Ուլտիմատում Արթուր Վահանիչին

17/04/2006

ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանին խիստ զայրացրել է այն հանգամանքը, որ հակառակ իր կոչին, այն է` դեմ քվեարկել «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ.» ծրագրի հաստատմանը, ՕԵԿ խմբակցության մի քանի պատգամավորներ քվեարկել են ձեռնպահ: Սակայն լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այն բանից հետո, երբ Բաղդասարյանը զայրացել է նրանց վրա, ՕԵԿ գործարար պատգամավորները գրավոր դիմում են ներկայացրել Բաղդասարյանին` հայտարարելով, թե իրենք որեւէ մեկից կախում չունեն, ուստի կարող են ցանկացած պահի դուրս գալ ՕԵԿ-ից: Ըստ մեր տեղեկությունների` այդ դիմումի տակ ստորագրել են պատգամավորներ Խաչիկ Պետրոսյանը, Գրիգոր Մարգարյանը, Սայադ Զախարյանը, Ալեքսան Պետրոսյանը, Սամվել Շահգալդյանն ու Մելիք Մանուկյանը: Սակայն վերոհիշյալ պատգամավորներից Ա. Պետրոսյանն ու Մ. Մանուկյանը մեզ հետ զրույցում ամեն կերպ հերքում էին այդ հանգամանքը: «Ես կարող եմ 100 տոկոս ասել, որ ընդհանրապես այդպիսի բան չկա: Բաղդասարյանը միայն իմ ընկերը չէ, եւ ես իմ ընկերոջ նկատմամբ այդպիսի բան չեմ կարող թույլ տալ»,- ասաց Ա. Պետրոսյանը: «Ես ոչ մի բան չեմ գրել, ես Բաղդասարյանին շատ հարգում եմ, ոչ էլ կգրեմ,- ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մ. Մանուկյանը` հերքելով իր կողմից որեւէ կուսակցության անդամագրվելու մասին լուրերը եւս։ -Եթե հարցեր ունենամ լուծելու, կգնամ, կլուծեմ, ոչ թե գրավոր դիմումներ կներկայացնեմ»: Նրանցից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպես են վերաբերվում կողմ քվեարկելու համար պատգամավոր Արտակ Սարգսյանին ՕԵԿ-ից հեռացնելու փաստին: «Ես որպես արտադրող չեմ զբաղվում քաղաքականությամբ: Դա մեր պրինցիպն է, եւ Արթուր Վահանիչն էլ էդ հարցով բիզնեսմենների վրա չի ճնշում, թողնում է քվեարկել այնպես, ինչպես ուզում են: Դեմոկրատական վերաբերմունք է: Համ էլ այդ մասին ես ձեզանից եմ իմանում»,- փոխանցեց Ա. Պետրոսյանը: Իսկ Մ. Մանուկյանի կարծիքով էլ. «Եթե գտել են, որ պետք է հեռացնեն, իրենք գիտեն` ճի՞շտ են արել, թե՞ սխալ»: Իսկ մեկ այլ ՕԵԿ-ական` Սայադ Զախարյանն էլ, թեեւ չէր խորացել Ա. Սարգսյանին հեռացնելու մանրամասների մեջ, սակայն կարծիք հայտնեց, որ «նրան դժվար հեռացրած լինեն նախօրեի քվեարկության համար»: «Ինքը իրեն մի տեսակ հեռու էր պահում խմբակցությունից, անկախ էր իրեն զգում, եւ երեւի դրա համար են հեռացրել: Մեր կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է եւ դժվար մարդուն հեռացնեն իր կարծիքի համար»,- փոխանցեց Ս. Զախարյանը:

Ի դեպ, նկատենք, որ ՕԵԿ խմբակցության վերոնշյալ պատգամավորները ներկայացնում են հենց այն գործարար խավը, որը երբեք որեւէ մեկի հետ պրոբլեմ չունի: Եվ նրանք կարող են ցանկացած պահի դուրս գալ ՕԵԿ-ից` համոզված լինելով, որ կորցնողը Ա. Վահանիչը կլինի, ոչ թե իրենք:

Ա.Գ.