«Միլան» – «Բարսելոնա». վաղաժամ եզրափակի՞չ

19/04/2006

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգան թեւակոխում է վճռական փուլ։ Այսօր եւ վաղը տեղի կունենան կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները։ Իսպանական «Վիլյառեալը» եւ անգլիական «Արսենալը» խաղադաշտ դուրս կգան վաղը։ Իսկ այսօր միմյանց հետ կմրցեն իտալական «Միլանն» ու Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։ Ֆուտբոլասերներից շատերն այս հանդիպումը համարում են վաղաժամ եզրափակիչ։ «Միլանը» ներկայումս գտնվում է հիանալի մարզավիճակում։ Թիմն Իտալիայի առաջնության վերջին տուրում մրցում էր իր ամենաոխերիմ թշնամու՝ «Ինտերի» հետ, եւ հաղթանակ տարավ 1-0 հաշվով։ Հոգեբանական առումով դա շատ կարեւոր է ֆուտբոլիստների համար։ Նշենք, որ «Միլանը» դեռ չի կորցրել երկրի չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունները։ Առաջատար «Յուվենթուսը» վերջին տուրում սայթաքեց եւ ոչ-ոքի խաղալով «Կալյարիի» հետ՝ 2 կարեւոր միավոր կորցրեց։ «Յուվենթուսն» այժմ ունի 81 միավոր։ «Միլանն» առաջատարին զիջում է 5 միավորով, իսկ առաջնության ավարտին դեռ 3 տուր կա։ Սակայն միլանցիների հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այսօրվա՝ «Բարսելոնայի» հետ կայանալիք խաղի վրա։ «Բարսելոնան» գործնականում ապահովել է Իսպանիայի չեմպիոնի կոչումը։ Վերջին տուրում կատալոնացիները 1-0 հաշվով պարտության մատնեցին մյուս կիսաեզրափակիչի մասնակից «Վիլյառեալին»։ Հանդիպմանը չէր մասնակցում Ռոնալդինյոն։ Թեեւ թիմի ղեկավարները հայտարարեցին, որ բրազիլացին վնասվածք ունի, սակայն առավել հավանական է թվում այն վարկածը, որ մարզիչ Ֆրանկ Ռայկարդը Ռոնալդինյոյին հանգստանալու հնարավորություն է տվել կարեւոր խաղից առաջ եւ ավելորդ ռիսկի չի գնացել՝ ապահովագրելով նրան վնասվածքներից։ Իսկ այն, որ այս խաղը «Բարսելոնայի» համար շատ կարեւոր է, հաստատել է նաեւ Ռայկարդը։ Վերջինիս կարծիքով` «Միլանի» նկատմամբ հաղթանակը նոր էջ կբացի ոչ միայն «Բարսելոնայի» պատմության մեջ, այլ ընդհանրապես՝ համաշխարհային ֆուտբոլում։ «Բարսելոնան» մեծ թիմ է, եւ երկու խաղերի արդյունքում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը կապացուցի այդ մեծությունը։ Ես զգում եմ, որ թիմում հավաքված երիտասարդ խաղացողները կարող են այնպիսի ֆուտբոլ ցույց տալ, որի մասին կխոսեն գալիք սերունդները»,- ասել է Ֆրանկ Ռայկարդը։

Եթե «Արսենալ» – «Վիլյառեալ» խաղում բուքմեյքերներն առավելությունը տալիս են լոնդոնյան ակումբին, ապա այս խաղում ընդգծված ֆավորիտ չկա։ Ամեն դեպքում, սպասվում է գեղեցիկ եւ համառ պայքար։