ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն, նախօրեին Երեւանում նկարագրելով Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության կարգավորման ներկա փուլը, նշեց, որ եթե նախքան Ռամբույեն կար կիսով չափ լցված բաժակ, ապա Ռամբույեում չհաջողվեց գոնե մի փոքր ավելացնել բաժակի պարունակությունը:
«Մենք ուզում էինք, որ բաժակը կեսից մի փոքր ավելի լցվի, բայց դա չհաջողվեց: Այնուամենայնիվ, բաժակը չդատարկվեց, եւ ուրեմն բանակցային գործընթացը մահացած չէ»,- ասաց ֆրանսիացի դիվանագետը: Պետք է նկատել, որ թեեւ վերջին շրջանում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դարձյալ ակտիվություն է նկատվում, սակայն այդ ակտիվությունն առայժմ գործնական հետեւանքների հեռանկար չի նշմարում: Նկատելի է նաեւ, որ վերոնշյալ բաժակի պարունակությունն ավելացնելու հարցում զգալի ակտիվություն է ցուցաբերում ԱՄՆ-ը եւ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Դրա վկայությունն է նաեւ այն, որ բոլորովին վերջերս տարածաշրջան այցելած Սթիվեն Մանն առաջիկա շաբաթվա ընթացքում հավանաբար կրկին կայցելի տարածաշրջան: Հատկանշական է, որ նախօրեին Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն նշեց, որ չի բացառվում, որ ընթացիկ ամսվա վերջին կամ գալիք ամսվա սկզբին ինքը կրկին առաջինը կայցելի տարածաշրջան: Տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ-ն այնքան էլ խանդավառված չէ բանակցային գործընթացի վերջին ակտիվացումից: Ի տարբերություն իր ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում պատրաստվում են արդեն երկրորդ անգամ այցելել տարածաշրջան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, ով վերջին շրջանում չի եղել տարածաշրջանում, կարծեք թե առաջիկայում միտք էլ չունի իր գործընկերների օրինակով առանձին այցելել տարածաշրջան՝ այդպիսով նպաստելով «երկու կողմերի դիրքորոշումների հնարավորինս մերձեցմանը» (այսպես են պատճառաբանվում մյուս համանախագահների առանձին այցերը տարածաշրջան): Ավելին՝ Յուրի Մերզլյակով հերքել է այն լուրերը, թե ինքն էլ է առաջիկայում պատրաստվում առանձին՝ առանց մյուս համանախագահների, այցելել տարածաշրջան: Մերզլյակովը նաեւ «օգտակար եւ դրական» է որակել ապրիլի 5-7-ը Մոսկվա այցելած Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ունեցած հանդիպումը: Հիշեցնենք, որ ֆրանսիացի համանախագահ Բ. Ֆասիեն մոտ օրերս Բաքվում հայտարարել էր, թե առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կներկայացվեն «պրահյան գործընթացի» վրա հիմնված ԼՂ հարցի նոր առաջարկներ: Անդրադառնալով այդ նոր առաջարկներին՝ Յու. Մերզլյակովը նշել է, թե Վ. Օսկանյանը նոր առաջարկների հետ ծանոթացել է մինչեւ Մոսկվա այցելելը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը նշել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այդ նոր առաջարկների հանդեպ: «Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԱՄՆ նոր առաջարկները, որ ներկայացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, վերաբերում են հակամարտության կարգավորման սկզբունքներին»,- երեկ ասել է Մերզլյակովը: Վերջինս, անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ ակտիվացմանը, նշել է, թե համանախագահների միջեւ որեւէ մրցակցություն չկա, թե ով ավելի շատ կայցելի տարածաշրջան: Ինչեւէ, մայիսին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ այցը տարածաշրջան, որի նպատակն, ինչպես նշվել է, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպելն է, որի ընթացքում համանախագահները հույս ունեն, որ նախագահները վերը նշված բաժակը կեսից մի քիչ ավելի կլցնեն: Իսկ բաժակ լցնելու այդ օպերացիան համանախագահները հույս ունեն կազմակերպել, ինչպես նախօրեին Երեւանում նշեց Բ. Ֆասիեն, հունիս ամսվա ընթացքում, իսկ եթե չստացվի՝ հուլիսին: