Ռաուլն ու Ռոնալդոն կմնան «Ռեալում»

19/04/2006

Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Ռաուլն ու Ռոնալդոն հաջորդ տարի եւս հանդես կգան Արքայական ակումբում։ Այս մասին հայտարարել է ակումբի փոխնախագահ Էմիլիո Բուտագենիոն։ «Լուրեր են շրջում, որ Ռաուլով» հետաքրքրվում է «Լիվերպուլը», սակայն ոչ ոք մեզ հետ այդպիսի հարցով չի կապնվել։ Վերջին շրջանում Ռաուլին շատ են քննադատում, սակայն պետք է հասկանալ, որ բոլորի մոտ էլ կարող են լինել սեւ օրեր։ Վստահ եմ, որ նա շուտով ձեռք կբերի իր նախկին մարզավիճակը», – ասել է Բուտագենիոն։ Նա անդրադարձել է նաեւ Ռոնալդոյին. «Ռոնալդոն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է եւ պայմանագրով դեռ երկու տարի կապված է «Ռեալի» հետ։ Կարծում եմ, այստեղ խոսելու նյութ չկա»։

Արքայական թիմի փոխնախագահը մեկնաբանություններ է տվել նաեւ Անտոնիո Կասսանոյի առնչությամբ, որը շատ քիչ ժամանակ է անցկացնում խաղադաշտում։ «Այդ հարձակվողը մեծ տաղանդ ունի, բայց մենք նրանից ավելին ենք սպասում։ Մենք Կասսանոյին գնեցինք, քանի որ կարծում էինք՝ Ռաուլին հարկ կլինի վիրահատել։ Անտոնիոն այժմ քիչ է խաղում, սակայն երբ դուրս է գալիս խաղադաշտ, ամենեւին էլ վատ չի գործում։ Ամեն դեպքում, հիմնական կազմը որոշելը գլխավոր մարզչի գործն է»,- ասել է Բուտագենիոն։