Օրերս ԼՂՀ Մարտունու շրջանի Շեխեր գյուղ էր այցելել գյուղում արդեն հայտնի բարերար Կարպիս Նիկողոսյանը: Նա ԼՂՀ քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանի հետ այցելել էր գյուղ՝ տեղում քննարկելու նոր ծրագրի՝ դպրոցի մարզադահլիճի կառուցման հետ կապված խնդիրները։
Հիշեցնենք, որ 2002թ. Շեխեր գյուղում շահագործման է հանձնվել միջնակարգ դպրոցի 132 տեղանոց նոր շենքը, որը կառուցվել եւ ամբողջությամբ կահավորվել էր ֆրանսահայ ամուսիններ, բարերարներ Կարպիս եւ Նիկոլ Նիկողոսյանների միջոցներով: Ամուսինները դպրոցի կառուցման ու կահավորման համար նվիրաբերել էին շուրջ 120 հազար դոլար: ԼՂՀ քաղաքաշինության նախարարի խոսքերով, դպրոցի մարզադահլիճի շինարարությունը կսկսվի մայիս-հունիս ամիսներին, որի համար պահանջվում է մոտ 120-130 հազար դոլար։ Բարերար Կ. Նիկողոսյանի խոսքերով, մարզադահլիճի շինարարությունը կկատարվի Ֆրանսիայի հայ համայնքի՝ Արցախի աջակցության ասոցիացիայի (որի նախագահն ինքն է) նախաձեռնությամբ։ Նորակառույց դահլիճում հնարավոր կլինի կազմակերպել ոչ միայն մարզական, այլեւ՝ մշակութային միջոցառումներ։ Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Համլետ Ղուլյանը նշեց, որ ներկայումս դպրոցն ունի 66 աշակերտ: Նրա փոխանցմամբ, պարոն Նիկողոսյանը տարին երկու անգամ այցելում է դպրոց, հետաքրքրվում դպրոցի ընթացիկ վիճակով, աշակերտների ուսման որակով եւ նույնիսկ սոցիալական հարցերով: «Մեր բարերարն օգնություն է ցուցաբերում նաեւ Արցախի Պետհամալսարանում սովորող գյուղաբնակ կարիքավոր ուսանողներին. 3 ուսանողների ուսման վարձը նա է տրամադրում»,- նշեց Հ.Ղուլյանը: Նա միաժամանակ փաստեց, որ դպրոցում բոլոր առարկաներից մասնագետներ ունեն, բացի օտար լեզվի մասնագետից, որի բացակայության պատճառով այդ առարկան տարիներ շարունակ չի դասավանդվում:
Ընդհանուր առմամբ, Շեխերում` մյուս գյուղական բնակավայրերի համեմատությամբ, շատ քիչ հիմնախնդիրներ կան. այստեղ խնդիրների մի մասը լուծում են ստանում բարերարների միջոցներով:
Համայնքի ղեկավար Բաղդասար Ղուլյանը տեղեկացրեց, որ գյուղում ներկայումս բնակվում է 410 մարդ, որոնք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, հացահատիկի արտադրությամբ: Ի դեպ, հացահատիկի արտադրությունը, գյուղապետի հավաստմամբ, գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրն է, չնայած անցյալ տարի շատերը դրանից շահույթ չեն ստացել` ցածր բերքատվության ու հացահատիկի ցածր գնի պատճառով: Գյուղապետի խոսքերով, մյուս տարիների համեմատ այս տարի մոտ 100 հա պակաս են հացահատիկ ցանել: Գյուղի երիտասարդները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով: Բացի այդ, գյուղում գործում է թիթեղների արտադրամաս, որտեղ աշխատում է 7-8 երիտասարդ, 6-7 հոգի աշխատում է շինարարությունում: Ազատ ժամանակ գյուղի երիտասարդությունը հավաքվում է Մշակույթի տանը, խաղում շախմատ, շաշկի կամ պարզապես զրուցում են: Չնայած այս ամենին, գյուղի երիտասարդների հետ զրույցից պարզ դարձավ, որ իրենց համար առաջնահերթ խնդիրը զբաղվածության հարցն է, ինչը կարող է երիտասարդների գյուղից հեռանալու պատճառ հանդիսանալ: Գյուղապետի խոսքերով, վերջին 10-12 տարվա ընթացքում գյուղից ոչ ոք չի հեռացել: Տարեկան այստեղ ծնվում է 7-12 երեխա, կան բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, որոնցից երկուսի համար արդեն տուն է կառուցվել, իսկ մեկի համար էլ նախատեսվում է կառուցել այս տարի: Գյուղն ամբողջությամբ գազիֆիկացված է: Ջրի, կապի, տրանսպորտի խնդիր գյուղում նույնպես չկա: Խնդիրը թերեւս գյուղամիջյան ճանապարհն է, բուժկետի եւ ակումբի նորոգման հարցը: Ճանապարհների բարեկարգման խնդրի լուծումը համայնքի ղեկավարը տեսնում է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական մարաթոններից մեկի ընթացքում գումարների հանգանակման միջոցով: Նրա խոսքերով, գյուղամիջյան ճանապարհների վերականգնման համար մեծ գումարներ են պահանջվում, որն ի վիճակի չեն ապահովել ոչ համայնքը, ոչ գյուղի բարերարները: