով հարաբերությունները պարզելու ռուսական սանիտարական ծառայությունների հետ, համոզել, որ ստեղծվի համատեղ հանձնաժողով, լաբորատոր ստուգումներ անցկացնել, եւ եթե «դիագնոզը» հաստատվի, մեղա գալ, հասնել այն բանին, որ ռուսական կողմը համաձայնի շարունակել ալկոհոլային խմիչքների ներմուծումը, որի դիմաց վրացական կողմը կտրամադրի երաշխիքներ, որ այսուհետ նման բան չի կատարվի: Իսկ եթե անալիզները մաքուր են, ապա այստեղ բազմաթիվ տարբերակներ են հայտնվում` սկսած սիրալիր համաձայնագրից, վերջացրած միջազգային ատյաններին ուղղված դիմումներով: Բայց ոչ, տեղնուտեղը հետեւում է ամբողջ աշխարհով մեկ աղմկելը, թե սա քաղաքական ճնշում է: Իշխանության վերին էշելոնի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը (դրանից վեր գրեթե տեղ չկա) խոսում է այն մասին, որ այդ մասին տեղյակ կպահվեն ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը: Նրանք էլ իրենց հերթին կեսբերան քննադատում են Մոսկվային, սակայն, չգիտես ինչու, չեն շտապում գնել վրացական գինիներն ու փրկել Վրաստանի տնտեսությունը: Համեմատությունը տեղին չէ, բայց չկարողացա ինձ զսպել: Մեզնից ո՞վ փոքր ժամանակ չարաճճիություն չի արել: Եվ մեզնից ո՞ւմ չեն պատժել ավելի մեծերն ու ուժեղները: Եվ ո՞վ ի պատասխան դրա չի սպառնացել` հիմա մեծ եղբորս կասեմ, կիմանաս: Իսկ եղբայրը քեզ համար ժամանակ չունի, իսկ իմանալով քո ստացած կապտուկի պատճառը` ուղղակի «ցրում է»` մեղավոր ես, ինքդ գլուխ հանիր: Մոտավորապես նույն պատմությունն է: Բայց սա դեռ ամբողջը չէ:

Երկրի նախագահն առույգ տոնով խոսում է Չինաստանի հսկայական շուկայի մասին (մի՞թե նրա շրջապատում չկա մի մարդ, ով գոնե մի քիչ ծանոթ է այդ երկրի հետ. այնտեղ գինի խմելն ընդունված չէ): Հետո նա Շանհայում մտնում է ինչ-որ սուպերմարկետ, պատահաբար տեսնում վրացական գինիներ եւ խաղում մի տեսարան, որ շատ է հիշեցնում հայտնի «Զինվորի հայրը» ֆիլմի այն հատվածը, որտեղ գլխավոր հերոսը, թքելով տանկերի ու ինքնաթիռների վրա, հուզմունքից ու խղճահարությունից լաց լինելով` փորձում է ուղղել խաղողի թեքված վազը: Այս ամենը ցուցադրվում է Վրաստանի առաջատար հեռուստաալիքներով: Ինչի՞ համար: Ռուսաստանի վրա՞ տպավորություն գործելու, թե՞ չինացիների: Բայց նրանք ախր դժվար թե վրացական ալիքները դիտեն: Ուրեմն վրացի գինեգործների՞ համար: Իսկ նրանց ինչի՞ն է դա պետք: Սրան հետեւում է իրոք որ ցնցող գլուխկոնծի: Նախագահը վրացական գինիների գծով պատասխանատու է նշանակում ՊՆ նախարար Իրակլի Օքրուաշվիլուն: Ինչո՞ւ: Նախագահի խոսքերով` նա միշտ ամեն ինչ լավ է անում: Ի՞նչ է անում Բրյուսելում ՆԱՏՕ-ի հետ կարեւոր հանդիպման գտնվող Օքրուաշվիլին` իմանալով նախագահի հրամանի մասին: Նախ եւ առաջ հայտարարում է, որ բանակցություններ կվարի եվրոպական այն պետությունների հետ, որոնք գինի չեն արտադրում, որ չի բանակցելու ռուսների հետ, քանի որ դրա մեջ իմաստ չի տեսնում. Ռուսաստանի հետ որեւէ համաձայնության գալն անհնար է: Երկրորդ` իրեն հատուկ տոնով ատամների միջից ասում է, որ Թբիլիսի վերադառնալուց հետո բարձրացնելու է Գորիի եւ Սենակի շրջաններում գտնվող մի քանի գինու գործարաններ փակելու հարցը, որոնք կեղծ գինիներ են արտադրում: Այսինքն` խոստովանում է կեղծված գինիների գոյությունը: Ուրեմն էլ ինչի՞ համար էր արված Մոսկվայի կողմից քաղաքական ճնշումների մասին հայտարարությունը:

Այդ նույն ժամանակ Մոսկվա է մեկնում վրացի գինեգործների պատվիրակությունը` գյուղնախարարի գլխավորությամբ` փորձելով ելք գտնել ստեղծված իրավիճակից: Այնտեղ արդեն վերը հիշատակված նշանակումից եւ հայտարարությունից հետո ուղղակի քիչ է մնում հարցնեն` իսկ դուք ո՞վ եք: Վրացական պատվիրակությունը, համաձայն տարբեր լրատվամիջոցների հաղորդման, … ժխտում է Չինաստանում եւ Բրյուսելում արված հայտարարությունները: Մոսկվան էլ հետ չի մնում: Նա տեղնուտեղը հիշում է Օքրուաշվիլու հայտարարությունը` փակելու ենթակա գործարանների մասին: Տպավորությունն ուժեղացնելու համար կամ էլ անխելքությունից ռուսական կողմն ասում է, որ վաճառքից հանել է մոտ 1 մլրդ լիտր վրացական գինի: Այս ցուցանիշը համեմատական է հարաբերությունների ամբողջ պատմության ընթացքում Վրաստանից Ռուսաստան արտահանված գինու ողջ ծավալի հետ:

Եվ այստեղ թատերաբեմում նոր խաղացողներ են հայտնվում: Վրաց-մոլդավական գինիների տեղը գրավելու հայտարարությամբ հանդես է գալիս Տաջիկստանը, որը երբեք աչքի չի ընկել գինեգործության բնագավառում: Թբիլիսին իրեն թույլ է տալիս հիստերիկ արտահայտություններ անել ԱՊՀ-ի հասցեին առհասարակ եւ խոսում է ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին, քանի որ այնտեղ «այդպիսի» բարեկամներ կան: Դուշանբեն շփոթված ներողություն է խնդրում, իբր` շտապել ենք… Բայց, երեւի թե, իզուր: Քանի որ, ի տարբերություն Տաջիկստանի, որ բացեիբաց է խոսում իր մտադրությունների մասին, Մոսկվայի հետ բանակցություններ են վարում ԱՊՀ բոլոր այն անդամ-պետությունները, որտեղ շատ թե քիչ խաղող է աճում: