«168 Ժամ»-ի նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ «Մեծ անիվ» ընկերության ներկրած անիվների եւ մարտկոցների պատճառով այսօր վատ վիճակում են հայտնվել անիվներ արտադրող «Դողագործ» եւ մարտկոցներ արտադրող «Էլեկտրոն գոլդ» գործարանները:
«Մեծ անիվ» ընկերությունը «վերցրել» է նրանց շուկան: Հայտնի է, որ այդ ընկերությունը պատկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանին: Ավելի ուշ պարզվեց, որ նրա հետ բաժնետեր է նաեւ գեներալ Արշալույս Փայտյանը: Այս ազդեցիկ մարդիկ` օգտագործելով իրենց ունեցած լծակները՝ ապրանք ներկրելով, գրավել են տեղական արտադրողի շուկան: Որոշեցինք հետաքրքրվել` ի՞նչ վիճակում է այսօր այդ գործարաններից «Էլեկտրոն գոլդ» ընկերությունը, որի բաժնետերերը մեր տեղեկություններով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանն ու ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն են:
«Էլեկտրոն գոլդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1993թ.` նախկին «Էլեկտրոն» գործարանի բազայի վրա: Արտադրել է մեքենաների ու զինվորական տեխնիկայի մարտկոցներ եւ կատարել է միայն Պաշտպանության նախարարության պատվերը: Ինչ-որ իմաստով համարվել է ռազմական գործարան: Վերջին տարիներին ընկերությունում որոշել են մարտկոցներ արտադրել նաեւ լայն սպառման շուկայի համար: 60 ամպեր հզորություն ունեցող այդ մարտկոցները ՀՀ են ներկրվում տարբեր երկրներից: Ընկերության տնօրենի խորհրդական Զոհրաբ Զակեոսյանը հավատացնում է, թե իրենք կարող են ներկրվող մարտկոցներից ավելի որակյալն արտադրել: Բացի այդ, իրենց արտադրանքն ավելի էժան է լինելու. եթե ներկրվողն արժե 17.000 դրամ, ապա «Էլեկտրոն գոլդում» հաշվարկել են, որ կարող են շուկա հանել 15.000 դրամ արժողությամբ ավելի որակյալ մարտկոցներ: Բայց հիմա նրանք այս ծրագիրը չեն կարող իրագործել, որովհետեւ հումք ձեռք բերելու համար չունեն ֆինանսական հնարավորություններ. գործարանն այս տարի չի աշխատել: ՊՆ-ն այս տարի մարտկոցների պատվեր չի տվել: Մեր հարցին, թե ինչո՞ւ այլեւս ՊՆ-ն մարտկոցներ չի պատվիրում «Էլեկտրոն գոլդին», ՊՆ լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ սովորական տենդեր է հայտարարվել, որի արդյունքում «Էլեկտրոն գոլդը» պարտվել է, քանի որ թե գնի, թե որակի առումով մրցունակ չի եղել, իսկ մրցույթում հաղթել է «Մեծ անիվ» ընկերությունը: «Արդեն երեք ամիս է, մեր մոտ 100 աշխատողներին հարկադիր արձակուրդի ենք ուղարկել,- ասում է Զ. Զակեոսյանը: -Հիմա չգիտենք, թե ինչ պիտի անենք: Այդ նոր ծրագրի համար վարկ չենք կարող վերցնել, որովհետեւ բանկերն աշխատանք ունենալու մասին պայմանագիր են ուզում: Իսկ Պաշտպանության նախարարությունը մեզ հետ պայմանագիր չի կնքել»:
Անցած տարի նախարարության համար «Էլեկտրոն գոլդը» 260 մլն դրամի մարտկոց է արտադրել: Պարոն Զակեոսյանի ասելով` գործարանում կա զինվորական ներկայացուցիչ, որը ստուգում է արտադրանքի որակը, հետո նոր ընդունում: Բացի դրանից, իրենք 3 տարվա երաշխիք են տալիս: Այդ ընթացքում եթե մարտկոցը փչանա, գործարանը պետք է այն անվճար վերանորոգի: Իսկ «Մեծ անիվը» չունի այնպիսի հնարավորություններ, որ վերանորոգի փչացած մարտկոցը: Բացի այդ, չունի այն սարքավորումների բազան, որով ստուգի իր ներկրածի որակը:
«Իմ իմանալով` այդ ընկերությունը մարտկոցները ներկրում է նաեւ Թուրքիայից,- ասում է Զ. Զակեոսյանը: -Իմ կարծիքով` ավելորդ անզգուշություն է այդ երկրից նման ապրանք ներկրելը: Չէ՞ որ դա բանակի համար է եւ այդ պատճառով էլ զինամթերք է համարվում»: Զ. Զակեոսյանը մինչեւ հիմա էլ հույս ունի, որ Պաշտպանության նախարարությունն ի վերջո այդ պատվերը նորից «Էլեկտրոն գոլդին» կտա, եւ գործարանը հնարավորություն կունենա մարտկոցներ արտադրել նաեւ հասարակության համար: Եվ բնական է, որ դրանով նրանք կբացեն հավելյալ աշխատատեղեր: Իսկ հիմա իրենց աշխատողները պարապ մնալով կորցնում են մասնագիտական հմտությունը: