Թուրքիան՝ զինվորական նոր հեղաշրջման շեմին

19/04/2006 Արա ՍԱՐԳՍՅԱՆ

Պարսկաստանի ղեկավարության՝ շաբաթը մեկ ատոմային տեխնոլոգիաների կառավարման բնագավառում նորանոր հորիզոններ գրավելու տենդենցը հետապնդում է մեկ նպատակ. արդարացնել 90-ական թվականներին Ուկրաինայից գնված միջուկային մարտագլխիկների գործարքը: Հիշեցման կարգով ասեմ, որ այն ժամանակ Ուկրաինայում վարչապետ էր Պ. Լոզարենկոն, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, եւ Ուկրաինայում նրա նկատմամբ կա քրեական հետապնդում՝ 100 մլն ԱՄՆ դոլար գրպանելու մեղադրանքով: Հետաքրքիր խաղ է ստացվում: Մի կողմից` ԱՄՆ-ը գիտեր եւ թույլատրել է Պ. Լոզարենկոյին` Իրանին վաճառել միջուկային զենք (ԱՄՆ-ը այժմ որպես պատվավոր վկա-հյուր իր մոտ է պահում Լոզարենկոյին), իսկ մյուս կողմից՝ Իրանին մեղադրում է միջուկային զենք ձեռք բերելու, դրան տիրապետելու մեջ: Սա շատ նման է 80-ականներին, ԱՄՆ գիտությամբ եւ թողտվությամբ, Նիդեռլանդներից Պակիստանին ատոմային եւ միջուկային տեխնոլոգիաներ տրամադրելու օպերացիային:

Պարսկաստանի ղեկավարությունը, լավ հասկանալով ԱՄՆ-ի իշխանությունների խորամանկությունները, նրանց հետ խաղում է նույն խաղի կանոններով` խորամանկությամբ: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ Պարսկաստանն ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններից դուրս մղեց միջնորդ Ռուսաստանին եւ ԵՄ եռյակին ու մնաց մեն-մենակ ԱՄՆ-ի հետ՝ Մերձավոր Արեւելքի գլոբալ խաղադաշտում:

Այսպիսով, ԱՄՆ-ը եւ Իրանը միասին պետք է որոշեն Իրաքի ճակատագիրը, Աֆղանստանի եւ Քրդստանի հետագա կարգավիճակը: Իրանը ԱՄՆ-ի հետ այժմ այդ խնդիրների շուրջ ինտենսիվ բանակցությունների մեջ է, որոնք անց են կացվում Բաղդադում եւ Ժնեւում:

Ամենայն հավանականությամբ, այդ բանակցությունները կձախողվեն եւ ռազմական գործողությունները կդառնան անխուսափելի Իրանի համար: Իրանին միջուկային ներուժից զրկելու համար ԱՄՆ-ը պատրաստվում է Թուրքիայի տարածքից (ք. Ինջիռլիկ եւ ք. Դիարբեքիր) օդային հարվածներ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտներին, օդակայաններին, ՀՕՊ համակարգին:

Ստացվում է, որ Թուրքիան ինքնաբերաբար հարձակվում է Իրանի վրա: Կարծում եմ, դա լավ են հասկանում նաեւ Թուրքիայում: Թուրքերն այլընտրանք չունեն, քանզի իրենք, չնայած իրենց ռազմական ներուժին, գտնվում են փլուզման եզրին: Այս դեպքում, կարծում եմ, Թուրքիան կլինի նախահարձակը եւ կփորձի իր ձեռքը վերցնել իրադարձությունների զարգացման, կարգավորման եւ ուղղորդման գործընթացները:

Իսկ ինչպիսի՞ն է թուրքական զինված ուժերի վիճակն այժմ:

Այս խնդրին անդրադառնալուց առաջ փաստենք միայն, որ Թուրքիայի իրական իշխանությունը գտնվում է զինված ուժերի հրամանատարության ձեռքում: Միայն վերջին 40 տարիների ընթացքում Թուրքիայում զինվորականներն իրականացրել են 4 ռազմական հեղաշրջում. 1960թ., երբ առկա էր Կարիբյան ճգնաժամը, 1971թ.` Իսրայելապաղեստինյան եւ Արաբական պատերազմը, 1980թ., երբ սկսվել էր Իրան-Իրաքյան պատերազմը եւ ԽՍՀՄ ռազմական մուտքն Աֆղանստան, եւ վերջապես` 1997թ., երբ թուրքական բանակի գլխավոր շտաբը ստիպեց հրաժարական տալ այն ժամանակվա վարչապետին, նույն ինքը` իսլամիստների լիդեր Նեջմեթթին Էրբաքանին: Այդ թվականին նախապատրաստվում էին ԱՄՆ կողմից Իրաք ներխուժման եւ Մեծ Մերձավոր Արեւելք ծրագրի իրականացման գործընթացները, որը շարունակվում է մինչեւ այժմ եւ դրա հետեւանքները Թուրքիայի զինվորականները լավ հասկանում են: Ըստ այդ ծրագրի՝ նախատեսվում է Քրդստան պետության կազմավորում, որն էլ իր հետեւից կբերի Թուրքիայի տարածքային ամբողջականության խախտման: Եվ երբ խոսք է գնում Թուրքիայի տարածքների ու սահմանների խախտման կամ քեմալական պետության հիմքերի սասանման մասին, գործին միշտ խառնվում են Թուրքիայի պետության հիմնական ղեկավար այրերը` ի դեմս զինված ուժերի գլխավոր շտաբի: Դա վերջին 40 տարիների ընթացքում եղել է 4 անգամ, որը, ի դեպ, թույլատրված է Թուրքիայի սահմանադրության 111 եւ 118 հոդվածներով: Ասվածից կարելի է անել այն եզրակացությունը, որ մոտ ժամանակներս, մինչեւ մեկ տարվա ընթացքում, Թուրքիայում տեղի կունենա հերթական զինվորական հեղաշրջումը: Թերեւս դրանով կարելի է նաեւ բացատրել քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ակտիվացումը եւ «բախումները» (իրականում՝ ապստամբություն) Թուրքիայի քրդաբնակ շրջաններում, ինչպես նաեւ` «Հըզբ ութ Թախըիրի»` իսլամական խմբավորման առաջնորդ Ջըհանգիզ Քաբաթաշի ձերբակալությունը: Ի դեպ, վերջիններս պայքարում են Թուրքիայում Իսլամական Խալիֆաթի ստեղծման համար, այսինքն՝ նրանք դրանով իսկ խախտում են Թուրքիայի սահմանադրության 111-րդ հոդվածը: Սա իր հերթին թույլ է տալիս Թուրքիայի զինվորականներին «ձեռքերը շփել» եւ գործի անցնել, առավել եւս, որ որոշ քաղաքագետների կարծիքով, թուրքաիսլամիստների թիկունքում կանգնած են Իրանն ու ԱՄՆ-ը: Այս դեպքում Թուրքիայի միակ ռազմավարական դաշնակիցը մնում է Իսրայելը, որը եւ ամենայն հավանականությամբ հովանավորել եւ ֆինանսավորել էր 1997թ. զինվորական հեղաշրջումը Թուրքիայում: Իսկ Իսրայելն այսօր իր հերթին արդիականացնում է թուրքական բանակը, զբաղված է այդ բանակի վերազինմամբ: 2000 թվականից սկսվել է թուրքական բանակի վերազինման եւ արդիականացման ծրագիրը՝ 30 տարվա կտրվածքով, 150.0 մլրդ դոլար արժողությամբ: Միայն այս տարի Իսրայելը Թուրքիային կմատակարարի 1,5 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա. դա վերաբերում է 200 թուրքական Patton M 48 տանկերի վերազինմանն ու արդիականացմանը, անօդաչու թռչող ինքնաթիռների մատակարարմանը, ինչպես նաեւ` F-4 Phantom եւ F-5 ինքնաթիռների տրամադրմանը: Այսօր Իսրայելում հատուկ Թուրքիայի ԶՈւ-ի համար պատրաստված է նոր տիպի տանկ, որը Թուրքիան պետք է գնի սեփական երկրում սերիական արտադրության կազմակերպման համար: Նախատեսված է առաջիկայում թողարկել 1000 այդպիսի տանկ, 6,0 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Վերջերս Անկարայում էր գտնվում Իսրայելի զինվորական պատվիրակությունը՝ գեներալ Ամոս Յարոնի գլխավորությամբ, որի ընթացքում թուրքական բանակի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի` Իսրայելը կհամագործակցի նաեւ թուրքական բանակի ցամաքային ուժերի հետ եւ դրանով իսկ կփակի ողջ ռազմատեխնիկական համագործակցության ցիկլը (մինչ այժմ Իսրայելը համագործակցում էր թուրքական բանակի ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային նավատորմի հետ): Սրանով են պայմանավորված նաեւ Թուրքիայի կողմից Իրանի նկատմամբ ցամաքային ագրեսիայի նախապատրաստման ծրագրերը: Այսինքն, Իսրայելն իր վաղեմի թշնամու` Իրանի վրա փորձում է հարձակվել Թուրքիայի միջոցով եւ Թուրքիայի տարածքից: Իսկ եթե սրան ավելացնենք նաեւ այն փաստը, որ Իրաքի Քրդստանը հիմնականում գտնվում է Իսրայելի աշխարհաքաղաքական տիրապետության տակ, ապա իրավիճակը հասկանալի կդառնա: Քրդական գործոնն Իսրայելի ձեռքում այն հերթական խաղաքարտն է, որով նրանք նախապատրաստում են Պարսկաստանի արեւմուտքում քրդերի բնակության շրջաններում (այնտեղ ապրում են մոտ 6,5 մլն քուրդ) կազմակերպել հակակառավարական խռովություններ:

Այժմ համառոտ կերպով անդրադառնանք թուրքական ԶՈւ վիճակին: Թուրքական բանակն այժմ կազմավորված է 660 հազ. զինվորականներից, որից 560 հազ. գտնվում են ցամաքային ուժերի տրամադրության տակ: Ցամաքային զինված ուժերի տրամադրության տակ են գտնվում նաեւ 4 բանակային շտաբները, 10 կորպուսային շտաբները, 5 դիվիզիաների շտաբները, 42 բրիգադաները (որից 14` զրահատանկային, 15` մեքենազորային, 9` հետեւակային եւ 4` հատուկ նշանակության), 7 գնդերը, այդ թվում՝ նախագահական գվարդիա, հետեւակային եւ 5 սահմանային պահպանության, ինչպես նաեւ` 26 առանձին սահմանային պահպանության բատալյոնները: Թուրքական բանակի ռազմաօդային ուժերի անձնակազմը բաղկացած է 56 հազ. զինվորականներից, իսկ ռազմածովային ուժերինը` 59,8 հազ. զինծառայողներից, որից ծովային հետեւակների թվաքանակը միայն Սեւ ծովի ավազանում կազմում է 2980 մարդ: Ի դեպ, Սեւ Ծովի ավազանում տեղաբաշխված ծովային հետեւակների ընդհանուր թվաքանակի մեջ 44 համարի կոշիկ հագնում է 413 ասկյար, իսկ թվով 2460 մարտիկ օգտագործում է թուրքական արտադրության սիգարետներ, այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում նրանցից բժշկական օգնության է դիմել 612-ը եւ այլն, եւ այլն: Թուրքական ԶՈւ տրամադրության տակ գտնվում են նաեւ 4200 տանկ, 3500 զրահամեքենա, 4300 հրանոթ եւ հաուբից, 750 ռազմական ինքնաթիռ, մոտ 100 հարվածային ուղղաթիռներ, 16 սուզանավ եւ մոտ 500 տարբեր դասի ռազմանավեր, որոնցից միայն Սեւ ծովում` 72 ռազմական նավ եւ 52 ռազմական կատեր: Ի դեպ, Թուրքիան պատրաստվում է գնել ռուս-իսրայելական արտադրության 150 հատ Ka-50-2 «Էրդոգան» փաղաքշական անվամբ հարվածային ուղղաթիռներ, որոնք դասվում են Չյորնայա ակուլա» դասին: Համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.0 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում, նախատեսվում է նաեւ այդ ուղղաթիռների արտադրության արտոնագրի վաճառքը Թուրքիային` տեղում դրանց թողարկումը կազմակերպելու նպատակով: Հիշեցման կարգով նկատեմ, որ այդ ուղղաթիռները զինված են «օդ-օդ» դասի «Իգլա» հրթիռներով, ինչպես նաեւ «Ատակա» դասի նորագույն կառավարվող հրթիռներով, որոնք դեռեւս ռուսական բանակի տրամադրության տակ նույնիսկ չկան: Չձանձրացնելով` միայն ասեմ, որ Թուրքիան ամենայն լրջությամբ նախապատրաստվում է Պարսկաստանի վրա ռազմական հարձակման, եւ այս սպասվող, հավանական պատերազմում կհաղթի նա, ով թերեւս առաջինը կանցնի հարձակման:

Իսկ Երեւանո՞ւմ. Երեւանում այդ նույն ժամանակ խոսում են Հրազդանի ՋԷԿ-ի վաճառքի մասին: Իմ կողմից ավելացնեմ միայն, որ ռուսները ՋԷԿ-ը չէին գնում 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005 թվականներին այն պարզ պատճառով, որ դա իրապես ռուսական կողմի համար տնտեսապես ձեռնտու չէր եւ հիմա էլ ձեռնտու չէ: Բա ի՞նչը փոխվեց, կամ «ո՞ւմ մատն է խառը»: Այստեղ հաստատ խառն է ամերիկացիների մատը` ի դեմս «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի, որով Հայաստանը պարտավորվում է իրականացնել ԱՄՆ-ի նպատակները տարածաշրջանում` ազատագրված տարածքներում «խաղաղապահների» տեղաբաշխմամբ, 2007-2008թթ. ընտրությունների ամերիկյան սցենարի իրականացմամբ, Մարգարայի կամրջի բացման եւ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման ժամանակ՝ հակաիրանական բլոկին Հայաստանի անդամագրմամբ: Այդ ծրագրի համաձայն, Հայաստանը, հնարավոր է, ստանա 236 մլն դոլար (առաջիկա 5 տարվա կտրվածքով), եթե կատարի ԱՄՆ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները (եթե իրեն խելոք պահի): Ընդ որում, այդ գումարից այս տարի ՀՀ կառավարությունը միայն կարող է ստանալ ընդամենը 6.0 մլն դոլար: Ռուսները դա լավ հասկացան եւ Հայաստանին առաջարկեցին ամերիկացիների խոստացած գումարից շատ ավելին եւ կանխիկ («նաղդ»): Առավել եւս, ըստ մեկնաբանությունների, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը կիսակառույց էր եւ դուրս գրման ենթակա: Սա ռուս-ամերիկյան (բա Ֆրանսիա՞ն, Ֆրանսիան էլ խոստացավ էժան ավիատոմս՝ Մեծ Վարպետ Շառլի համար, որն էլ ժամանել էր մեր եվրոպական «զոքանչ-մամայի՝ Նատալյա Իվանովնա Շիրակի «տղամարդկային խոսքը ասելու») մրցակցություն էր, եւ նրանց խաղի («մատը խառն է») արդյունքն էր: Մտածել, որ դա կազմակերպել էին հայրենի քաղաքագետներն ու պատգամավորները՝ առնվազն ծիծաղ կառաջացնի. նրանք հազիվ կազինոներում կռիվ անեն, խանութներից կոստյում գողանան ու աստղաբաշխական գումարներ քամուն տան: Ավելի լավ կլինի, օտարերկրյա խաղատներում տանուլ տալու փոխարեն, այդ գումարները բաժանեն Արցախյան ազատամարտի զոհերի ընտանիքներին, վիրավորներին ու հաշմանդամներին: Առավել եւս` երբ տարածաշրջանում նոր պատերազմի հոտ է գալիս: Հիմա կասեք` իրենց փողերն են, եւ ինչ ուզեն՝ այն էլ կանեն. համամիտ ենք, միայն դա թող անեն, եթե, իհարկե, կարողանան, ոչ որպես Հայաստանի Հանրապետության պառլամենտի անդամ, երկրի դիվանագիտական անձնագիրն էլ գրպանները դրած: Երեւի ճիշտ էր երկրի նախագահը, երբ ցանկանում էր «դրանց ականջները քաշել»: Ինչպես երեւում է` այլ մեթոդներ են անհրաժեշտ:

Հ.Գ. Սուրբ Զատիկի նախօրեին Մոսկվայից ժամանած հյուրերն ապշած էին մնացել Երեւանի շուկայում վաճառվող սիգայի գնից, երբ մեկ կիլոգրամանոց ձուկը հայ քրիստոնյաները վաճառում էին 12 դոլարով: Հայաստանցի որոշ օլիգարխների եւ «հասարակ» սիգավաճառների մասին ժամանակին ասել է Գ.Նժդեհը. «Ամեն մի ազգ տականք ունի, սակայն հայի տականքը կմնա անմրցելի»: Ո՞ր մեկի ականջը քաշես: