Նրա հետ էր Օշական գյուղի բնակիչ Սպարտակ Եղիազարյանը, ով 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ` 2005թ. հանրաքվեի ժամանակ որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ եղել է 04/30 եւ 14/32 ընտրատեղամասի նախագահ: Ս. Եղիազարյանը, իր իսկ խոսքերով, եկել էր լրագրողների առաջ մեղքերի թողություն կատարելու եւ խոստովանելու, որ իր ձեռքով է կեղծել Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի ստացած ձայները` այն հաշվարկելով Ռոբերտ Քոչարյանի օգտին: Նույնը եղել է նաեւ հանրաքվեի ընթացքում:
«Նախագահական ընտրությունների
2 փուլերի եւ հանրաքվեի ժամանակ ներկայացրած արձանագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Անձամբ ես եմ թույլ տվել խախտումներ, եւ դա եղել է մեր ամբողջ մարզում,- ասաց Ս. Եղիազարյանը` ավելացնելով,- ընտրությունների ժամանակ խայտառակ իրավիճակ էր, բոլորս պետք է պաշտպանեինք Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, բայց քվեաթերթիկները հաշվելուց հետո պարզվեց, որ 12 տոկոս ձայն է հավաքել: Իրականում առաջին տեղում Ստեփան Դեմիրճյանն էր, իսկ երկրորդ տեղում` Արտաշես Գեղամյանը: Քվեաթերթիկների 60 տոկոսը պետք է տայինք Քոչարյանի օգտին, եւ մենք ստիպված բոլոր քվեաթերթիկները` լինի Դեմիրճյանի թե Գեղամյանի օգտին, հաշվել ենք Քոչարյանի հաշվին ու գրել ենք` Քոչարյան 60 տոկոս: Երկրորդ փուլի ժամանակ էլ մեր մարզում նույն բանը կատարվեց»:
Ս. Եղիազարյանը հայտարարեց, որ իրեն սպառնում էին, որ այդ տվյալները չապահովելու դեպքում իր երեխաներին կվնասեն:
Պատկերը նույնն է եղել նաեւ հանրաքվեի ժամանակ. «Մեզ նախօրոք բաժանվեցին 2 տեղամասի ընտրացուցակները, որի դիմաց գրված էին ընտրողների անձնագրի տվյալները, անուն-ազգանունն ու հասցեն: Դրանց դիմաց կեղծ ստորագրություններ են դրված, որովհետեւ մենք գիշերը տարանք տուն ու ստորագրեցինք:
Իրականում ընտրություններին մասնակցել է 60 մարդ, որից 30-ը քվեարկել են «այո», 22-ը` «ոչ», 8-ն էլ անվավեր է եղել: Բայց նախօրոք կազմած ներկայացրել ենք 1649 «այո» ձայն»,- երեկ հայտարարեց Օշական գյուղի բնակիչ, ընտրահանձնաժողովի նախագահ Ս. Եղիազարյանը: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է ինքն այդ մասին միայն տարիներ հետո հայտարարում, Ս. Եղիազարյանը պատասխանեց. «Անընդհատ վախեցրել են երեխաներով, երկու երեխա ունեմ. մեկն ուսանող է: Երեխաներս ուսանող են, ասել են` էս կանենք, էն կանենք, ահաբեկել են: Բայց էսօր վախս կորցրած եկել եմ ասուլիսի, հիմա էլ ճնշումները կշարունակվեն, բայց ես վախենալու ոչինչ չունեմ, քանի որ ձեզ հայտնել եմ արդեն»: Ս. Եղիազարյանը վստահեցնում էր, որ իշխանություններն այդ պարտականությունները հենց իր վրա էին դնում, որովհետեւ ընդամենը գյուղի «գրագետ ու ընտրություններից հասկացող մարդկանցից էր»: Ս. Եղիազարյանը երեկ հայտարարեց, որ այս տարիների ընթացքում ինքն անընդհատ դիմել է տարբեր մարմինների ու տեղեկացրել է, որ ինքն անօրինականություններ է թույլ տվել, սակայն բոլորն ուղարկել են տուն: «Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ հանցանքի համար, վախի տակ եմ արել, ու այլեւս չեմ կարող այսպես ապրել: Անընդհատ վախի տակ ապրելու իրավունք չունեմ, եւ ուզում եմ ինքնամաքրմամբ զբաղվել, մեղքերի թողություն անել:
Վախեցրել են անընդհատ, դուք չեք պատկերացնում` ի՞նչ են նշանակում նման ճնշումները էսօրվա հզոր մարդկանց կողմից,- ասաց Ս. Եղիազարյանը` թվարկելով, թե ում է դիմել եւ ինչ պատասխան է ստացել։ -Դիմել եմ նախագահական, Դատախազություն, Սերժ Սարգսյանին, որ հինգ րոպեով ինձ լսեն: Գրավոր պատասխանել են, որ նախարարը զբաղված է ու չի կարող ինձ ընդունել, ասել եմ, որ կատարել եմ նման խախտումներ: Ասում են` դիմի նախագահի վերահսկողական ծառայություն: Դիմում եմ` պատասխանում են` դիմի Դատախազություն: Ըտեղ էլ դիմում եմ` ասում են` գնա, ոչ մի դիմում էլ պետք չի: Տարբեր տեղեր եմ դիմել, ասել են` գնա: Ես հայտարարում եմ, որ ամբողջ մարզում է տեղի ունեցել նման գործընթաց»:
Ս. Եղիազարյանը պատրաստակամություն հայտնեց առաջիկա օրերին անուն առ անուն նշել այն պաշտոնյաների անունները` սկսած նախագահականից, ովքեր իրեն ահաբեկելով ստիպել են ընտրախախտումներ կատարել: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն այս առնչությամբ ասաց. «Մեղքերի թողությունը եկեղեցում է լինում: Եթե պետական պաշտոնյան չարաշահումը կատարելուց հետո հրապարակայնորեն մեղանչում է, նաեւ պետք է կարողանա իր հայցը տանել Դատախազություն: Այս հրապարակումից հետո Դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի նրա նկատմամբ ու հետաքննություն անցկացնի: Դրանից հետո, հենց գործը մտնի դատարան, մենք բոլորս կհետեւենք դրա զարգացումներին»:
Իսկ եթե դատարանը պարզի, որ նման խախտումներ, իրոք, եղել են, արդյունքները կվերանայվե՞ն` այս հարցին Լ. Մկրտչյանը պատասխանեց` չէ: