Սառնարանը սառույցից մաքրելու համար ոչ մի դեպքում չպետք է օգտագործել դանակ կամ մետաղյա այլ առարկաներ. չի կարելի, օրինակ, սառցաշերտը կամ գոլորշիացուցիչին սառած-կպած մթերքները դանակով անջատել։ Խորհուրդ ենք տալիս այդ նպատակի համար օգտագործել տաք ջրով լցված մանկական սովորական հոգնա։
Սառնարանը մաքրելու համար պետք է շորի կտորը թրջել գինու քացախի մեջ եւ լավ սրբել (չմոռանալով նախապես անջատել սառնարանը)։
Հայտնի է, որ ատամի փոշին լավ հղկող հատկություն ունի, իսկ անուշադրի սպիրտը լուծում է ճարպերը, կեղտը։
Պատրաստեք 50 գ ատամի փոշու եւ 20-25 գ անուշադրի սպիրտի խառնուրդ։ Լրագրի թուղթը թրջեք այդ լուծույթի մեջ եւ դրանով շփեք սառնարանի արտաքին մակերեւույթը։ Սառնարանը ձեռք է բերում իր սկզբնական փայլը։
Սառնարանում պահվող մթերքի հոտը, հեղձուկ օդը վերացնելու ամենալավ միջոցը քացախն է։ Քացախով սրբելուց հետո սառնարանը պետք է լվանալ գոլ ջրով։
Եթե սառնարանի մեջ նեխահոտ է առաջացել, 1-1,5 կիլոգրամ սեւ հացը կտրատեք եւ դրեք դարակների վրա։ Հացը փակ սառնարանում մի քանի ժամ պահելուց հետո հոտը վերանում է։
Եթե երկար ժամանակ չեք օգտվել սառնարանից, ապա նախքան օգտագործելը դրա մեջ դրեք այրված շաքար։ Տհաճ հոտը կվերանա։
Որպեսզի սառնարանում օդի ճիշտ շրջանառությունը չխախտվի, դրա մեջ չափից շատ մթերքներ չպետք է պահել։ Օդի շրջանառության խախտումը կրճատում է մթերքների պահպանման տեւողությունը։
Գորգեր, վարագույրներ, կահույք
Գորգը մաքրելուց հետո լավ կփայլի, եթե այն սրբեք էթիլային սպիրտի մեջ թաթախված սպունգով։
Թանաքի հետքերը գորգի վրայից հեռացնում են կիտրոնի հյութով կամ մածունով։
Գորգերը չի կարելի փռել նոր լվացած, խոնավ հատակին։
Որպեսզի գորգը հավասարապես մաշվի, հարկավոր է ժամանակ առ ժամանակ տեղաշարժել։
Որպեսզի գորգը չփչանա փոշուց եւ ցեցից, հարկավոր է դրանց տակ փռել թերթեր, որովհետեւ տպագրական ներկերի հոտից դրանք ոչնչանում են։
Աստիճանների վրա փռված ուղեգորգերը նույնպես չեն փչանա, եթե դրանց տակ թուղթ փռեք։
Եփած թեյի մնացորդը մի թափեք։ Այն կարելի է օգտագործել գորգը մաքրելու, թարմացնելու համար։ Գորգի ամենակեղտոտ կամ բաց գույներին ցանեք թեյի մնացուկը։ 15-20 րոպեից հեռացրեք փափուկ խոզանակով։
Գորգը կարելի է մաքրել սենյակում։ Դրա համար պետք է պատրաստել հետեւյալ լուծույթը. երկու ճաշի գդալ լվացքափոշին լուծել մեկ դույլ ջրում եւ վրան ավելացնել մի փոքր անուշադրի սպիրտ։ Այդ լուծույթի մեջ թրջել սինթետիկ խոզանակը, քսել գորգի խավին, սկզբում թաց, ապա չոր շորով շփել գորգը։