Խոսքը ՀՀ էներգետիկ անվտանգության պրոբլեմի, մասնավորապես` բարձրացված գազի սակագինը մեղմելու նպատակով Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը Ռուսաստանին վաճառելու գործարքի մասին է: Այդ գործարքն արժանացավ ծայրահեղ գնահատականների` իշխանությունները որակեցին որպես դարի գործարք, իսկ ընդդիմությունը` դավաճանություն, հանուն իշխանության պահպանման պետականության մնացորդների վաճառք: Երեկ այդ թեմայի շրջանակներում «Հայելի» ակումբի հյուրերն էին ՀՀ նախկին վարչապետներ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն ու Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը:
«ԽՍՀՄ-ը Աֆրիկյան եւ Ասիական երկրների հետ ուներ ստրատեգիական հարաբերություններ: Իսկ ինչո՞ւմն էին կայանում այդ հարաբերությունները: Քանի որ այդ երկրներում իշխանությունը պատկանում էր ոչ թե ժողովրդին, այլ այն բռնազավթել էին, ուստի ստրատեգիական գործընկերությունը ԽՍՀՄ-ն անում էր ոչ թե ժողովրդի, ոչ թե այդ երկրի հետ, այլ ղեկավարության հետ էր»,- այսպիսի համեմատական եզրեր անցկացրեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը` ավելացնելով, որ ՀՀ-ՌԴ ստրատեգիական գործընկերությունը եւս այսօր այդ մակարդակի վրա է: «Հայաստանում ՌԴ տնտեսական հզորությունն անընդհատ մեծանում է: Կգա 2008 թիվը, եւ ՌԴ-ն կարող է ասել, որ գազի գինը դարձնում է 250 դոլար, եթե իր ուզած մարդը չլինի իշխանության գլուխ, իսկ եթե իր ուզած մարդը եկավ իշխանության, ապա գազի գինը կցածրացնի: Իհարկե, ՌԴ-ն այսպիսի պարզունակությամբ չի անի այդ ամենը, սակայն համապատասխան իրավիճակ կստեղծի ու նոր լծակ կգտնի Հայաստանի քաղաքական դաշտի վրա իշխելու համար»,- շարունակում է իր կանխատեսումներն ԱԺՄ նախագահը: Եվ այդ կոնտեքստում նա ամենեւին էլ պատահական չի համարում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից այդ գործարքին տրված հիացական գնահատականը: «Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն այդքան ուրախացած է: Ինքն ասել է, թե բոլոր լավ գործերում իր մատը խառն է: Բայց ես կասեմ, որ բոլոր այն դեպքերում, երբ Սերժ Սարգսյանի համար լավ է, ապա Հայաստանի համար վատ է»,- հայտարարեց Վ. Մանուկյանը: Իսկ որպեսզի ՌԴ դերը տնտեսական եւ քաղաքական առումներով նվազեցվի, պարոն Մանուկյանը կարեւոր է համարում էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը: Եվ ընդհանրապես, ըստ Վ. Մանուկյանի, Հայաստանը կորցրեց Ռուսաստանի ճնշման տակից դուրս գալու իր հնարավորությունը: «Ռուսաստանի հետ պետք է խոսել իրեն հասկանալի լեզվով: Ես գտնում եմ, որ երբ Ռուսաստանն ասաց` 110 դոլար, այդ դեպքում Հայաստանը պիտի ասեր՝ գազամուղի տրամագիծը մեծացնում եմ, հինգերորդ բլոկի համար պարսկական վարկը վերցնում եմ: Դե, գնացեք, ինչ ուզում եք, արեք: Այսինքն՝ միանգամից պետք էր օգտվել առիթից եւ ճնշման տակից դուրս գալ»,- ասաց ՀՀ առաջին վարչապետ Վ. Մանուկյանը: Իսկ ՀՀ մեկ այլ նախկին վարչապետի` Խոսրով Հարությունյանի կարծիքով էլ` ՌԴ-ն 2001 թվականից փոխել է իր արտաքին քաղաքական ռազմավարությունը: «Ռուսական քաղաքական միտքը գտնում է, որ ռազմաքաղաքական ռազմավարությունը սպառված է: Եվ հիմա ոգեւորված իր ունեցած էներգակիրների հաջողություններով, նա դրանք օգտագործում է իր շահերի համար այն տարածաշրջաններում, որտեղ ունի կենսական հետաքրքրություններ»,- ասում է պարոն Հարությունյանը: Եվ հիմա, ըստ նրա, ՌԴ-ն իր ունեցած գազն օգտագործում է ոչ միայն Հայաստանի ու Հարավային Կովկասի, այլ նաեւ` բոլորի նկատմամբ քաղաքական ազդեցություն ունենալու համար: Եվ պարոն Հարությունյանը կանխատեսում է, որ ՌԴ-ի վարած քաղաքականությունը ոչ միայն հեռանկարներ չունի, այլ նաեւ ուղղվելու է հենց իր դեմ: Իհարկե, ՀՀ-ն չի կարող կանխել կամ փոփոխել ՌԴ-ի վարած քաղաքականությունը, սակայն, ինչպես գտնում է Խոսրով Հարությունյանը, մենք կարող էինք օգտվել առիթից եւ ՌԴ-ին հասկացնել, որ իր վարած քաղաքականությունը չի համապատասխանում 1996թ. կնքած ռազմավարական գործընկերության պայմանագրի ոգուն: Ուստի նա առաջարկում է հարց բարձրացնել ՌԴ-ի առաջ, որպեսզի վերանայվեն այդ պայմանագրի որոշ դրույթներ, ինչպես օրինակ` ռազմաբազաների պահպանման ժամկետներն ու պայմանները: «Իմ կարծիքով` այս խնդրում գործադիր իշխանությունը մնացել է մենակ: Ռազմավարական կարեւորություն ունեցող հարցի համար ԱԺ-ն կարող է ավելի կարեւոր դերակատարում ունենալ եւ դառնալ գործադիր իշխանության քաղաքական թիկունքը: Բայց այսօր ԱԺ-ն մատնված է բացարձակ անգործության. դիտորդի կարգավիճակում է»,- ասում է պարոն Հարությունյանը: Մինչդեռ, չի կարելի թույլ տալ, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը վաճառվի որեւէ օտար պետության, լինի այն Ռուսաստանը, Իրանը թե մեկ այլ երկիր: «Ինչ վերաբերում է գազատարի 40 կմ-անոց հատվածին, ապա պետք է մի տեղից մի կերպ փող ճարվի, որ այն մենք կառուցենք, մերը լինի, եւ ոչ մի դեպքում գազատարը զիջել որեւէ մեկին չի կարելի»,- իր մտահոգություններն է հայտնում Խ. Հարությունյանը: Իսկ ի՞նչ կարող է անել տվյալ դեպքում Ազգային ժողովը, մանավանդ, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն, օրինակ, ընդգրկված չէ ԱԺ հաստատմանը ներկայացված մասնավորեցումների ցուցակի մեջ: Ըստ պարոն Հարությունյանի, ԱԺ-ն կարող է ընդունել օրենքներ, որոնցով կարգելվի էներգետիկ օբյեկտներն այլ երկրներին կամ այլ երկրի կազմակերպություններին վաճառելը: «Ի՞նչ Ազգային ժողով, այն այսօր Ռոբերտ Քոչարյանի ձեռքում դարձել է խաղալիք: Եթե այդ հարցերը մտցնեն ԱԺ, ապա միայն ընդդիմությունը փայլուն ելույթներ կունենա, բայց դրանից ոչ մի բան չի փոխվի»,- այսպես արձագանքեց Վազգեն Մանուկյանը: Թեեւ, ի վերջո, նա ստիպված եղավ նաեւ խոստովանել, որ այդ ամենի պատճառը ոչ միայն իշխանություններն են, այլ, որ «ընդդիմությունը թույլ է»:
Ի դեպ, երեկ եւ Վազգեն Մանուկյանը, եւ Խոսրով Հարությունյանը կանխատեսեցին, որ առաջիկայում ՌԴ-ն ավելի կթանկացնի գազի գները` դա հասցնելով անգամ 300 դոլարի: «Պետք էր բանակցային ռեսուրսն օգտագործել երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Եկեք գազի սակագինը ֆիքսենք թեկուզ 150 դոլար, բայց այդ գինն անփոփոխ մնա 10-15 տարի: Իսկ սա անհամեմատ ավելի կարեւոր է, քան թե ամեն 3 տարին մեկ նորից գնան բանակցեն»,- ասում է Խոսրով Հարությունյանը: Իսկ Վազգեն Մանուկյանին կարճաժամկետ պայմանագիր կնքելը հիմք է տվել կասկածել, որ «110 դոլարի մեջ նույնիսկ մերոնց խաղերն էլ կան, ես չեմ ուզում շատ խորանալ, քանի որ կընկնեմ ենթադրությունների գիրկը»: