Գործարանը շաքար չի արտադրում

17/04/2006

Օրերս Սեւանի շաքարի գործարանի տնօրեն Արմեն Առաքելյանը հայտարարել էր, որ գործարանը 2004թ. արտադրել է 650 տոննա շաքար, իսկ 2005թ.` ամսական 350-400 տոննա: Ա.Առաքելյանի խոսքերով, այս տարի ընկերությունը սկսել է արտադրել ամսական 700-750 տոննա պատրաստի արտադրանք, իսկ մինչեւ տարեվերջ պլանավորում է արտադրել 8000 տոննա շաքար: Դեռ ավելին, տնօրենը հավաստիացրել էր, որ հայկական շուկայում շաքարի գնի թանկացումը ձեռնարկության գործունեության վրա չի ազդել, քանի որ այդ գործընթացը պայմանավորված է Հարավային Ամերիկայից ներմուծվող հումքի միջազգային գնի բարձրացմամբ: Սրանք մոտ 10 օրվա տվյալներ են: Իսկ երեկ Ա. Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սեւանի շաքարի գործարանի գործունեության, արտադրության ծավալների եւ շաքարի թանկացման մասին ոչինչ չի կարող ասել, քանզի «այս պահին գործարանի աշխատանքները դադարեցված են»: Իսկ դա նշանակում է, որ տեղական շուկան «ժամանակավորապես» մնում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ֆլիտ Ֆուդ» ընկերության մենաշնորհային դաշտում:

Թեեւ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներով, Հայաստանում, որը տարեկան 100-120 հազար տոննա շաքար է ներմուծում, շաքարի իրացման ծավալների ավելի քան 90%-ը «Ֆլիտ Ֆուդինն» է: